Արման Սահակյանի ընտանիքին պատկանող Երևանի շոկոլադի գործարանը կրկին արտոնություն ստացավ
Գործադիրը հերթական նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Երևանի շոկոլադի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը:
Մասնավորապես նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՓԲԸ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․6 մլրդ դրամի ներդրում, որից 8․8 մլրդ դրամը՝ հումք ու նյութերի ձեռքբերման, 3․4 մլրդ դրամը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ մինչև 204,000 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 459․3 մլն դրամ։
Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- ասվում էր չզեկուցվող նախագծի հիմնավորման մեջ:
Ի դեպ, գործող կառավարությունը դեռ իշխանամուտի ժամանակ նույն ընկերությանը հնարավորություն էր տվել Հայաստան ապրանքներ ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքը վճարելու. հունիսի 15-ին նորից անձամբ Նիկոլ Փաշինյանն էր ստորագրել որոշումը:
Իսկ «Երևանի շոկոլադի գործարան» ընկերությունը գործող իշխանություններին կապվում է սյուժետային երկու գծերով. առաջինը՝ լիզինգատու կազմակերպության սեփականատեր Վարդան Սերմաքեշն է, որը 2018 թվականից հետո ակնհայտ ջերմ հարաբերություններ է հաստատել Փաշինյան-Հակոբյան զույգի հետ, մյուսը՝ «Երևանի շոկոլադի գործարան»-ի հիմնադիր սեփականատեր Սոս Սահակյանի որդին՝ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր, 2018 թվականի հունիսի 2-ից ՀՀԿ–ն լքած,այնուհետև, ըստ մամուլի, իր սանիկ Միսակ Բալասանյանի հետ Գյումրիում ՔՊ «բալետ անող» Արման Սահակյանը:
Վերջինս, բացի «Սովրանո» ընկերությունից ու մի շարք այլ բիզնեսներից, նաև «Պրեսստենդ» ընկերության սեփականատերերից է, որը զբաղվում էր նաև Փաշինյանների ընտանեկան բիզնես «Հայկական ժամանակի» վաճառքով։
«Երևանի Շոկոլադի Գործարան»-ը գործունեություն է ծավալում 2006 թվականից և կոչվում էր «Սոնագրո»: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է 2010 թվականին. համասեփականատերերն են Սոս Սահակյանը և նրա դուստրը՝ Սոնա Սահակյանը: