Ազատված զոնաներ՝ «զոնայում» գտնվող Աշոտյանի հաշվին
Քաղաքականությունը սոցցանցային գրառումագրությունից, այդուհանդերձ, տարբերվող զբաղմունք է։ Խոսքն իրական քաղաքականության և ոչ թե՝ դրա իմիտացիայի մասին է։ Հայկական քաղաքականության դիապազոնն ընդգրկում է բաժակաճառային հայրենասիրության ամենատարբեր դրսևորումներ և գնահատվում է կենացների դեցիբելների հանգույն։
Իրական քաղաքականությունը, մինչդեռ, հիմնվում է ոչ թե պաթոսի, էմոցիայի, ապրումների, այլ չոր փաստերի, դրանց համադրման, վարվող քաղաքականության (եթե սխալ է) բացահայտման, պատասխանատուների մերկացման և ամենակարևորը՝ այլընտրանքների ներկայացման վրա։ Սա քաղաքականության դասագրքային կանոն է, որը, սակայն, Հայաստանում չի գործում ոչ թե դասագրքերի, այլ դրանք կարդացողների բացակայության պատճառով։
Այդուհանդերձ, անխուսափելիորեն այս հարցում ևս կան/կային բացառություններ, որոնք, բնականաբար, խանգարում էին/են Նիկոլ Փաշինյանին։ Այդ տեսանկյունից, չնայած քաղաքական դաշտում գործող ոչ մեծ թվով իրական քաղաքականությամբ զբաղվողներին, այդուհանդերձ ամենանշանայինը ՀՀԿ փոխանախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն է, ով իր ողջ քաղաքական, մասնագիտական, կոմունիկացիոն ռեսուրսը կենտորնացրել էր/է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հակահայկական, հակաարցախյան քաղաքականության բացահայտման գործին և մինչև խայտառակ շինծու գործով կալանավորումը դրանով զբաղվում էր գրեթե ամենօրյա ռեժիմով։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր էլ՝ կալանավայրից շարունակում է այդ գործն ու գործառույթը, բայց հասկանալի պատճառներով՝ մի քանի անգամ պակաս հաճախականությամբ և ինտենսիվությամբ։
Մեկուսացնելով Արմեն Աշոտյանին՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, առաջին հերթին լուծել է այդ խնդիրը՝ «խաղաղության օրակարգի» մասին խայտառակությունը բացահայտողներից ամենահետևողական գործչին գոնե մասամբ լռեցնելու հարցը։
Չնայած վերջին ամիսներին մամուլի, սոցցանցերի մոնիթորինգ չի իրականացվել, սակայն առանց մասնագիտական գործիքակազմի էլ ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո հայկական մեդիա տիրույթում, սոցցանցերում, քաղաքական հարթակում՝ ընդհանուր առմամբ, էականորեն նվազել է անդրադարձն Արցախի հարցին, գոնե այն հետևողականությամբ, որով մինչև ազատազրկումն անդրադառնում էր Աշոտյանը։
Աշոտյանի ազատության հաշվին, իհարկե, առաջին հերթին ավելացել է Նիկոլ Փաշինյանի հարմարավետության գոտին։
Բայց եթե իրերը կոչենք իրենց անուններով, Աշոտյանի ազատազրկմամբ բավական մեծացել է նաև այլ իրական և ոչ իրական ընդդիմադիրների կոմֆորտ զոնան, որոնց պաթոսային քաղաքականությունն իր ռաբիսությամբ ծիծաղելի էր թվում Աշոտյանի պրոֆեսիոնալ քաղաքականության ֆոնին։ Ու գուցե սեփական կոմֆորտ զոնաների ընդլայման առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհակալության դրսևորում է այն, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը լայն իմաստով միասնական դիրքորոշում (բացի առաջին օրերին կազմակերպված ստորագրահավաքը) չհայտնեց ու մինչև օրս էլ մեծ հաշվով լռում է Աշոտյանի դեմ ծավալված ռեպրեսիայի առթիվ։ Ի տարբերություն, օրինակ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ում ազատ արձակման պահանջով հանդես եկան հարյուրավոր արտիստներ ու այլ ոլորտների անվանի դեմքեր, ինչը, իհարկե, ողջունելի է ու խիստ դրական, Աշոտյանի պարագայում ընդդիմադիր քաղաքական դաշտի միասնական, համակարգված, հետևողական պահանջ այդպես էլ չհնչեց։
Բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ, ի տարբերություն արվեստի, որտեղ մարդիկ այդուհանդերձ իրենց տաղանդով կարողանում են դիմակայել օբյեկտիվ մրցակցությանը, քաղաքականության մեջ անտաղանդությամբ ու ինտելեկտի պակասով հնարավոր չէ վայելել այն ազատությունը, որ ստեղծվել է Արմեն Աշոտյանի անազատության մեջ գտնվելով։
Հարություն Ավետիսյան