«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սցենարը խախտվեց. չեն խորշում զոհել մեր երիտասարդ զինվորներին». Մետաքսե Հակոբյան
«Արցախի իշխանությունների հրաժարականը դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո պետք է լիներ, սակայն 3 տարի պետք եղավ, որպեսզի իշխանություններն իրենք համոզվեն, որ այլևս հնարավոր չէ նրանց պաշտոնավարումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Երեք տարվա ընթացքում Արցախի իշխանություններն այդպես էլ չկարողացան կամք դրսևորել և որոշումներ կայացնել: Երեք տարվա ընթացքում Արցախի իշխանությունները որևէ որոշման հեղինակ չեն եղել: Եթե ինչ-որ որոշում կայացվել է, ապա դա եղել է արտաքին ճնշման պարագայում կամ նույնիսկ ներքին՝ դրսից կառավարվող ուժերի ճնշման ներքո: Հիմա մենք հասել էինք այն փուլին, որ եթե իշխանություններն այլևս չկարողանային որոշում կայացնել, ուղղակի պետք է կանգնեին և հայտարարեին Արցախի կործանման մասին: Այդ ժամանակահատվածը նորից բավականաչափ երկար տևեց: Իշխանություններին բազմիցս լուծման բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել, որոնք, ցավոք, չընդունեցին կամ ընդունում էին, որ չեն կարող կատարել այդ ծրագրերը՝ Արցախի փրկության»,- նշեց պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ վերջին իրադարձությունների ժամանակ, երբ գիշերային հավաք տեղի ունեցավ Արցախի ԱԺ-ում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է լսել առաջարկներ. «Մեր քաղաքական ուժը առաջարկեց իշխանությանը հորդորել, համոզել Հայաստանի և ՌԴ իշխանություններին՝ ստեղծել 3+1 ձևաչափով աշխատանքային խմբեր, որտեղ ներկայացված կլինեին Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և +1-ը՝ Արցախը՝ իր ներկայացուցիչներով, որտեղ կքննարկվեին առաջարկներ, պահանջներ, որոնք ունեն Արցախը և Ադրբեջանը միմյանց նկատմամբ, և այդ ձևաչափով որոշում կկայացվեր: Եթե նման գործընթացների գնալու ուժ չունեն իշխանությունները, հետևաբար, կարիք կա դերակատարի փոփոխման: Դա ասվել է այդ օրը՝ բոլորի ներկայությամբ, Արցախի նախագահը արձանագրում էր և ասաց, որ դա որպես առաջարկ է ընդունում, մեկ-երկու օրվա ընթացքում խորհրդատվություն կանցկացնի, իհարկե, մենք տեղյակ չենք՝ ում հետ են այդ խորհրդատվություններն անցկացվել, որից հետո արդեն հրապարակային իր որոշման մասին կհայտարարի: Ամեն դեպքում, դա տեղի չունեցավ, Արցախի նախագահը հրաժարականի որոշում կայացրեց»:
Հակոբյանի խոսքով՝ Արցախի նոր իշխանությունների դերակատարությունը պետք է լինի այն, որ օգտագործեն իրենց ողջ գործիքակազմը, ինչը, նրա գնահատմամբ՝ չէր անում Արայիկ Հարությունյանի իշխանությունը:
«Իրավիճակն այնպիսին է, որ որևէ մեկը իշխանության չի գալու ինքնանպատակ՝ ուղղակի իշխանություն ունենալու համար, հասկանալի է՝ պահանջները եկողից ինչպիսին են լինելու: Ինքը պետք է կարողանա իշխանական բոլոր լծակներն օգտագործել և հասնել այն ձևաչափին, ինչի մասին խոսում էինք, դա այսօր միակ հնարավոր և իրատեսական տարբերակն է, որպեսզի կարողանանք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ դեմ դիմաց նստել, խոսել և ինչ-որ բաներ պայմանավորվել: Ունենալով ժողովրդին համապատասխան իշխանություններ, մենք կկարողանանք այս իրավիճակում բեկում մտցնել և փորձել ի շահ Արցախի, Արցախի փրկության՝ ինչ-որ քայլեր իրականացնել»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Հայաստանի պրոիշխանական շրջանակների այն թեզերին, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականով փլուզվում է Արցախի պետականությունը, թե Արցախի նոր իշխանությունները լեգիտիմ չեն լինելու և այլն, Մետաքսե Հակոբյանը հետևյալն ասաց. «Սա չէր մտնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների գրած սցենարի մեջ, սա լրիվ խախտում է բոլոր իրենց պայմանավորվածությունները, որովհետև արդեն անզեն աչքով կարելի է տեսնել, որ ինչքան Արցախը դիմանում է, այնքան հետաձգվում է «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումը: Ինչքան Արցախը դիմանում է, այնքան Արցախի շուրջ և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ Ադրբեջանը սեղմում են օղակը, որպեսզի անհնարին լինի դիմանալ, և իրենք ինչքան հնարավոր է շուտ կնքեն այդ պայմանագիրը: Բնականաբար, այս իրադրության մեջ պետք է Հայաստանի պրոիշխանական թևը ամբողջությամբ խառնվեր իրար և փորձեր չեզոքացնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, և նման անմիտ հայտարարություններ անել: Ես կհիմնավորեմ՝ ինչպես է այդ ամենը լինելու, և որևէ վտանգ այդ առումով չի լինելու Արցախում:
Արցախում արդեն մեկ տարուց ավելի սահմանադրական բարեփոխումների գործընթաց էր տեղի ունենում, և վաղուց այդ փաթեթը ամբողջությամբ պատրաստ էր, մնում էր հանրաքվեի մեկնարկը տալ: Դա տեղի չունեցավ, սակայն, մինչ այդ Արցախի նախագահի նախաձեռնությամբ այդ փաթեթից մեկ հոդված ներկայացվեց Արցախի ԱԺ-ին և այն ընդունվեց: Դրանով կարգավորվում է Արցախի նախագահի հրաժարականի դեպքում ԱԺ կողմից նոր նախագահի նշանակման հարցը: Շատերը հենց դա են թիրախավորում, որ Արցախի ԱԺ-ն երբ ընտրություն կատարի, ապա դա չի լինի ժողովրդի ընտրությունը: Արցախի հայերը իրենց բոլոր հարցերի պատասխանները տեսնում են ԱԺ-ում և իրենք գալիս են ուղղակի ԱԺ: ԱԺ 5 քաղաքական ուժերը ներկայացնում են Արցախի Հանրապետության ժողովրդին, և ունեն հնարավորություն իրենց ընտրողների հետ բաց, անկեղծ զրույց ունենալու: Սա միանշանակ լինելու է լեգիտիմ իշխանություն: Բոլորը գիտակցում են, որ այս անգամ ընտրված նախագահը իր սխալվելու արդյունքում իր սեփական մահկանացուն է կնքելու, ընդհուպ, մինչև ֆիզիկական»:
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարց դեռևս չի քննարկել. «Նախագահի հրաժարականն ընդունելու համար 3 օր ժամանակ ունենք, այնուհետև 7 օր ժամանակ՝ թեկնածուների առաջադրման և ընտրության համար, բայց ես կարծում եմ, որ այս անգամ ԱԺ-ն որևէ տարաձայնություն պետք է չունենա, փորձի մեկը մյուսին հանգիստ լսել և, ի վերջո, ընտրել այն նախագահին, ով ի վիճակի է ժողովրդի հետ նույն ուղղությամբ քայլելու»:
Սոթքի այսօրվա դեպքերը Մետաքսե Հակոբյանը չի կապում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ. «Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երկրորդ՝ մենք ակնհայտ տեսնում ենք, որ երկու ուղղությամբ ճնշում կա: Ճնշում կա նաև այն առումով, որ խաղաղության պայմանագրով Ադրբեջանը չի ակնկալում ուղղակի Արցախը ձեռք գցել, ավելի մեծ նպատակներ ունի՝ Սյունիքի հանդեպ նկրտումներ, միջանցք, և այլն: Պետք է ուղղակի հասկանալ, որ մեր՝ կամք դրսևորելուն զուգահեռ, Ադրբեջանը մեծացնելու է իր ճնշումները: Ուղղակի ցավում եմ Հայաստանի մեր բոլոր հայրենակիցների համար, որ կա Ալիևի նարատիվները տարածող, Ալիևի տեսլականը կյանքի կոչող իշխանություն ՀՀ-ում՝ վարչապետի դեմքով, որոնք այսօր չեն խորշում նաև զոհել մեր երիտասարդ զինվորներին, որպեսզի կատարեն իրենց համատեղ սցենարը: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, պետք է կայծ լինի Հայաստանի համար, և փորձեն իրավիճակը շտկել այնպես, ինչպես փորձում ենք դա անել Արցախում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում