Կապան-Երևան թռիչքների չեղարկման իրական պատճառը թաքցնում են, ստում են
Օգոստոսի 25-ին պետք է տեղի ունենար Կապան-Երևան թռիչքը, սակայն այն չեղարկվել է, քանի որ երկու օր առավոտից թշնամին կրկին կրակել է օդանավակայանի ուղղությամբ։ Սակայն իշխանությունները պաշտոնապես լրատվամիջոցներին ասում են, թե թռիչքը չեղարկվել է անբարենպաստ եղանակի պատճառով։
168.am-ին Կապանի մեր աղբյուրը փոխանցեց, որ օդանավակայանին մոտ գտնվող Սյունիք գյուղի բնակիչները երկու օր շարունակ կրակոցների ձայները լսել են։ Ավելին, այդ գյուղից մարդիկ են եղել, որոնք տոմս են գնել, որպեսզի Կապանից հասնեն Երևան, այստեղից էլ` Մոսկվա, սակայն թռիչքի չեղարկման պատճառով, փաստորեն, ուշանալու են նաև Մոսկվայի թռիչքից։
«Թշանմին օդանավակայանի գլխին նստած է, ճանապարհի մի հատված կա, որ հսկում է, մենք այդ ճանապարհը մեծ արագությամբ ենք անցնում։ Բայց գիտեք աբսուրդը ո՞րն է, ճանապարհի հենց այդ հատվածում, որը թշնամու դիտարկման տակ է` արագաչափ կա։ Իհարկե, միշտ է եղել, բայց գոնե այս ամեն ինչից հետո հանեին, որովհետև մարդիկ կյանքին սպառնացող վտանգի տակ այդ հատվածը մեքենայով, ստիպված, արագ են անցնում»,-նշեց Կապանի մեր աղբյուրը։
Ի դեպ, երեկ երեկոյան Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը Սիսիանում էր, իշխանության մի քանի ներկայացուցիչների հետ տոնական տրամադրությամբ մասնակցում էր հերթական փառատոնի, նա նկար էր հրապարակել ու գրել, թե Սիսիանում տրամադրությունը տոնական է։
Նշենք նաև, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այսուհետ Կապան-Երևան թռիչքները կանոնավոր լինելու են, նույն օրը այդ թռիչքով Երևանից մեկնել էր Կապան, իսկ հաջորդ օրը ադրբեջանական կողմը կրակել էր Կապանի օդանավակայանի վրա։