Իրանն ասում է՝ որոշել ես ինքնասպանվե՞լ, ինքնասպանվի՛ր, բայց ես իմ սահմանը թուրքին չեմ տալու. Արման Աբովյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ունենք մի իրավիճակ, որի հետ, չգիտես ինչու, հայ հասարակությունն ուղղակի հրաժարվում է առերեսվել։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ասում է՝ հայե՛ր, յուրաքանչյուր հայ, որը հանդգնել է դիմակայել ոչնչացմանը, հանցագործ է։
- Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն ակնհայտ ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական կողմն առհասարակ միտված է տարածաշրջանում հայկական էթնո-քաղաքական միավորումները ոչնչացնելուն։
- Թուրք-ադրբեջանական տանդեմն իր պանթուրանական նպատակների իրականացման համար առաջին հերթին պետք է տարածաշրջանից հեռացնի ռուս-իրանա-չինա-հնդկական տանդեմը։
- Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, միանշանակ այս կամ այն ձևաչափերով վերաբերելու է Հայաստանին։ Իսկ ի՞նչն է Թուրքիային ու Ադրբեջանին խանգարելու անել դա։
- Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որ Արցախը հայաթափվի, Հայաստանը ոչնչանա, ու ստեղծվի Անդրկովկասյան Սեյմը։
- Երբ անդրադառնում ենք ռուսական գործոնին՝ ռուս խաղաղապահներին, ՌԴ ԱԳՆ հայտարարություններին, մոռանում ենք, որ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, և դա չի նշանակում, որ դա նա անում է մեր հաշվին։ ՌԴ տեսակետը հետևյալն է՝ հայե՛ր, եթե դուք ուզում եք ինքնաոչնչանալ, ձեզ ոչ ոք չի խանգարելու։
- Տարակուսելի է, երբ մենք ռուսներից պահանջում ենք կատարել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները՝ ինքներս չեղարկելով դրանք։
- Պրահայի փաստաթուղթը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի բոլոր անվտանգային շերտավորումները չեզոքացրել է:
- Ցավն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումները միջազգային-իրավական առումով ընկալելի են։
- ՀՀ իշխանությունների դիրքորոշումներն Արցախի հարցում մահաբեր հեքիաթների շարան է, որը մեզ տանելու է մահվան։
- Ունենք մի գործընթաց, որը բերել է ՀՀ մասնատման գործընթացի մեկնարկի։ Ունենք մի իրավիճակ, երբ մեզ քողարկված, Օվերտոնի պատուհանի միջոցով պատրաստում են այն գործընթացին, որը գեներացրել են Թուրքիան և Ադրբեջանը։
- Թուրքերը՝ 800 տարի շարունակ, ու ադրբեջանցիները մի միլիմետր չեն շեղվել իրենց նպատակներից՝ անգամ գտնվելով այլ քաղաքական միավորումների ներքո։ Նախորդ դարի 60-70-ական թվականներին Նախիջևանն այնպես հայաթափվեց, առանց զենքի, որ միայն զարմանալ կարելի էր։ Եվ դա տեղի ունեցավ ԽՍՀՄ ներքո, որտեղ անվտանգային երկաթյա մեխանիզմներ կային։
- Ես ուղղակի չեմ հասկանում այն ֆենոմենը, որը պայմանականորեն անվանում եմ իրականության հետ առնչվելու վախ։
- Հսկայական գումարներ են դրված Երևանում, Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում ադրբեջանցիների բնակեցման համար։
- Ոչ մի «խաղաղության պայմանագիր» երբեք չի հանդիսացել անվտանգության երաշխիք։ Բացեմ նաև մյուս գաղտնիքը՝ բոլոր «խաղաղության պայմանագրերը» խախտվել են պատերազմներով։
- Ադրբեջանը ոչ թե չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլ խախտել է այն ռազմական ներխուժումներով։
- Մեզ բոլորիս այնքան են խելագարեցրել, որ մեզ թղթի շերեփներ են բաժանել ու ասում են՝ թուրքը որ գա, մենք թղթե շերեփներով, այսինքն՝ դիվանագիտական ճանապարհով, պետք է կռիվ տանք, որովհետև եթե զենքով կռվենք, մեզ կոչնչացնեն։ Բայց մոռանում են, որ միջազգային հանրությունը, երբ դու չես դիմադրում, խրախուսում է քեզ ոչնչացնելու գործընթացը։
- Երբ մենք մուննաթ ենք գալիս ռուս խաղաղապահի վրա, չպետք է մոռանանք, որ մի քանի հարյուր մետրի վրա հայկական դիրքերն են։ Հետևաբար, ինչո՞ւ, տեսնելով, որ հայերի են առևանգում, չեն իջնում ու չեն փրկում նրանց։ Ռուսը կարո՞ղ է ասել, ընկե՛ր, 50 մետր էն կողմ քո պոստերն են, ինչո՞ւ չեք պաշտպանում ձերոնց։
- Երբ ռուսներն ասում էին՝ առկախված պահենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ի՞նչ պատասխանեցին ՀՀ իշխանությունները՝ ռուսին պետք է, թող իրենք էլ պահեն, մենք դեմ չենք։
- Մարդ կարող է ապրել սովի ներքո, բայց ստորացման ներքո ապրելն անհնար է։
- Եթե որևէ մեկին թվում է Երևանում՝ Քանաքեռում, Զեյթունում, Կոմիտասում կամ այլ տեղում, ռումբ ընկնի, ուրեմն պատերազմ է սկսվում, կներեք, բայց դա պատերազմի մեկնարկը չէ, դա արդեն պատերազմի ավարտն է։
- Վիրավորում են մի ողջ ազգի՝ ասելով՝ թուրքի ոտը պիտի պաչես, որովհետև թուրքը քեզ կոչնչացնի։ Որ պահին այդպես մտածես՝ անմիջապես կոչնչանաս։
- Այս իշխանություններն ասում են՝ մեզ խաբել են, գցել են, բայց ներողություն, կարո՞ղ է դուք եք խաբել, գցել բոլորին ու հիմա մնացել եք մենակ։
- Աշխարհի բոլոր դերակատարները մեր իշխանություններին հարցնում են՝ այ ընկեր, ձեր ուզածն ի՞նչ է։
- Պետք է հասկանալ՝ ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռնտու չէ, որ Հայաստան լինի, որո՞նց է ձեռնտու, որ լինի, և որո՞նց համար է մեկ՝ Հայաստան կլինի՞, թե՞ ոչ։
- Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանին դիտարկում են որպես բնականոն պատնեշ՝ իրենց դեմ թուրքական վտանգի սանձազերծման դեպքում։ Այս երկրներին է ձեռնտու, որ Հայաստանը լինի։
- Մենք պետք է այնպիսի քաղաքական օրակարգ ձևավորենք, որը կդառնա ռուսների բանակցային քեյսի անքակտելի մասը։
- Գործիքի և գործոնի միջև կա շատ մեծ տարբերություն։ Դու, Հայաստան, պատրա՞ստ ես լինել գործոն։
- Իմ բոլոր միջազգային գործընկերներն անձնական զրույցներում ասում են՝ դուք ունեք ինքնաոչնչացման գնալու կոնցեպտուալ որոշում։ Երբ քո կենսական շահերը հանձնում ես քեզ ոչնչացնել ցանկացողին, որևէ մեկը և ոչինչ չի կարող արգելել քեզ վերանալ։ Իրանն ասում է՝ որոշել ես ինքնասպանվել, ինքնասպանվի՛ր, բայց ես իմ սահմանը թուրքին չեմ տալու։ Ռուսն ասում է՝ դու իմ շահերը սկուտեղով տվել ես իմ թշնամիներին, ինձնից ի՞նչ ես ուզում։ Չինաստանն ասում է՝ Հայաստան, դու որոշել ես վտանգել Չինաստանի տարածքային անվտանգությունը։ Այո՛, Սյունիքն ուղիղ կապ ունի Չինաստանի անվտանգության հետ։
- Ռուսաստանը Բաքվին զգուշացնում է՝ հանկարծ մտքովդ չանցնի՝ խաղեր տաս, Իրանի հետ սահմանին 2 միլիոն թալիշ կա, չհաշված՝ լեզգիները։ Այսինքն՝ ռուսները թե՛ մեզ, թե՛ ադրբեջանցիներին մեսիջ են ուղարկում այն մասին, որ իր պայմանական հենակետերն ինքն այս կամ այն պարագայում կարող է ձևավորել։
- Հայաստանի իշխանությունները որևէ մեկի շահերն էլ չեն պաշտպանում, բացի իրենց՝ իշխանության մնալու շահից։ Իշխանության եկած մարդկանց բոլոր գործողությունները միտված են իրենց իշխանությունը պաշտպանելուն։
- Մենք մի ազգային առանձնահատկություն ունենք․ դա հայկական գործոնի անսպասելի պայթյունն է։ Այս իշխանությունները դրանից են վախենում։ Իրենք շատ լավ հասկանում են՝ ինչ են արել։ Իրենք ապրում են մեկ օրով, ժամանակ ձգելով։
- Հարգելի տիկին և պարոն, որ հիմա նայում եք ինձ։ Ամեն ինչ կախված է ձեզնից։ Ձեզ փորձել են համոզել, որ ձեր երեխայի ապագան ձեզանից կախված չէ, ձեզ փորձել են համոզել, որ ձեր մի աման կերն արժանապատվությունից թանկ է, ձեզ փորձում են համոզել, որ այն, ինչ ձեզ հետ կատարվում է, մեղավորը ձեր նախնիներն են։ Ո՛չ, ամեն ինչ կախված է ձեզնից։ Դուք անձնապես համաձա՞յն եք սպանվել, ես՝ ոչ։
Հարգելի պարոն և տիկին, պատերազմից վատ բան էլ կա, երբ ձեր դուռը ջարդում ու ձեզ ձեր անկողնու մեջ կացնով սպանում են, իսկ դա շատ հնարավոր է։ Դուք ինձնից խելացի եք, որոշումը ձերն է։ Պատրա՞ստ եք ձեր բարեկամի կամ հարևանի երեխայի արյան գնով պաշտպանել ձեր տունը։ Համոզված եմ, որ անգամ ինձ հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրդ պատրաստ եք ձեր երեխայի պատվի համար դիմացինի կոկորդը կրծել։
Մանրամասները՝ տեսանյութում։