2020 թվականին՝ միանգամից մի քանի նվիրատվություն. Ի՞նչ է հայտարարագրել դատավոր Դադոյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում արդեն հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:
168.am-ի հերթական անդրադարձը հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Դադոյանի հայտարարագրի մասին է:
2021թ. ապրիլին Ազգային ժողովն ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը. փոփոխություններ արվեցին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և այլ օրենքներում։ 2022-ի հուլիս-օգոստոս ամիսներին նշանակվեցին կոռուպցիոն գործեր քննող դատավորները:
ԲԴԽ-ն, ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի այդ ժամանակվա պաշտոնակատար, մամուլի սիրելի հերոս Սերգեյ Չիչոյանի, Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Սարգիս Դադոյանի թեկնածությունը:
Ասել է թե՝ նաև իշխանությունների համար վստահելի Սերգեյ Չիչոյանն է վստահություն ունեցել իր «զեմլյակ»՝ գավառցի Սարգիս Դադոյանի ուժերի հանդեպ:
2022 թ. օգոստոսի 8-ին Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության, ապա նաև՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սարգիս Դադոյանը ստանձնեց դատավորի պարտականությունները:
Սարգիս Դադոյանի անունն առավել հայտնի դարձավ այս իշխանությունների համար կարևոր «նախկիններին» վերաբերող մի քանի գործերով. օրինակ, հենց Սարգիս Դադոյանն է մերժել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ի դեպ, ընտրված համայնքապետը ձերբակալվել էր Վանաձորի ընտրություններից հետո, հենց Սարգիս Դադոյանն է կալանքի տարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ 2018 թվականից հետո բացված, ապա հիմնազուրկ լինելու հանգամանքով կարճված, իսկ 2019 թվականին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի «ջանքերով» վերաբացված գործով։
Նշենք՝ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ նշել են՝ Արմեն Աշոտյանի գործը իրավական տիրույթից հեռու է, իսկ նրա կալանավորումը՝ քաղաքական որոշման հետևանք:
Ի դեպ, Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո Ֆեյսբուքում շրջանառվում էր մի մեկնաբանություն, որով Կար Դադոյան օգտատերը տեղեկացնում էր. «Դադոյանն իր հորեղբոր որդին է ու ինքը կարող է նրան ասել, որ Աշոտյանին «ցմահ տա»:
ԲԴԽ-ից ավելի ուշ շտապել էին հերքել Դադոյանների ազգակցական կապերը:
Դարձ ի շրջանս յուր. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս Դադոյանը 2023 թվականին՝ 2022 թվականին առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ
2022 թվականի տարեվերջին դատավորը բաժնային սեփականության իրավունքով շարունակել է տնօրինել 2020 թվականի մայիսի 17-ին որպես նվիրատվություն ստացած (առանց նվիրատուի մասին որևէ հիշատակման) Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գտնվող 3 հողամասերը և անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով, Տոյոտա մակնիշի մարդատար ավտոմեքենան:
Նկատենք՝ նախկին այլ հայտարարագրերում 3 հողամասերը և բնակելի տուն ձեռք բերելու տարի է նշվել ոչ թե 2020 թվականի մայիսի 17-ը, այլ 2020 թվականի հունվարի 1-ը:
Սարգիս Դադոյանի հաշվետու տարվա եկամուտները
Դատավորը շուրջ 7 միլիոն դրամ աշխատանքի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է ստացել Բարձրագույն դատական խորհրդից և ԱԱԾ աշխատակազմից:
Հիշեցնենք՝ դատավորը, մինչև նշանակումը՝ 19․08․2019-21․03․2022թթ․, աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ։
Տվյալ տարվա վերջում Սարգիս Դադոյանն ունեցել է 700 հազար դրամի չափով կանխիկ գումար:
Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Սարգիս Դադոյանի եղբայրը՝ Հրանտ Դադոյանը, ՔԿ ավագ քննիչ է: