ԱՄՆ-ն հոկտեմբերին կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը F-16 կործանիչների վրա
Միացյալ Նահանգները հոկտեմբերին կսկսի ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստել F-16 կործանիչների կառավարման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Սեպտեմբերին օդաչուների անգլերեն լեզվի ուսուցումից հետո ակնկալվում է, որ F-16 կործանիչների կառավարման համար օդաչուների վերապատրաստումը կսկսվի հոկտեմբերին, ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Տուսոն քաղաքի Մորիս ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի բազայում՝ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 162-րդ թևի աջակցությամբ»,- լրագրողներին ասել է բրիգադային գեներալ Ռայդերը:
Նա չի նշել վերապատրաստման պատրաստվող ուկրաինացի օդաչուների ստույգ թիվը։
«Մենք ակնկալում ենք, որ ուսուցմանը կմասնակցեն մի քանի օդաչուներ և տասնյակ տեխնիկական մասնագետներ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցը քննարկել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ։ Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ կողմերը նաև անդրադարձել են վերապատրաստման ավարտից հետո այլ երկրների կողմից Ուկրաինային F-16-երի տրամադրման արագացված հաստատմանը՝ Կիևի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։