Բաժիններ՝

Թուրքիայի Դերինջե նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Մարմարա ծովի Դերինջե խոշոր առևտրային նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել։ Դեպքի հետևանքով կա 4 վիրավոր, որոնց վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունից։

Նշվում է, որ թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:40-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15:40-ի) Ստամբուլից դեպի արևելք ընկած Քոջայելիի նահանգում։ Պայթյունը զգացվել է հարևան Գյոլջուկ քաղաքում։

Ինչպես պնդում է CNN Turk հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել էլևատորներից մեկում, ենթադրաբար, նավը հացահատիկով բեռնելու ժամանակ։

«Էլևատորները պարբերաբար ստուգվել են, իշխանություններն առայժմ չեն հայտնել՝ արդյոք պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի սեղմման պատճառով», – հայտարարել է հեռուստաալիքի թղթակիցը։

Քաղաքապետը հաստատել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի էլևատորներ, այժմ դրանք ազատում են հացահատիկից։ Նրա խոսքով՝ նավահանգստի կոնտեյներային հատվածը չի տուժել։

Safiport նավահանգստի օպերատոր ընկերությունում «РИА Новости»-ի աղբյուրի խոսքով՝ միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա։

«Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի հարևանությամբ, այստեղ ոչինչ չի եղել՝ ո՛չ պայթյուն, ո՛չ հրդեհ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նավահանգստում իրադրությունը համարել է նորմալ:

Նշվում է նաև, որ պայթյունից հետո ծխի քուլաները տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից, դեպքի վայրում են հրշեջներն ու շտապօգնության ծառայությունները, ինչպես նաև հակաահաբեկչական ջոկատները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս