Կրեմլը հաստատել է՝ շուտով կկայանա Պուտինի և Էրդողանի հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Պատասխանելով նման հանդիպման հեռանկարների, բանակցությունների ժամանակի և տեղի մասին հարցին, նա նշել է. «Կա ըմբռնում, որ այդ հանդիպումը կկայանա շուտով»:

«Առաջիկայում մենք արդեն կհայտնենք, թե հստակ երբ և հստակ որտեղ դա կկայանա: Այն արդեն նախապատրաստվում է։ Սովորաբար գործընկեր երկրների հետ մենք այցերի մասին նման հայտարարությունները սինքրոնացնում ենք», – հավելել է Պեսկովը։

Այս ամառվա սկզբին թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Պուտինը Էրդողանի հետ կհանդիպի Թուրքիայում օգոստոսին: Օգոստոսի 21-ին Էրդողանը հնարավոր է համարել, որ այդ հանդիպումը կարող է անցկացվել սեպտեմբերին։

Իր հերթին Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ Սոչիում, իսկ դրա հնարավոր ամսաթիվ է անվանվել սեպտեմբերի 4-ը։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ բանակցությունների ընթացքում Էրդողանը նախատեսում է քննարկել հացահատիկի գործարքի վերսկսումը։

Տեսանյութեր

Լրահոս