«Երբ իշխանությունն ասում է՝ Արցախը երբեք ճանաչված չի եղել, կա՛մ չիմացություն է, կա՛մ դիտավորություն է. կոչ կանեի չխոսել կարգավորման մասին». Սուրեն Մանուկյան

Արցախում ու Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարածած երկու հայտարարություններն առ այն, որ Բերձորի միջանցքի փակումն իր մեջ ցեղասպանության վտանգ է պարունակում, կարևոր է, քանի որ միջազգային կառույցները, այլ պետությունների կառավարությունները որոշումներ կայացնելիս պետք է իրենց ձեռքի տակ ունենան նման փորձաքննություն։ Այսինքն՝ ցանկացած որոշում պետք է փորձաքննեն ոլորտի մասնագետները։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը և հիմնավորեց.

«Սա փաստորեն նման փորձաքննություն էր, սա փորձագիտական կարծիք էր։ Կարծում եմ՝ շատ կարևոր պետք է լիներ միջազգային կազմակերպությունների համար։ Ըստ իս, շատ միջազգային կազմակերպություններ, որոնք հետագայում նույնպես իրենց հայտարարություններն են ընդունել, հիմք են ընդունել նաև այս հայտարարությունը։ Կարևոր է նաև, եթե Հայաստանը պատրաստվում էր դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ինչ-որ մի բանաձև ստանալու համար, այս հայտարարությունները նույնպես պետք է կցվեին այդ հայտին, որպեսզի այլ երկրների ներկայացուցիչներ հասկանան, որ սա մեր հայերի կողմից հնչեցված մտահոգությունը չէ, որը շատ բնական է, մարդկային է, որովհետև առաջինը մենք պետք է արձագանքենք, քանի որ այնտեղ ապրում են մեր հայրենակիցները։ Բայց նաև սա ցույց կտա, որ այս վախերը, սպառնալիքները, որոնց մասին մենք հնչեցնում ենք՝ օբյեկտիվ են, որովհետև դրա մասին խոսվում է ոչ հայ գիտնականների կողմից»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը երկու օր առաջ դիմել է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Ցեղասպանագետը ցավով փաստեց նաև, որ այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ամենաազդեցիկ ու վճռական դերը պատկանում է ուժին, ուժն է փոխում շատ միջազգային պայմանագրեր, նույնիսկ հաստատված միջազգային հիմնարար նորմեր։

«Այդուհանդերձ, կարծում եմ՝ ցանկացած ուժ իր հետևում փնտրում է ինչ-որ իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այս հայտարարություններն այսօր, թվում է, թե հողի վրա արձագանք չունեն, անմիջական չեն ազդում իրավիճակի վրա, բայց ըստ իս՝ դրանք շատ կարևոր են։ Ես կուզեի, որ մենք դասեր քաղենք նաև մեր չարածներից, ցավոք, տասնամյակներ շարունակ մեզ թվում էր, թե Արցախի հարցն արդեն լուծված է, և մենք մի տեսակ նիհիլիզմով էինք լցված իրավական որոշումների հանդեպ։ Հիշո՞ւմ եք, Ադրբեջանն ամեն անգամ միջազգային կառույցներ էր բերում տարբեր փաստաթղթեր, մենք զբաղված էինք այդ փաստաթղթերի դեմ աշխատանքով և մեծ մասամբ, իհարկե, հաջողում էինք, դրանք մեծ մասամբ չէին ընդունվում, բայց որոշ դեպքերում նաև ընդունվում էին։ Այդ տարիներին մենք, ցավոք, չհասկացանք, որ մեր փաստաթղթերով պիտի պատրաստեինք ու մտցնեինք միջազգային կազմակերպություններ։ Նույն Արցախի անկախության հիմքերն իրավաբանորեն այնքան ուժեղ են, որ եթե մենք այս 20 տարին զբաղվեինք ոչ թե Ադրբեջանի բերած փաստաթղթերի դեմ պայքարով, այլ ինքներս փաստաթղթեր ներկայացնեինք, փորձեինք իրենց ստիպել, որպեսզի պաշտպանվեն, ինձ թվում է, շատ ավելի արդյունավետ կլիներ։ Հիմնավորումը, թե ինչու Արցախը պետք է անկախ լինի, եթե մենք նայում ենք հիմքերին, ապա աշխարհում շատ քիչ կետեր կան, որոնք ունեն նույնչափ իրավաբանորեն հաստատված հիմքեր անկախության համար։ Այսինքն՝ Արցախը բոլոր պրոցեդուրային ճանապարհներով անցել է։ Մենք միշտ մոռանում ենք այս փաստը, բայց պետք է հիշենք, որ Արցախն անկախացել է նույնիսկ մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Այսինքն՝ Արցախը Խորհրդային Միության կազմում, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն, նրա բոլոր օրենքներով ու ընթացակարգերով անկախացավ, և միայն դրանից հետո է անկախացել Ադրբեջանը։ Եթե չեմ սխալվում, Արցախի անկախացման պրոցեսն ավարտվեց հոկտեմբերին, իսկ Ադրբեջանն անկախացավ դեկտեմբերին։

Ըստ իս, մենք հիմա կարևոր փուլում ենք գտնվում, գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններն ընդունել են նման բանաձև, որով իրենք հաստատում են, որ Արցախի ժողովուրդը ցեղասպանական վտանգի առաջ է։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է այդ գիծը պահի ու ամենօրյա ռեժիմով ստիպի միջազգային կառույցներին դրա մասին խոսել»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Մեր զրուցակցի բնորոշմամբ, թյուրըմբռնում կա, որ եթե տվյալ կազմակերպությունն այդ որոշումն ընդունել է, ապա աշխատանքն ավարտվել է, այդպես չէ, եթե կազմակերպությունն ընդունել է ինչ-որ որոշում, որով դատապարտել է Ադրբեջանին, կոչ է արել նրան բացել Բերձորի միջանցքը, ապա հաջորդ շաբաթ պետք է կրկին գնալ այդ կազմակերպություն և տվյալ կազմակերպության մարմիններին, քարտուղարությանը ևս մեկ անգամ հարցում ուղարկել, թե ինչ եղավ որոշումը, ինչու այն չի կատարվում, գուցե մեկ անգամ էլ որոշում կայացնեն, և այլն։

«Այլ բան է, երբ այդ միջազգային կազմակերպությունն ամեն շաբաթ Ադրբեջանից պահանջում է բացել միջանցքը, այլ բան է, երբ նա 5 ամիս առաջ նման հայտարարություն արել է և ավարտել է։ Իհարկե, սա պահանջում է շատ մեծ աշխատանք, ցավոք, մեր այսօրվա Կառավարությունը չի սիրում աշխատել, սա ես մերկապարանոց հայտարարություն չեմ անում, դա երևում է շատ ոլորտներից։ Բայց այդ մարդկանց պետք է հասկացնել, որ՝ ձեր աշխատանքը հենց դրանում է, որ դուք ամեն օր հետևողականորեն միջազգային կազմակերպություններին ստիպեք, որ իրենք գնան իրենց հայտարարություների հետևից, որպեսզի հայտարարությունը չմնա թղթի վրա, դա նաև իրենց պարտավորությունն ու հեղինակությունն է։ Եթե մեր իշխանությունները կամ ներկայացուցիչները տվյալ կազմակերպությունում կարողանան այդ թեզով ամենօրյա ռեժիմով այդ մարդկանց ստիպել, որ իրենք գնան դրա հետևից, հավատացեք, մեր գործը շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև այդ կազմակերպություններում աշխատում են նաև ադրբեջանցիներ։ Երբ ամեն օր այդ կազմակերպությունը ստիպում է այդտեղ աշխատող ադրբեջանցիներին ազդել իրենց պետության վրա և երբ ամեն օր այդ կազմակերպությունները ստիպում են Ադրբեջանին քայլեր ձեռնարկել՝ ճնշումը մեծացնել։

Տարիներ շարունակ մենք թերագնահատել ենք Ադրբեջանին և դա մեր սխալներից մեկն է, բայց հիմա ես տեսնում եմ հակառակ միտումը, որ սկսել ենք գերագնահատել այդ պետությանը։ Մեզ թվում է, որ այդ պետության վրա ոչ մեկը չի կարող ազդել, որ ինքն այնքան ուժեղ է, որ կարող է անել այն ամենը, ինչ ուզում է. այդպես չէ։ Կարծում եմ՝ այս փաստաթղթերը, որոնք ընդունվում են տարբեր կազմակերպությունների միջոցով՝ հանց այսօր Արցախում կանխում են ռազմական գործողություն։ Եթե լիներ անտարբերություն, չլինեին այդ հայտարարությունները, կոչերը, զգուշացումներն Ադրբեջանին, ապա Ադրբեջանն այս հարցը լուծել էր, զորք էլ կմտցներ և այդ մարդկանց կա՛մ ուժով կտեղահաներ, կա՛մ կոչնչացներ։ Այս քաղաքական հայտարարություններն ինչ-որ զսպիչ դեր ունեն»,- շեշտեց ցեղասպանագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ժամանակին պետք է հետևողական լինեին, և այն ժամանակ, երբ կար Բաքվի ու Սումգայիթի ջարդերի վերաբերյալ դոկումենտացված ու ձայնագրված փաստեր, ի վերջո, դատավարություններ են տեղի ունեցել, որոնք մինչև այժմ անգլերեն թարգմանված չեն։

«Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ ՌԴ նախագահն ամենաառաջին հայտարարությամբ ասաց, որ այս ամենը սկսվեց Սումգայիթից։ Այսինքն՝ երբ ՌԴ նախագահը բերում է մեկնակետ, սկիզբն այս կոնֆլիկտի սկսվելուն, զարմանում եմ, ինչու մենք դա չենք անում։ Այսօր նարատիվը, խոսույթը պետք է փոխել և ցույց տալ, որ սա առանձին կտրված մի գործողություն չէ։ Այնպիսի տպավորություն է, որ սա սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ փակվեց Լաչինի միջանցքը։

Երբ մենք շեշտադրում ենք, որ Արցախում կարող է ցեղասպանություն տեղի ունենալ, նաև շատ կարևոր է շեշտադրել, որ սա ի վերջո Հայոց ցեղասպանության շարունակությունն է, որովհետև ի՞նչ էր Հայոց ցեղասպանությունը, այն հայությանը գոյության իրավունքից զրկելուն ուղղված գործողություն էր, այսինքն՝ ցեղասպանություն իրականացնողներն ասում էին, որ հայ ժողովուրդ չպետք է լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Սուրեն Մանուկյանը համաձայն է այն կարծիքի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ հնարավորություններ տվեց Ադրբեջանին գործելու, երբ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։

«Մեզ թվում է, որ եթե Արցախն այսքան ժամանակ ճանաչված չէր՝ որպես անկախ պետություն միջազգային հանրության կողմից, ապա Արցախը ճանաչված չէր, ինքս այդ թեզի հետ համաձայն չեմ, Արցախը ճանաչված էր՝ որպես միավոր։ Այլ հարց է, որ այդ միավորմանը չէին տվել, գուցե որոշ ժամանակ չտային պետության կարգավիճակ, բայց այն ճանաչված է։ 25-26 տարի մենք չհաջողեցինք հասնել Արցախի ճանաչմանը, բայց պետք է հիշենք, որ բանակցություններ էին ընթանում, այսինքն՝ ամբողջ միջազգային հանրությունը, աշխարհի երեք ուժային կենտրոնները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրոպան, ճանաչում էին, որ գոյություն ունի մի սուբյեկտ, որի շուրջ մենք բանակցում ենք։ Դրա համար, երբ մեր այսօրվա իշխանությունն ասում է, որ Արցախը երբեք ճանաչված չի եղել, կարծում եմ՝ սա կամ չիմացություն է, որն անընդունելի է, քանի որ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը գոնե պետք է այս խնդիրներն իր համար պարզաբանած լինի, կամ ուղղակի դիտավորություն է, որն իհարկե շատ ավելի վատ է, երբ դու հայտարարում ես, որ Արցախն Ադրբեջանի կազմ է, և դրանով փակում ես 20 տարվա բանակցությունները, դու նաև մարտահրավեր ես նետում այդ ուժային կենտրոններին, որոնք կարող են ասել, եթե այդպես էր, և Արցախն այսքան ժամանակ Ադրբեջանի մաս էր, և Հայաստանը դրա վերաբերյալ խնդիր չունի, ապա ինչի՞ շուրջ էինք բանակցում այսքան ժամանակ։ Կարծում եմ՝ դա վտանգավոր հայտարարություն էր և միակ վտանգավոր հայտարարությունը չէ։

Վարդան Օսկանյանն առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին չխոսել Արցախի հարցի կարգավորումից, սա լավ առաջարկ է։ Կարծում եմ՝ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի է, Կառավարության նիստերին ժամանակ սկսում է մի թեմա բարձրացնել, ոգևորվում ու հուզական ինչ-որ բաներ է ասում, նրա ասած ամեն խոսքը հետագայում օգտագործում են մեր դեմ։

Այդ առումով կոչ անել, իհարկե, չեմ կարող, որովհետև չեմ կարծում, որ իմ ասածը կընդունվի, բայց կարող եք խոսել Արցախի հումանիտար վիճակի մասին, կարող եք և պարտավոր եք, որովհետև ի վերջո այդ մարդիկ ձեր հայրենակիցներն են։ Եթե նույն բանը տեղի ունենար, օրինակ, Ջավախքում կամ աշխարհի ցանկացած մասում, մենք պետք է խոսեինք, որովհետև այդ մարդիկ մեր հայրենակիցներն են։ Ուղղակի կոչ կանեի՝ չխոսել կարգավորման մասին, եթե այսօր Հայաստանն իրեն դուրս է դրել այդ կարգավորման գործընթացից, որքան տեսնում եմ, դա այդպես է։ Հետևաբար, եթե դու քեզ դուրս ես դրել կարգավորման գործընթացից, բարի եղիր, դրա մասին հայտարարություններ մի արա, կարծում եմ՝ այս առումով գոնե պետք է մի քիչ զգույշ լինել ու գործել ստեղծված իրավիճակին ադեկվատ»,- եզրափակեց Սուրեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս