Հայրենատյացը

Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ,  ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։

Իր ողջ բացասականությամբ հանդերձ, անհայրենիքությունը դեպքերի մեծ մասում չի ենթադրում ակտիվ գործողություններ, սեփական հայրենիքի դեմ ուղղված քայլեր, այն ավելի շատ հայրենիքի հետ հոգևոր ու մտային կապերը կտրելու վիճակ է։ Այդ իմաստով ահա, անհայրենիքությունը չի կարող հանդես գալ՝ որպես հայրենասիրության հականիշ կամ հակառակ բնորոշում։ Այդ դերին ամբողջությամբ չի համապատասխանում նույնիսկ հակահայրենասիրություն որակումը։

Հայրենասիրության հակառակը, հայրենիքի դեմ ուղղվածության իմաստով, հայրենատյացությունն է։

Ատելությունը ոչ միայն սիրո մեխանիկական հականիշն է, այլ մտավոր ու հոգեբանական վիճակ, որում մարդը դիմում է ակտիվ գործողությունների՝ ատելության առարկային, օբյեկտին հնարավորինս մեծ վնաս, ցավ, տառապանք պատճառելու համար։ Ի տարբերություն սիրո, որը կարող է լինել պլատոնական ու նաև անմարմին, ատելությունը պասիվ չի լինում, այն միշտ ենթադրում է ատելության օբյեկտին ընդհուպ ոչնչացնելուն ուղղված գործողություն։

Կարդացեք նաև

Այն, ինչ հիմա կատարվում է Արցախի ու Հայաստանի հետ, իրականում ոչ թե հայրենասիրության պակասի կամ անհայրենիքության, այլ հենց հայրենատյացության դրսևորում է։ Արցախի դեմ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի հետևողականությունը, մեթոդականությունն արդեն նույնիսկ կասկածի տեղ չեն թողնում, որ դրանց հեղինակներն առաջնորդվում են այնպիսի մոտիվատորներով, որոնք կարող են ծնվել միայն հայրենիքի այդ հատվածի հանդեպ մեծագույն ատելությունից։ Բայց դա միայն Արցախով չի սահմանափակվում, խնդիրը միայն ժամանակի մեջ է, և հայրենատյացության նոր, հնարավոր է՝ ավելի սարսափելի դրսևորումներ դեռ սպասվում են նաև Հայաստանին։

Այս դժոխային ծրագրի իրագործման համար Հայաստանում, մասամբ՝ նաև Արցախում, հավաքվել է հսկայական թիմ, որի ներկայացուցիչներին միավորում է ոչ թե որևէ գաղափար, ծրագիր, հավատամք, մասնագիտական կարողություն կամ գիտելիք, այլ հենց հայրենատյացությունը։ Նրանց բոլորին ղեկավարում է գերագույն գլխավոր հայրենատյացը, որի գործողությունների նպատակը հայրենիքի ու հայկականության հետ առնչվող ամենայնին հնարավորինս մեծ վնաս հասցնելն է, հաջողելու դեպքում՝ հիմնահատակ ոչնչացնելը։

Դավաճանությունը, որը որպես մահացու մեղք հղվում է այս ծրագրի ղեկավարներին ու իրագործողներին, իր ողջ հակապետականությամբ, շատ ավելի մեղմ հանցանք է, քան այն, ինչ նրանք անում են՝ որպես հայրենատյացներ։ Ի տարբերություն դավաճանության, քրեական և որևէ այլ օրենսգիրք հայրենատյացության հանցակազմով հոդված չի նախատեսում։ Երևի նաև այն պատճառով, որ դրան համարժեք պատիժը վեր է երկրային կառուցակարգերից, ու հայրենատյացները պատասխանատվություն են կրելու միանգամայն այլ վայրում և բոլորովին այլ մեթոդներով։ Անհատապես ու հավաքականորեն։

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս