Նախարարության աղետալի վիճակը ո՛չ իր կադրերի գաղթը չկանխող Փաշինյանին է հետաքրքիր, ո՛չ էլ 17:59-ին աշխատանքն ավարտող Գրիգոր Մինասյանին
Շաբաթներ առաջ 168.am-ը գրել էր Արդարադատության նախարարությունում, մասնավորապես՝ փոխնախարարների ցածր մասնագիտական պատրաստվածության ու դրանից բխող հետևանքների մասին:
Ցավալի է, բայց Արդարադատության նախարարի տեղակալների մասնագիտական մակարդակն այս պահին ամենացածրն է Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Բախտի բերմամբ այժմ Արդարադատության փոխնախարարներ դարձած անձինք, ինչպես պարզ է դառնում Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից, չունեն որակյալ կրթություն, գիտական աստիճան և չեն դասավանդում որևէ բուհում։
Սովորել են ցածր հեղինակություն ունեցող բուհերում՝ Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ, Հյուսիսային համալսարան, ՆԳՆ դպրոց, Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա։
Արդարադատության այժմյան փոխնախարարներն իրավունքի որևէ ճյուղի բնագավառում որևէ ձեռքբերում չունեն, ճանաչված չեն իրավաբանական համայնքում, առավել ևս՝ ակադեմիական համայնքում։
Ամոթալի ու նվաստացուցիչ է տեսնել, թե ինչպես են Արդարադատության ներկայիս փոխնախարարները խայտառակ լինում Ազգային ժողովում (ԱԺ), երբ չեն կարողանում ըստ էության զեկուցել օրենքի նախագծեր, արտաբերում են նրանց տրված տեղեկանքից անգիր արված տեքստեր, չեն կարողանում պատասխանել իրենց իսկ կողմից զեկուցվող նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցերին, անգամ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների։
Որպես օրինակ՝ կարող ենք հիշել այն դեպքը, երբ Լևոն Բալյանն ԱԺ-ում չէր կարողանում բացատրել, թե ինչի մասին է իր զեկուցած նախագիծը։
Խոսքը վերաբերում էր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն սահմանելուն:
Մյուս փոխնախարարի՝ Արա Մկրտչյանի «տպավորիչ» կենսագրությունում նշված է, որ նա եղել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, սակայն հոդաբաշխ կերպով չի կարողանում բացատրել ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող վավերականության կնիքի նշանակությունը՝ ասելով, որ պատգամավորի կողմից նշված կնիքն օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացու վավերականության մասին է, և որևէ այլ պետությունում նման կարգավորում չկա։ Թե ինչպես պիտի քաղաքացին վավերական լինի, թերևս, միայն Արա Մկրտչյանը կարող է բացատրել:
Ի դեպ, Վիզաների վարչությունում աշխատանքն այնքան է գերել սույն փոխնախարարին, որ, վիզաներով գայթակղված, ստեղծել է [email protected] էլփոստը։
Գուցե, օրինակ, եթե Արա Մկրտչյանի ժամանակի զգալի մասը չտրամադրվեր ֆուտբոլ դիտելուն, այլ մասնագիտական զարգացմամբ և աճով զբաղվելը լիներ փոխնախարարի առաջնահերթությունը, քրեական իրավունքի և դատավարության քաղաքականության ոլորտն այսքան անմխիթար չլիներ։ Չնայած քրեաիրավական քաղաքականություն մշակելու կամ այդ գործընթացը պատշաճ համակարգելու համար պետք են քրեական իրավունքի գիտության և դրա զարգացման մասին խոր գիտելիքներ, հետևաբար՝ քրեական իրավունքի գիտությանն անհաղորդ սույն փոխնախարարին դժվար թե դա հաջողվի։
Համեմատության համար պարզապես նշենք, որ նախկինում Արդարադատության փոխնախարարներ են եղել Արման Թաթոյանը, Եղիշե Կիրակոսյանը, Ռուբեն Մելիքյանը, Դավիթ Մելքոնյանը, Արամ Օրբելյանը, Գրիգոր Մուրադյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Խաչիկյանը, որոնք բոլորն էլ ունեցել են գիտական կոչումներ, զբաղվել գիտությամբ և դասավանդել բուհ-ում։
Եվ քանի որ 17։59-ին աշխատանքն ավարտող Գրիգոր Մինասյանը բացարձակ անտարբեր է Արդարադատության նախարարության և դրա գործունեության որակի նկատմամբ, և նրան ավելի շատ հետաքրքիր է՝ ոնց գոհացնի Նիկոլ Փաշինյանին ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, իր ընկեր, բիզնես-գործընկեր Կարեն Անդրեասյանին՝ դադարեցնելու հերթական դատավորի լիազորությունը, բնականաբար, իր տեղակալների գիտելիքների մակարդակով էլ չի հետաքրքրվում և Նիկոլ Փաշինյանին փոխնախարարի թեկնածուներ առաջարկելուց առաջ էլ իրեն շատ չի տանջում՝ մտածելով, որ բարձրագույն կրթություն չունեցող վարչապետին այսպիսի փոխնախարարները լիովին բավարար են։
Իսկ որ բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանին անգամ իր աշխատակազմից որակյալ կադրերի գաղթը չի հետաքրքրում, գրել էինք ընդամենը օրեր առաջ: