Տարանջատում՝ հանուն փրկության, կամ՝ չլինել չ՛մարդ

Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։

Առաջին հայացքից սովորական թվացող այս տեղեկատվությունն իրականում սահմռկեցուցիչ է ու ամոթալի Հայաստանի հասարակության համար։ Ամոթը ակցիաների սակավամարդությունը չէ միայն, ինչն ինքնին, իհարկե, ցավալի է։ Ամոթ է հիմնականում Երևանում գտնվող արցախցիների մասնակցությամբ կազմակերպած ակցիայի նպատակը՝ քաղաքացիների իրազեկումը։ Այսինքն՝ 21-րդ դարում, համացանցի, հեռուստատեսության, տեղեկատվության բոլոր միջոցների գերհագեցվածության պայմաններում Երևանում դեռևս կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ Արցախում բնակվող իրենց 120 հազար հայրենակիցներն ավելի քան յոթ ամիս գտնվում են շրջափակման մեջ, իսկ արդեն մեկ ամսից ավելի՝ ապրում են թերսնվածության պայմաններում ու սովամահության ամենատեսանելի սպառնալիքի ներքո։

Իրականությունը, սակայն, ավելի դաժան է, քան սովորական անտեղյակությունը, որ անկարելի է թվում տեղեկատվության առատության պայմաններում։ Խնդիրը նոմինալ ինֆորմացվածությունը չէ, որը որպես իրենց ակցիաների մոտիվացիա՝ բարեկամաբար ու քաղաքավարորեն ներկայացնում են ակցիայի նախաձեռնողները։ Երևանում բնակվող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, իհարկե, գիտի՝ ինչ է կատարվում Արցախում։ Խնդիրը, սակայն, պատկերավոր ասած՝ «իմանալ-ապրելն է», որը քրեորեն պատժելի իմանալ-չհայտնելու պարագայից շատ ավելի անմարդկային է ու հակաբարոյական։ Իմանալով, ահա, թե ինչ է կատարվում Արցախում և ինչ է սպառնում արցախահայերին, Երևանի բնակչության մեծամասնությունը շարունակում է ապրել այնպես, ինչպես ապրում էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը, շարունակում է ապրել այնպես, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել։ «Մենք Արցախն ենք» նախաձեռնության ակցիաների իրական իմաստը հետևաբար մարդկանց տեղեկացնելն է ոչ թե Արցախում կատարվողի մասին, այլ տեղեկացում-հիշեցումը մարդ լինելու ու չմարդ չլինելու վերաբերյալ։

Ընդհանրապես, Արցախում ու Հայաստանում տեղի ունեցած ու շարունակվող աղետներին հասարակության դերակատարության հարցում կա երկու ծայրահեղ մոտեցում։ Մեկը վիրավորական, անվանարկող դիրքորոշումն է, պայմանականորեն՝ հասարակությանը «ժեխ» որակելու մոտեցումը, մյուսը՝ ճիշտ հակառակը՝ հասարակությանը որպես անձեռնմխելի, տաբու ներկայացնելը, ըստ որի՝ անթույլատրելի է նրան որևէ բանում մեղադրելը։ Իրականությունը, ինչպես հաճախ է պատահում, երկու ծայրահեղությունների մեջտեղում է։ Այո, մեր հասարակությունն այնքան վատը չէ, ինչպես ներկայացնում են «ժեխ»-ի թեզի հեղինակները, բայց միևնույն ժամանակ՝ այնքան լավը չէ, ինչպես թմբկահարում են հիմնականում հանրությունից շահ ունեցող ու, որպես կանոն, իշխանության հետ ասոցիացվող շերտերը։ Մեր հանրությունն ունի բազմաթիվ խորքային, հիմնարար արատներ, որոնց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, քանի որ լռությունը, անտեսումը միայն ավելի է խորացնում դրանք։ Ա

Կարդացեք նաև

րցախի ու արցախահայերի հանդեպ ոչ ամբողջական, սակայն մեծ զանգվածներ ներառող անտարբերությունն այդ բազմաթիվ արատներից մեկի դրսևորումներից է։ Մենք՝ որպես հանրություն, գրեթե զրկվել ենք ապրումակցելու ամենամարդկային կարողությունից ու երևույթներին վերաբերվում ենք միայն խիստ անձնական պրիզմայով։ Նաև դա է պատճառը, որ այսօր, առավել քան երբևէ, պետությունն ու պետականությունը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առաջ, որովհետև պետությունն այդուհանդերձ կոլեկտիվ, համահանրային բարիք է, որը հնարավոր չէ պահպանել գերինդիվիդուալիստական ապրելակերպով։

Հայաստանի իշխանությունն ամենալկտի կերպով ուղղակի լքել է Արցախն ու արցախահայերին։ Հիմա մեր հասարակությունը տեսական թվացող շանս ունի՝ ցույց տալու, որ չի կիսում իշխանության այդ ազգադավ մոտեցումը և կանգնած է իր հայրենակիցների կողքին։ Առայժմ զարգացումները, ցավոք, հակառակի մասին են վկայում, հասարակության ոչ բոլոր, բայց բավական թվով անդամներ հաճույքով մասնակցում են նաև Արցախի հարցից ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունների ուղղակի ու անուղղակի մասնակցությամբ կազմակերպվող/խրախուսվող գարեջրի փառատոներին ու զանազան այլ գինարբուքներին, աշխարհի տարբեր երկրներից թանկարժեք դիջեյներով կազմակերպվող փարթիներին։

Հիմա, Արցախի համար գոյաբանական այս օրերին, ըստ էության, մեր հասարակությունը վճռում է՝ նույնանա՞լ հակամարդ ու հակահայ իշխանության հետ, թե՞ տարանջատվել նրանից, այդ տարանջատումը գործնական քայլերով ծառայեցնելով Արցախի փրկությանը։

Լայն իմաստով, Արցախի ինքնորոշման նպատակ հետապնդող «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացման հեռանկարն այսօր կախված է նրանից՝ արդյոք հայ հասարակությունը, ՀՀ քաղաքացիները կիրականացնե՞ն «տարանջատում՝ հանուն փրկության»՝ այլընտրանք չունեցող գործողությունը, թե՞ ոչ։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ Արցախի, որքան՝ նաև Հայաստանի փրկությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս