«Ռուսաստանին 2 տարբերակ է մնում գործելու. 2-ն էլ մեզ համար պրոբլեմատիկ են լինելու». Հայկ Խալաթյան
«ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ գոնե մեզ մոտ ստորագրեք այս «խաղաղության պայմանագիրը». ես դրա մեջ մեծ տրամաբանություն չեմ տեսնում: Եթե նախկինում հասկանում էինք՝ ռուսական տարբերակն ինչով է առանձնանում արևմտյանից, նույն Արցախի կարգավիճակն ապագային թողնելը, որը հասկանալի է՝ առաջին հերթին ՌԴ շահերից էր բխում, որպեսզի նա ազդեցության լծակ ունենա Հայաստանի և հատկապես՝ Ադրբեջանի վրա, որովհետև ուրիշ որևէ լուրջ լծակ չկա, ապա այս ֆոնին ես չեմ հասկանում տարբերությունը: Եթե ես Արևմուտքի տեղը լինեմ, կողմերին կոչ կանեմ գնալ և Մոսկվայում ստորագրել այդ փաստաթուղթը, եթե մեկ է, այդ փաստաթղթի արդյունքում շահելու է Արևմուտքը, ավելի լավ է Մոսկվայում ստորագրվի, թող այդ գործընթացի ամբողջ նեգատիվը Մոսկվային բաժին ընկնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Նա նկատեց, որ ոչ միայն իր, այլև շատերի դիտարկմամբ՝ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ո՛չ վստահություն կա, ո՛չ էլ, առանձնապես, հարգանք. «Եթե նախկինում շատ հազվադեպ էին պաշտոնական մակարդակով ուղիղ մեղադրանքներ հնչում ՀՀ իշխանությունների հասցեին, որ նրանց նպատակը Ռուսաստանը դուրս մղելն է, հիմա մենք տեսնում ենք, որ արդեն այդ պաշտոնական մակարդակով են այդ ակնարկները, որ՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի օգնի Արևմուտքին, Ադրբեջանին, Թուրքիային՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Այս ֆոնին, մանավանդ հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, իհարկե, Ռուսաստանի համար շատ դժվար է: Այստեղ (նկատի ունի ՌԴ-ում) քննարկումներ են ընթանում ռուս փորձագիտական աշխարհում, թե ինչպես կարելի է իրավիճակը ուղղել, կարմիր թելով միտք է գնում, որ՝ դիմացեք, մինչև մենք Ուկրաինայում կվերջացնենք, հետո կգանք, կօգնենք: Բայց ես մեր ռուս գործընկերներին բացատրում եմ՝ մենք հո վակուումում չե՞նք ապրում, այնպես չէ, որ միայն մենք ենք ու Ադրբեջանը, այստեղ կան ուրիշ խաղացողներ՝ Արևմուտքը, Թուրքիան, որոնց նպատակն է այնպես անել, որ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը հնարավորություն էլ չունենա տարածաշրջան վերադառնալու և վերանայելու այս ներկա զարգացումների արդյունքը»:
Քաղաքական մեկնաբանը շեշտեց՝ Ռուսաստանի ամենամեծ թերություններից մեկն անհեռատեսությունն է. «Նրանք ռազմավարության մասին մոռանում են, մարտավարական հաջողությունների հետևից են ընկնում, մոռանում են, թե դա ռազմավարական ինչ հետևանքներ է ունենալու: Ես կարող եմ վստահեցնել, որ դա ոչ միայն Հայաստանի հետ է կապված. Տեսեք՝ ռուս-պարսկական հարաբերություններում ինչ խնդիր է առաջացել, որովհետև արաբական երկրների հետ համաժողովում Ռուսաստանը մի հայտարարության տակ է ստորագրում, որը շատ բացասական արձագանք ունեցավ Պարսկաստանում: Նրանք միգուցե փորձել են այդ պահին սիրաշահել Պարսից ծոցի երկրներին, իսկ հիմա փորձում են պարսիկներին հանգստացնել, իսկ մենք տեսնում ենք՝ ռուս-պարսկական հարաբերություններն ինչ զարգացում են ապրում»:
Հայկ Խալաթյանն ընդգծեց՝ Ռուսաստանին երկու տարբերակ է մնում գործելու. «Առաջին՝ եթե այս պատերազմը շատ ավելի դժվար ձևով գնա Ռուսաստանի համար, կարող է Հարավային Կովկասից հեռանալ, դա կներկայացնեն այսպես՝ մեզ մոտ լավ հարաբերություններ են Պարսկաստանի հետ, Թուրքիայի հետ՝ մի կողմից կոնֆլիկտային, մյուս կողմից՝ գործընկերային, Թուրքիան էլ խոստում կտա Ռուսաստանին, կասի՝ վերջնականապես գնացեք Հայաստանից, բայց խոստանում եմ, որ ձեր շահերը որոշ չափով հաշվի կառնեմ: Երկրորդ տարբերակը, որն ավելի հավանական է, այն է լինելու, որ վերջին պահին Ռուսաստանը փորձելու է կտրուկ ամեն ինչ անել, որպեսզի մնա տարածաշրջանում, և դա էլի մեծ խնդիր է մեզ համար բերելու: Թե՛ առաջին տարբերակն է մեզ համար պրոբլեմատիկ, իսկ երկրորդը, որ Ռուսաստանն ասի՝ ես այսպես սուս-փուս չեմ գնալու տարածաշրջանից, դա էլ է շատ լուրջ խնդիրներ բերելու, և էլի էպիկենտրոնում մենք ենք լինելու: Դրա ռեսուրսը Ռուսաստանն ունի, հիմա դա դրական հետևանք կունենա Ռուսաստանի համար, թե միևնույն է, ստիպված է լինելու հեռանալ, այ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Բայց որ կտրուկ ճգնաժամ ստեղծելու ռեսուրս ունի, դա ակնհայտ է»:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցին, նա հետևյալն ասաց. «Ես մի մտավախություն ունեմ, որ Արցախի ներկայիս իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ իմիտացիա են անում, հասկանալով, որ էմոցիաները եզրին են հասնում, պայթյուն կարող է տեղի ունենալ: Այս ֆոնին Հայաստանի և Արցախի ներկայիս իշխանությունները, իմ կարծիքով, սերտ համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ, նույնիսկ նրանց հայտարարություններն են այդ մասին վկայում, երբ բոլորին մեղադրում են, կոչ են անում, և չգիտես՝ ինչու, միայն Նիկոլ Փաշինյանին բան չեն ասում: Ինձ մոտ մտավախություն կա, որ այս իմիտացիայով նրանք փորձում են իրավիճակը բերել մի հանգրվանի, երբ արդեն իրոք որևէ ելք չի լինելու, և որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, նրանք կանգնեն-ասեն՝ գիտեք՝ ինչ, մենք փորձեցինք մի բան անել, չստացվեց, եկեք՝ համաձայնեք, որ, օրինակ՝ Աղդամից ստանանք բեռներ:
Բոլորի համար հասկանալի է, չէ՞, թե դա ինչի է բերելու: Դա բերելու է նրան, որ Ադրբեջանը սկզբից կմատակարարի, հետո ամեն մատակարարման համար որևէ պահանջ է դնելու, այդ ընթացքում նա ասելու է՝ դե տեսնում եք՝ Լաչինի միջանցքի կարիքը չկա, եկեք՝ մոռանանք դա, միջազգային դատարանի որոշումները, և ընդհանրապես, մեր ինչի՞ն են պետք ռուս խաղաղապահները, եթե նրանց գլխավոր ֆունկցիաներից մեկի՝ Լաչինի միջանցքի ապահովման, կարիքը չկա: Ռուս խաղաղապահներին դուրս բերելուց հետո վերջնականապես կփակեն Արցախի հարցը: Էլի եմ ասում, ցավոք, ես մտավախություն ունեմ, որ Արցախի ներկայիս իշխանությունների կողմից այս գործընթացը միտված է գործունեության իմիտացիա անելուն: Արցախի նախագահի սպառնալիքը, որ կտրուկ քայլի է գնալու, ո՞րն է, նստելու տեղը պառկելո՞ւ է մի շաբաթ:
Դրա համար եմ ասում, որ լարված իրավիճակ է, Աստված չանի՝ կարող են որոշակի ռազմական գործողություններ սկսվել, իմ պատկերացմամբ՝ երկրի նախագահն այս իրավիճակում պետք է ամեն օր կապի մեջ լինի Հայաստանի իշխանությունների, ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարի, միջազգային հանրության հետ, հասկանա, թե Արցախի տարբեր շրջաններում ինչ իրավիճակ է, ինչքան սնունդ է մնացել, մտածի, թե Ադրբեջանի ծայրագույն քայլերի դեպքում ինչպես կարելի է որոշակի դիմադրություն ձեռնարկել: Եթե Ադրբեջանը գնա կտրուկ գործողությունների, նա փորձելու է ամեն ինչ անել, որ արագ հարցը փակվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում