Սուլթանը և հարբեցող-ծովահենը
Ռուս-թուրքական տեսանելի ջերմացումը չէր կարող մշտական լինել, քանզի երկու պետությունների միջև համագործակցային մրցակցության դրսևորումները թելադրված են բացառապես սեփական շահերով:
Այս տեսակետից Թուրքիայի կողմից զարհուրելի համբավ ունեցող «Ազով» զորամիավորման ղեկավարների արտահանձնումն Ուկրաինային որևէ սենսացիա իր բովանդակության մեջ չի պարունակում, բայց բացահայտում է մի շարք գործընթացներ, որոնք կարող են նշանակություն ունենալ նաև Հայաստանի համար, քանզի Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որտեղ խճճվում են ռուսական և թուրքական շահերը:
Ինչո՞ւ Էրդողանը գնաց այդ քայլին, ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հարկ համարեց տրորել Մոսկվայի քաղաքական ինքնասիրությունը:
Փորձենք վերլուծել մի շարք գործոններ:
- Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո, որոնց ինտրիգը հանգուցալուծվեց շատերի համար բավականին հարթ ու անցնցում, Էրդողանն արդեն իրականացրել էր մի շարք քայլեր, որոնք մեղմել էին Արևմուտքի վրեժխնդրությունը կամակոր սուլթանի նկատմամբ:
Մասնավորապես, կառավարությունը համալրվել էր արևմտամետ գործիչների համբավ ունեցող դեմքերով, վերանայման է ենթարկվում Էրդողանի ֆինանսատնտեսական քաղաքականությունը թուրքական լիրի նկատմամբ և այլն:
Արևմուտքին հաճոյանալը փաստացի այն զենքն է, որ Թուրքիայի նախագահը վճարում է հետընտրական ցնցումներից խուսափելու և թուրք հասարակության բևեռացվածությունը մեղմելու համար:
- Էրդողանի հիշաչարության մասին լեգենդներ են պտտվում, և նա չի կարող չպատժել իրեն ձեռնոց նետած և նախընտրական փուլում Արևմուտքի ֆավորիտը հանդիսացող Քըլըչդարօղլուին, ում նկատմամբ արդեն մեկնարկել են քրեական պատժի գործընթացներ: Այս համատեքստում Արևմուտքին սիրաշահելու ևս մեկ խորհրդանշական ժեստը նրան չէր խանգարի:
- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Շվեդիայի անդամության հարցը, որին խոչընդոտում է հիմնականում հենց թուրք ղեկավարությունը, այդ հավաքի հանգուցային հարցերից մեկն է, որի մերժման դիմաց Էրդողանը կարող էր վճարել իր համար երկրորդային հարց հանդիսացող, բայց Ուկրաինայի և իր արևմտյան դաշնակիցների համար այդքան քաղցրահամ քայլով:
- Ռուսաստանի կեցվածքը Թուրքիայի հովանու և քավորության ներքո իրականացվող «պարենային գործարքի» նկատմամբ, երբ Մոսկվան այլևս չի պատրաստվում խաղալ մի խաղ, որից օգտվում են բոլորը, բացի իրենից, կարող էր Էրդողանի մոտ ատամ ցույց տալու ցանկություն առաջացնել:
- Ռուսաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն առնվազն իմիջային հարվածի փորձ էին Կրեմլին, որը շատ տհաճ և մինչ օրս շարունակվող նստվածք է թողել Ռուսաստանի ղեկավարության մոտ: Էրդողանը կարող էր չզսպել իր գայթակղությունը և դրժելով ՌԴ նախագահին տված խոստումը և ցուցադրաբար անտեսելով նրան՝ ցավեցներ Մոսկվային՝ տրորելով նրա հեղինակության կոշտուկը:
Իհարկե, թվարկված գործոնները չեն սահմանափակում Անկարայի այդ դեմարշի դրդապատճառները, որոնք կարող են ազդել նաև Հարավային Կովկասում իրադարձությունների հնարավոր զարգացման վրա:
Օրինակ, թրքամետ քաղաքականություն առաջ մղող Նիկոլ Փաշինյանի համար այն կարող է առիթ հանդիսանալ նոր թափ հաղորդելու Ռուսաստանից ազատվելու իր գեոպոլիտիկ խաղին, ինտենսիվացնել արևմտյան տրեկում ընթացող հայ-ադրբեջանական շփումները, մանավանդ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ:
Բոլոր դեպքերում ընթացիկ գեոպոլիտիկ փոթորիկների մեջ մեր խղճուկ դարձած նավակը շարունակում է ղեկավարել մեկը, ով ոչ թե նավակի կապիտան է, այլ 2018թ.-ին այն զավթած արկածախնդիր, միաչքանի, բարոյազուրկ հարբեցող-ծովահեն:
Եվ սա է հիմնական պատճառը, որ մի կողմից՝ Էրդողանն ազատ է արձակում ուկրաինացի զինվորականներին, իսկ նրա կինն Ալիևին խորհուրդ է տալիս հայ ռազմագերիներին պատանդ պահել և օգտագործել քաղաքական առևտրում:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.07.2023թ.