«Լիահույս ենք, որ մինչև նոր համերգաշրջանի մեկնարկը Մաեստրոն կլինի ազատության մեջ, հակառակ դեպքում համերգաշրջանի անցկացումը մեծ վտանգի տակ է». Սիմֆոնիկ նվագախումբը՝ առաջիկա ծրագրերի մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները ձերբակալվել են։
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
168.am-ը մի քանի հարց էր ուղղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնին։
Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ պայմանավորված այս պահին ի՞նչ վիճակում է նվագախումբը, արդյո՞ք փորձեր իրականացվում են։ Նախապես ծրագրված համերգներ եղե՞լ են, դրանք հետաձգվե՞լ են, և Սերգեյ Սմբատյանին փոխարինող այս պահին կա՞։
Պատասխաններն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնով։ Մինչ այդ նախատեսված է «Սիմֆոնիկ Հայկո»-50 համերգը, որը տեղի կունենա օգոստոսի 25-ին։ Այս պահին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արձակուրդում է։
Նվագախմբի և անձամբ Սերգեյ Սմբատյանի համերգային գրաֆիկները, հյուրախաղերը 2023-2024 թվականների համար արդեն իսկ ծրագրված են։ Այս պահի դրությամբ որևէ համերգ հետաձգված չէ։ Մենք լիահույս ենք, որ մինչև նոր համերգաշրջանի մեկնարկը Մաեստրոն կլինի ազատության մեջ և կշարունակի դիրիժորի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, հակառակ դեպքում նոր համերգաշրջանի անցկացումն այն ձևաչափով, որ նախատեսվում է, մեծ վտանգի տակ է։
Օրեր առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր դիրքորոշումը հայտնել է հայտարարությամբ։ Բնականաբար, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ տեղի ունեցողը խիստ անհանգստացնում է նվագախմբի յուրաքանչյուր երաժշտի և աշխատակցի։ Մենք ստանում ենք նաև բազմաթիվ նամակներ, զանգեր մեր արտասահմանյան գործընկերներից, հայտնի արտիստներից, որոնք բոլորն իրենց մտահոգությունն ու աջակցությունն են արտահայտում Սերգեյ Սմբատյանին ստեղծված իրավիճակի հետ կապված և հույս հայտնում, որ խնդիրը շատ շուտով կհանգուցալուծվի, ու Մաեստրո Սմբատյանը կվերադառնա բեմ՝ շարունակելու դասական երաժշտությանը ծառայելու իր կարևոր առաքելությանը»։