Բռնության սպառնալիքով ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի
Հայաստանում քրեական պատիժ կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանփակելուն ուղղված գործողություններ կատարելու, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիտում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Ներկայում գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար: Բալյանը նկատեց՝ այսինքն՝ գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, մինչդեռ ինքնիշխանությունը պետության, որպես սուբյեկտի, հիմնական հատկությունն է:
«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։ Դրանք են՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները: Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը, տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև վաղաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»,-ասաց Բալյանը:
Իսկ եթե կոչերը կատարվել են՝ հրապարակային ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Նախագծի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանփակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Բալյանը պարզաբանեց, որ արարքը պետք է զուգորդված լինի բռնի ուժով, այսինքն՝ որևէ գործողություն, որն ուղղված կլինի ինքնիշխանության դեմ, պետք է զուգորդված լինի բռնի ուժով:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համար անհասկանալի էր ձևակերպումը: «Ո՞վ է բռնի ուժով ստիպում հրաժարվել ինքնիշխանությունից: Եթե, օրինակ, ես կոչ արեցի, հետո բռնի ուժով ի՞նչ եմ անում, եթե չունեմ իշխանական լծակներ, քաղաքական գործիչ եմ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս ինքնիշխանության մասին խոսելիս նշեց, որ ձևակերպումն անհասկանալի է և հստակության կարիք կա: