Բաժիններ՝

Ծինփինը Մոդիին առաջարկել է կարգավորել իրադրությունը Չինաստանի և Հնդկաստանի սահմանին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել՝ կարգավորելու երկու պետությունների սահմանին վերաբերող հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովի անցկացման ընթացքում։

«Մենք պետք է ելնենք երկկողմ հարաբերությունների ընդհանուր իրավիճակից, պատշաճ կերպով լուծենք սահմանային խնդիրները և միասին պահպանենք խաղաղությունն ու անդորրը համատեղ սահմանին հարող շրջանում», – ընդգծել է ՉԺՀ-ի նախագահը։

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է ինչպես Պեկինի, այնպես էլ Նյու Դելիի շահերին։

«Բացի այդ, դա դրականորեն կանդրադառնա գլոբալ և տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինչպես նաև զարգացման վրա», – ամփոփել է Սի Ծինփինը։

2020 թվականի մայիսին չին-հնդկական սահմանի Լադակհի լեռնային մարզում տեղի են ունեցել բախումներ, որոնք երկուստեք հանգեցրել են զոհերի։ Չինաստանը և Հնդկաստանը ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ են կենտրոնացրել այդ շրջանում: Ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում մի շարք բանակցություններից հետո նրանք սկսել են զորքերի աստիճանաբար հետքաշումը:

Երկու երկրների միջև վիճելի տարածք է համարվում Աքսայչին շրջանը, որը վերահսկում է Չինաստանը, սակայն Հնդկաստանը վիճարկում է այն և ներառում Չինաստանին սահմանակից հնդկական Լադակհի շրջանի կազմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս