ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված ֆինանսական վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 2 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այդ մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից:
«Զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, Տ. Գ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Գ.-ն 2021 թվականի նոյեմբերին իր մտերիմներից մեկին հայտնել է, որ զորամասի կաթսայատանն առկա է երկու սեզոնային աշխատակցի թափուր հաստիք, և եթե վերջինս ունի վստահելի մարդիկ, պատրաստ է նրանց աշխատանքի ընդունել: Տ. Գ.-ն տեղեկացրել է նաև, որ այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախելու և յուրաքանչուր տարվա 4 ամսվա աշխատավարձը պահելու են իրենց, իսկ մյուս 8 ամսվանը՝ փոխանցելու են իրեն: Տ. Գ.-ի մտերիմը վերը նշված պայմաններով աշխատանքի ընդունվելու առաջարկը ներկայացրել է իր ծանոթներին, ովքեր համաձայնվել են՝ հետագայում աշխատավարձի գումարները փոխանցելով Տ. Գ.-ին, ով խաբեությամբ հափշտակել է դրանք՝ այդ կերպ պետությանը պատճառելով ավելի քան 1.951.000 ՀՀ դրամի գույքային վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ պաշտոնատար անձին՝ Տ. Գ.-ին, մեղադրանք է ներկայացվել: Նա լիովին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: