Պահուստային ֆոնդի ավելացումը պետք է ունենա հիմնավորում, ինչը չենք տեսնում. տնտեսագետ
Կառավարության նիստում այս անգամ տնտեսական ձեռքբերումները հայտարարելու ֆինանսների նախարարի հերթն էր: Այսպիսով, Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 2023թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով և դրա հաշվին ևս 10 միլիարդ դրամով համալրվում է պահուստային ֆոնդը:
«Գերակատարում» բառի հետ, սակայն, համաձայն չէ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, քանի որ այդ բառի համար հիմնավորումները չի տեսնում:
«Բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվում են հարկային մուտքերից, ոչ հարկային մուտքերից, ինչպես նաև՝ պաշտոնական տրանսֆերտներից: Ինչի՞ հաշվին պետք է գերակատարում ունենանք. այդ երեք աղբյուրներից որևէ մեկով:
Պաշտոնական տրանսֆերտներում մեծացում տեղի չի ունեցել, իսկ ոչ հարկային եկամուտներն էլ գերակատարում չէին կարող ապահովել: Քանի որ հարկային դաշտի փոփոխություններ չեն կատարվել, բայց հարկային մուտքերը շատացել են, նշանակում է՝ ստվերային տնտեսության մեջ գտնվողները եկել են հարկային դաշտ,- 168.am-ի հետ զրույցում նախ արձանագրեց տնտեսագետը, ապա նկատեց,- Գերակատարում՝ նշանակում է, որ երկիրը ձևավորել է նոր հարկատուներ, որոնք կատարում են բարձր պարտավորություններ, ինչը ցույց է տալիս տվյալ երկրի պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:
Հետևաբար՝ սա չպետք է համարել գերակատարում»:
Վարդան Բոստանջյանն ավել գումարների հավաքագրումը համարում է հարկատուների՝ ստվերից դեպի տեսանելի դաշտ մտնելու արդյունք, իսկ պահուստային ֆոնդ ուղղված 10 միլիարդ դրամի ճակատագիրը՝ անորոշ:
«Եթե դու սկզբից բյուջեն սահմանել ես ոչ ճիշտ, դա արդեն իսկ քո խոցելի կողմն է. եթե դու ճիշտ սահմանեիր բյուջեի մուտքերը, «գերակատարում» կոչեցյալը չէիր ունենա:
Իսկ պահուստայի ֆոնդ ուղղելը ենթադրում է ստվերային շրջանառություն կազմակերպել՝ օրինակ, մարդիկ գնում են գործուղումներ, մեքենաներ են ձեռք բերում, և այլն,- նշեց նա՝ հիշեցմամբ, որ պահուստային ֆոնդը չնախատեսված ծախսերի ֆոնդ է,- Իսկ չնախատեսված կարող են լինել տարերային, տեխնածին և բնական աղետները, նման բաներ տեղի չեն ունեցել Հայաստանում, այսինքն՝ պահուստային ֆոնդի ավելացումը պետք է ունենա հիմնավորում, ինչը չենք տեսնում:
Հետո՝ պահուստային ֆոնդից հատկացումներ են կատարվում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնց տվել են երաշխիքներ, ինչի վերաբերյալ էլ չունենք հստակ պատկերացում՝ ում են տվել, որքան են տվել, և այլն»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բյուջեի եկամուտների կիսամյակային աճին, ներկայացրել էր հետևյալ ցուցանիշները. «Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի գումարի հավաքագրում ունենք 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի: Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի 1-ին կիսամյակի հետ. այս տարվա 1-ին կիսամյակին 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ՝ մենք հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 տոկոս»: