«Սնունդն անմիջապես կապ ունի հիշողության, նյութն ընկալելու հետ. սա նման է համակենտրոնացման ճամբարներում երեխաներին պահելու հետ». Հոգեբան

Արցախի Հանրապետության կրթության նախարարությունն արդեն հայտարարել է, որ թեկուզ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, այդուհանդերձ սեպտեմբերի 1-ին Արցախի բոլոր դպրոցները գործելու են։ Այս պահին նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կարողանա ապահովել անհրաժեշտ միջոցները երեխաների կրթությունն ապահովելու համար։

Արդյոք շրջափակման պայմաներում հնարավոր կլինի՞ ապահովել երեխաների բնականոն կրթությունը, նրանց հոգեբանորեն ինչպե՞ս է պետք պատրաստել, և շրջափակումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ կրթության որակի վրա։

168.amն այս հարցերի շուրջ խոսել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։

Հոգեբանի խոսքով՝ յուրաքանչյուր երեխա աշխարհն ընկալում է այնպես, ինչպես ընկալում է մեծահասակը, որը դաստիարակում է նույն այդ երեխային՝ լինի ծնողը, ավագ քույրն ու եղբայրը կամ ուսուցչուհին։

Կարդացեք նաև

«Եթե մեծահասակները երեխաներին ասեն՝ ոչինչ, լուրջ բան չկա, մենք սա կհաղթահարենք, այդ երեխաները տրամադրվում են այդ ամենը հաղթահարելուն։ Երբ մեծերը երեխաների մոտ բողոքեն ստեղծված իրավիճակից, սա արդեն երեխաների մոտ բոլորովին այլ հոգեբանություն է ձևավորում։ Քավ լիցի, ես հասկանում եմ շրջափակման մեջ գտնվող ծնողներին, բայց որպեսզի այդ ծնողի համար գործն ավելի դյուրին դառնա, նա պետք է երեխաներին մշտապես հանձնարարություններ տա և հետևի, որ երեխան այդ ամենը կատարի։ Այդ առաջադրանքները երեխաների համար այնքանով են կարևոր, որ երեխաները ստեղծված իրավիճակում շատ չտրտնջան։

Երկրորդը՝ ցանկացած երեխայի համար այդ կրթությունը կարող են ապահովել օնլայն։ Լավ կլիներ, որ այստեղի՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը հատուկ բոլոր դասարանների համար ունենա ծրագիր, որով ցանկացած երեխա ցանկացած դասարանում կարողանա ներառվել այդ ծրագրում և դրանից օգտվել՝ ստանալով լրացուցիչ գիտելիքներ, որպեսզի հետ չմնա կրթությունից։ Եթե նման ծրագիր լինի, ապա դրանից կարող են օգտվել նաև արցախցի երեխաները։ Չգիտեմ, նախարարությունը նման ծրագիր պատրաստվո՞ւմ է ունենալ, թե՞ ոչ, ես շնորհակալ կլինեմ ձեր լրատվամիջոցից, եթե սրա մասին խոսի ու բարձրաձայնի։

Այս աշխարհում կրթությունից կարևոր երևի մեկ էլ բարեգործությունն է, հետևաբար՝ մեր բալիկներն ինչպե՞ս կարող են այդ կրթությունը չստանալ»,- նշեց հոգեբանը։

Իրինա Ծատուրյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր դպրոցական երեխայի համար կան նախատեսված նորմատիվներ, թե նա որքան պետք է սնվի, ինչ սնունդ պետք է ընդունի, որ ժամերին և այլն։ Հետևաբար՝ հարց է առաջանում, թե Արցախի շրջափակման պայմաններում այդ երեխաներն ի՞նչ սնունդ են ստանում և արդյո՞ք  ստանում են։

«Սնունդն անմիջապես կապ ունի հիշողության, տված նյութն ընկալելու և մնացած ամեն ինչի հետ։ Մենք այստեղ լուրջ խնդիր ենք ունենալու, որն իսկապես չգիտեմ՝ ինչպես է պետք մեղմացնել, լուծել։ Հիշենք, թե Արցախում երբվանից ձու չկա, ու այնտեղ բոլորովին ապահովված չէ երեխաների սնունդը, ծնողները խոսում են գրենականների բացակայության մասին, լավ, այդ ամենը դեռ մի կողմ դնենք ու նախ մտածենք սննդի մասին։ Այնտեղ կարող են փտախտի դեպքեր լինել, շատ բաներ կարող են լինել, եթե այս շրջափակումը նման ձևով շարունակվի, սա հումանիտար կատաստրոֆա է, սրա մասին խոսք չկա։ Այդ պատճառով էլ այս խնդիրների մասին մենք պետք է բարձրաձայնենք, գոռանք, սա ոչ թե երեխաների իրավունքների ոտնահարում է, այլ կարող եմ համեմատել համակենտրոնացման ճամբարներում երեխաների պահելու հետ։ Ճիշտ է՝ այդ բալիկներն իրենց տներում են, բայց ի՞նչ է համակենտրոնացման ճամբարը. դրանք սահմանափակում են մարդու ազատությունը, տեղաշարժը, նրանք չեն կարողանում իրենց երկրի ներսում ներս ու դուրս անել։ Դրա պատճառով էլ սրա մասին պետք է շատ գրվի, խոսվի, տարածվի, մեր ազգին բնաջնջո՞ւմ են»,- ընդգծեց հոգեբանը։

Ըստ Իրինա Ծատուրյանի, սովորաբար պատերազմներից հետո երեխաները մեծանում են մի մարդու հոգեբանությամբ, որը շատ բաներից զրկված է, հետևաբար՝ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Արցախի երեխաները չմեծանան այդ հոգեբանությամբ։ Այդուհանդերձ այս ամենի մեջ հոգեբանը մեկ դրական արձանագրում արեց՝ որքան այդ երեխաների նկատմամբ ոտնձգությունները շատ են լինում, նրանք ավելի են կարծրանում՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվում են։

«Թերևս սա է պատճառը, որ արցախահայությունը, առհասարակ հայը պինդ է, գիտենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում։ Այդ մարդիկ ապրում են իրենց հողի վրա՝ դարեր շարունակ, բայց ինչ-որ ուժեր նրանց վրա են հարձակվում ու ասում, որ դա նրանց հողը չէ, այդ պատճառով էլ մարդիկ պնդանում են։

Ես Արցախի մեր ծնողներին ուժ ու տոկունություն եմ ցանկանում, որովհետև ծնողի համար հոգեբանորեն դժվար է չապահովել երեխայի համար տարրական պայմանները, որովհետև իրավիճակը թույլ չի տալիս։ Սա ես ասում եմ՝ որպես բլոկադայի ենթարկվածի աղջիկ, մայրս Լենինգրադի բլոկադայում է եղել, թեպետ դա ուրիշ բան էր։

Առհասարակ բլոկադան մարդու մոտ ձևավորում է վտանգի զգացողություն, ապահով ապրելու իրավունքը հետին պլան է մղվում, որովհետև մարդու մտածմունքներն այլ բանի մասին են՝ ազատության»,- եզրափակեց Իրինա Ծատուրյանը։

Տեսանյութեր

Լրահոս