Տոնոյանի և մյուսների չարաշահումներում Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխանատու համարո՞ւմ է. նա արգելել է ՊՎԾ ստուգումները

2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր՝ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:

«Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, սակայն կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտան երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»,- շարունակել էր նա:

2019-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել էր.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Ես ուզում եմ այսօր վերահաստատել դա և պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ՝ համակարգային կոռուպցիա ասելով: Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Ուրախ եմ և հպարտ՝ արձանագրելու համար, որ, այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»:

Առայժմ մի կողմ թողնենք հեղափոխություն կոչվածից հետո Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, նրա շրջապատի, մերձավորների, թիմակիցների կողմից կատարվող կոռուպցիոն գործարքների, պետբյուջեն ուղղակիորեն մսխելու, բիզնեսներ և կարողություններ յուրացնելու մասին մամուլում գրեթե ամեն օր հրապարակվող փաստերով լի հրապարակումները և այս պահին մեկ դրվագի վրա կենտրոնանանք:

Վերոնշյալ հայտարարություններից հետո, ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա: Կրկնում ենք՝ այդ մասին հենց Փաշինյանը իր քայլերով վկայեց: Մասնավորապես, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանին։

Վերադառնալով Փաշինյանի պնդմանը, թե «որոշակի չափաբաժիններով գումար այլևս չի հոսում դեպի վերև և հասնում մինչև ամենավերևները», այսինքն, համակարգային կոռուպցիան հաղթահարված է, նշենք, որ Փաշինյանի հետ «թավշյա հեղափոխություն» արած և պաշտոն ստացած Դավիթ Սանասարյանն իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառման տակ, թե՝ «2018թ. մայիսից հետո ինչու հրահանգ չի տրվել վարչապետի կողմից Պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում», հետևյալ մեկնաբանությունն է թողել.

«Արթուր ջան, ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:

Սա՝ այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում՝ 2018-ի վերջերին, պարզվում է, ռազմական գերատեսչությունում պիտանի են համարել 2011-ին անորակ գնահատված հրթիռները:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ խոշոր չարաշահումներ թույլ տալու պատճառով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, տեղյակ լինելով 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, և որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ է տվել, այսինքն, դրական եզրակացություն:

Արդեն տեղեկություններ կան, որ այս գործով ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Բացի այս, այս պահին կալանավորված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։

Ազգային անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրենը՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։

Այն, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես, ՀՀ Զինված ուժերում աշխատած կամ աշխատող, պետք է օրենքի սահմաններում թույլ տված չարաշահման համար պատասխանատվության ենթարկվի, դա անվիճելի է, մյուս կողմից, չպետք է անտեսել փաստը, որ այս տեսակ չարաշահումները հնարավոր չէ գաղտնի անել՝ առանց վերևների իմացության: Եթե անգամ այդպես է, դա ևս ամենավերևներում նստածների օգտին չի խոսում, քանի որ խոսքը երկրի անվտանգությանն ու դրա ապահովմանն ուղղված սպառազինությանն է վերաբերում: Այս և այլ հարցերի պատասխանը, թերևս, կտար Նիկոլ Փաշինյանի թույլ չտված ՊՎԾ ստուգումները ՊՆ-ում: Երևի փաստերը «ջրի երես» հանելու ժամանակը չէր հասունացել:

Ի դեպ, դեռ պատերազմից անմիջապես հետո էր Դավիթ Գալստյանին և Դավիթ Տոնոյանին թիրախավորել իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Մամուլում հրապարակումներից պարզ դարձավ, սակայն, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէր քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։ Նա ցանկանում էր զենքի մատակարարման հարցերում իր բաժին մասնակցությունն ունենալ:

«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա, պարզվում է, նվաստացրել էր զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Տոնոյանին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։

Ա. Քոչարյանի հետ կապված երկրորդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։

«Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։

Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքն ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն էր ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչու է ոչ նպատակահարմար։

«Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ. նոր գործարանային արտադրանքի գինը։ 2 ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված էր գրության մեջ։

Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն»,- գրել էր թերթը։

Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել էր, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են. «Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։ Թերթի լրագրողը հետաքրքրվել էր զենքի վաճառքի և ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։

«Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։

Ինչո՞վ են խաբել,- հարցրել է լրագրողը: ՙ«Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների»,- գրել էր «Հրապարակը»։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը սպառազինության հետ կապված այս օրերին բացահայտված լրջագույն չարաշահումների հարցում համարո՞ւմ է իրեն թիվ մեկ պատասխանատուն, թեկուզև ոչ մեղավորը, թե՞ ինքը տեր է միայն, այսպես ասած, սպառազինության աննախադեպ գնումներին, որոնք չկարողացան խաղաղություն ապահովել, ինչի համար որ գնվել էին:

Տեսանյութեր

Լրահոս