Կյանքից հեռացել է դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն
82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն: Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին։
«Կյանքից հեռացավ Իրինա Պետրովնա Միրոշնիչենկոն… Նա հիվանդ էր, չկարողացավ հաղթահարել հիվանդությունը», – ասել է նա։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միրոշնիչենկոն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ նա սրտի կանգ էր ունեցել։ Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։
Իրինա Միրոշնիչենկոն ծնվել է 1942 թ. հուլիսի 24-ին Բառնաուլում։ 1965 թ.-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և ընդունվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերախումբ, որի բեմում հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում։
Կինոէկրանին դերասանուհին առաջին գլխավոր դերը խաղացել է «Նրանց ճանաչել են միայն դեմքով» (1966) պատերազմական դրամայում։ Այնուհետև նա նկարահանվել է «Ռեզիդենտի սխալը», «Առաքելություն Քաբուլում», «Գաղտնի ծառայության գործակալը», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Ձմեռային բալենի» և շատ այլ ֆիլմերում։
1998 թ.-ին Միրոշնիչենկոն արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու կոչման։ Պարգևատրվել է նաև խորհրդային «Պատվո նշան» շքանշանով և Ռուսաստանի Պատվո շքանշաններով (1998թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և Բարեկամության IV աստիճանի ու III աստիճանի շքանշաններով։