Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը, բարօրութիւնը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթութիւններ են Դաշնակցութեան համար- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ապառաժի» հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը, բարօրութիւնը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթութիւններ են Դաշնակցութեան համար.- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Տեր- Խաչատուրյան (aparaj.am)։

– Արցախի Հանրապետության այս ծանր օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանը ընտրվեց ԱՀ ԱԺ նախագահ: Ի՞նչ ընթացք է ունեցել ընկեր Իշխանյանի առաջադրումն այս կարևորագուն պաշտոնին և ի՞նչ հիմունքներով ՀՅԴ-ն ընդունեց այդ առաջարկը:

– ՀՅԴ Բյուրոն ստացավ Արցախի ներկա եւ վերջին երկու նախագահների համախորհուրդ առաջարկը, որպեսզի Դաշնակցությունն իր դերակատարությունը բարձրացնի Արցախի պետական համակարգի ներսում։ Ընդառաջելով ընկեր Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ առաջադրելու վերոնշյալ խնդրանքին՝ բնական է, որ Դաշնակցությունն ամենայն լրջությամբ վերաբերվեց այդ առաջարկին՝ միաժամանակ մտահոգություններ ունենալով այն ծանր բեռի քաջ գիտակցմամբ, որին հանդիպման դրվում է մեր աշխարհասփյուռ կազմակերպությունը։ Գնահատվել է նաեւ այն իորողությունը, որ Արցախի մեր քաղաքական գործընկերներն անվերապահորեն թիկունք կանգնեցին այսպիսի պատասխանատու պաշտոն ստանձնելու առաջարկին։

-Արդյո՞ք որևէ պայմաննավորվածություն կայացել է այս ընտրության նախօրեին:

-Այս առաջարկին զուգահեռ խոստացվեց, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դերն ու պատասխանատվության շրջագիծը պետք է ընդարձակվի, եւ Խորհրդարանի նախագահը պետք է ունենա վճռորոշ դերակատարություն քաղաքական հիմնական բոլոր գործընթացներում, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի, անվտանգության, բանակցությունների եւ առհասարակ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Ազգային ժողովը Արցախի Հանրապետության ժողովրդընտիր երկու սյուներից մեկն է նախագահական ինստիտուտի հետ։ Այն լիազորված է ներկայացնել ժողովրդի կամքը եւ խոսել նրա անունից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ԱԺ նախագահն ունենա ազդու լիազորություն, գործիքակազմ եւ քաղաքական հնարավորություններ իր գործունեությունն արդյունավետ կատարելու համար։

– Այս վճռորոշ օրերին ՀՅ Դաշնակցությանը բավականին ծանր ու պատասխանատու պաշտոն է վստահվել: Որո՞նք են լինելու ՀՅԴ հետագա քայլերը:

-Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարօրությունը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են Դաշնակցության համար, եւ մենք երբեք չենք խուսափել պատասխանատվության մեր չափաբաժինն ու կշիռը բարձրացնելու ի սպաս Արցախին, մանավանդ՝ օրհասական պահերին։ Այդ համոզումով էինք եղել Արցախյան գոյամարտի ակունքներում առաջին իսկ օրերին՝ պատերազմի դաշտում, համաշխարհային զորաշարժ իրագործող Հայ դատի բանակով եւ Արցախի զարգացման աշխատանքների նվիրումով։ Որովհետեւ ՀՅԴ-ի համար Արցախի հիմնահարցի կարգավորումն ինքորոշման իրավունքի հիման վրա, արցախահայության անվտանգության ապահովումը եւ ընկերա-տնտեսական ճգնաժամի վերացումը մեր համաշխարհային շարունակական աշխատանքի առանցքն էին կազմում մինչ օրս եւ կազմում են այսօր։

Համաձայնելով ընկեր Դավիթ Իշխանյանին որպես ԱՀ ԱԺ նախագահ առաջադրելու առաջարկին՝ ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ՝ լավագույն արտահայտելով իր ճակատագրին տեր արցախահայության վճռական կամքը, միաժամանակ խթան հանդիսանալով մեր աշխարհով մեկ տարվող պայքարում՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության։

Արցախը միայնակ չի մարտնչի, նա ունի ամբողջ հայության նեցուկը։

Մենք հավատում ենք՝ 2020ի պարտությունն ու այսօրվա ճգնաժամը ժամանակավոր են եւ համազգային ճիգերով հաղթահարելու ենք թե ներքին, թե արտաքին ամեն խոչընդոտ:

Ընկեր Դավիթ Իշխանյանին իր նոր ու պատասխանատու պաշտոնին ընտրվելու առթիվ մաղթում ենք բեղուն գործունեություն եւ լիակատար հաջողություն:

Տեսանյութեր

Լրահոս