Ասա՝ ով է փոխնախարարդ, ասեմ՝ ով ես դու
Վերջին օրերին 168.am-ը մի քանի առիթներով անդրադարձել է Արդարադատության նախարարությանը, նրա «մշակած» օրենսդրական նախաձեռնություններին, որոնք իրականում թելադրվում են այլ պաշտոնատար անձանց կողմից: Խոսքը վերաբերում է և՛ գործուն զղջման օրենքի խայտառակ փոփոխությունների նախագծին, և՛ բնակարանների վարձակալության՝ սպասվող նորամուծություններին, և՛ ԶԼՄ-ների վերաբերյալ նոր հայեցակարգին:
Գուցե Հայաստանում արդարադատության վիճակն այսքան անմխիթար չլիներ, եթե բացի քաղաքական պատվեր կատարելուց, արդարադատության նախարարը նաև իր աշխատակազմով զբաղվեր, եթե ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի հետ միասին, հրահանգ չկատարող դատավորների նկատմամբ ապօրինություններ գործելով՝ նրանց լիազորությունները դադարեցնելուց զատ, նաև զբաղվեր իր տեղակալներով, որոնց մասնագիտական գիտելիքների որակը, շատ մեղմ ասած, հարցեր է առաջացնում:
Այսպես, Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, օրինակ, ըստ Արդարադատության նախարարության կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության, 1994-1999թթ․ սովորել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2004-2007թթ․՝ Հայաստանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
«Տպավորիչ» կրթություն է, ինչ խոսք, և, հավանաբար, հենց Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում ստացած գիտելիքներն է Լևոն Բալյանը գործադրում, երբ կարգապահական միջնորդություններ է տանում Բարձրագույն դատական խորհորդ (ԲԴԽ), հետո լուրջ դեմքով մասնակցում է նիստերին, բայց լրագրողների հստակ հարցերին չի կարողանում պատասխանել:
Մյուս փոխնախարար Արա Մկրտչյանն ամբողջ կյանքում աշխատել է ոստիկանությունում և քննչական մարմիններում և այժմ էլ, ըստ էության, չի կարողանում դուրս գալ քննիչի կաղապարից։
Արա Մկրտչյանի հետ աշխատանքի բերմամբ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, զարմացած են նրա մասնագիտական գիտելիքների որակից, շատերն էլ մտահոգված են նրա համակարգման տակ գտնվող ոլորտների ճակատագրով։ Իսկ Արա Մկրտչյանը, ի դեպ, համակարգում է թվայնացման գործընթացը և քրեական օրենսդրության մշակման աշխատանքները:
Գրիգոր Մինասյանն իր տեղակալների ընտրության հարցում կարծես թե չի շտապել և հետևողականորեն ընտրել է հնարավոր վատագույններին՝ իրավունքը և արդարադատությունն անշեղորեն թաղելու նպատակով թերևս։
Մեր տեղեկություններով, սակայն, Արա Մկրտչյանի պարագան այլ է. փոխնախարարը Գրիգոր Մինասյանի սրտով էլ չէ. նրան հարկադրել են համաձայնել Արա Մկրտչյանի թեկնածությանը։
Թե ինչ կապ ունեն Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանն ու որոշ ՔՊ-ականներ Արա Մկրտչյանի նշանակման հետ, և իրականում ի՞նչ գործառույթներ է իրականացնում Արդարադատության նախարարությունում փոխնախարար Մկրտչյանը, կներկայացնենք մեկ այլ առիթով:
Արա Մկրտչյանը նախկին քննիչ է եղել. թե ինչպիսի քննիչ է եղել, հավանաբար ավելի լավ կպատմեն գործընկերները:
Ճակատագրի բերումով փոխնախարարի պաշտոնին հասած այս անձը, ըստ էության, Քննչական կոմիտեի թելադրանքով մշակում է քրեական ոլորտի քաղաքականությունը՝ առաջ բերելով խնդրահարույց նախագծեր:
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ Արա Մկրտչյանի՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (Օվիր) պետ եղած ժամանակ կատարած «փայլուն» աշխատանքի հետևանքով այսօր չեն կարողանում նույնականացնել և գտնել պարտադիր կրթությունից դուրս մնացած բազմաթիվ երեխաների։
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հարցերով զբաղվելու նպատակով Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել, որի աշխատանքները նախկինում համակարգում էր ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը, իսկ այժմ՝ գործող նախարար Ժաննա Անդրեասյանը։
168.am-ի տեղեկություններով՝ այս թեմայով քննարկումներ են կազմակերպվել նաև Կառավարությունում՝ այն ժամանակվա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ այս պահին ՀՀ-ում կա պարտադիր կրթությունից դուրս մնացած մոտ 10.000 երեխա։ Այդ քննարկմանը մասնակցել է նաև Արա Մկրտչյանը, այլ անձինք, ում անմիջական ոլորտային պատասխանատվության գոտում է խնդիրը, նույնպես ներկա են եղել, որոնց անուններն այս պահին չենք հրապարակում:
Իսկ միգուցե Արա Մկրտչյանն Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունների ժամանակ է՞լ է տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլապես դժվար նշանակվեր Արդարադատության փոխնախարար։
Իսկ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ահռելի թիվն ու դրա պատճառներն առանձին հրապարակման թեմա են: