«Կոշիկ լիզողների» ստոկհոլմյան սինդրոմը
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հոդված էր «ձոնել» ՀՀ նախկին Նախագահ Սերժ Սարգսյանին և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Այդ հրապարակման ամբողջ իմաստն այն էր, որ Փաշինյանի անունից հարց հնչեցվի. եթե Արցախի շուրջ ձևավորված այս խայտառակ և ողբերգական վիճակի շուրջ Վարդան Օսկանյանը բեկումնային գաղափարներ ունի (այն է՝ առաջնահերթ փոխել բանակցողին), որին կողմ է արտահայտվել Երրորդ նախագահը, ինչո՞ւ դրանք չեն իրականացվել իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Ինչ խոսք, կապիտուլյանտի ստեղծած աբսուրդի թատրոնում զարմանալի ոչինչ չկա: Եթե խնդիրը լիներ Փաշինյանի լրատվամիջոցի հարցին անդրադառնալը քաղաքական (եթե կուզեք՝ քաղաքագիտական) կամ պարզ տրամաբանության հարթությունում, ապա կարելի էր ընդամենը նշել, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին Վարդան Օսկանյանի ներկայումս առաջ քաշած գաղափարը չի իրականացրել, որովհետև Սերժ Սարգսյանի պետական պաշտոն զբաղեցրած տարիներին՝ սկսած ԼՂՀ ՊԲ հրամանատարից, վերջացրած Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանով, Հայաստանն ու Արցախը նման խայտառակ և օրհասական վիճակում չեն եղել: Սերժ Սարգսյանի ստորագրությունն է 1992-ին Շուշիի ազատագրության պլանի տակ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում 1994-ին Սերժ Սարգսյանի ստորագրությունն է Ադրբեջանին զինադադար պարտադրող փաստաթղթի տակ, Սերժ Սարգսյանն է 2000-ականներին պաշտպանության նախարարի պաշտոնում ապահովել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը, ի վերջո՝ Սերժ Սարգսյանն է 10 տարի եղել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը և ստիպել Ադրբեջանին թե ռազմաճակատում, թե դիվանագիտական դաշտում Փաշինյանի ասած՝ «հանգիստ նստել իր տեղը»:
Այլ կերպ ասած՝ բոլորովին այլ իրավիճակ էր:
Երբ Սերժ Սարգսյանն էր զբաղվում արցախյան հակամարտության գործընթացով, հայկական պետականության վերին օղակներում մարդկային ու ազգային արժանապատվություն կար, Հայաստանն ու Արցախը հաղթանակած կողմեր էին, ագրեսորին խաղաղություն պարտադրող կողմեր էին: Միաժամանակ, Հայաստանում հայկականությունն ու պետականության հիմքերն ուրացող, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող պետական հանցագործների և ազգադավ պաշտոնյաների զանգվածային բուծում չկար, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակավ փնթփնթում էր, թե «փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:
Սակայն խնդիրն այն է, որ այս հերթական բարբաջանքին քաղաքական կամ տրամաբանական անդրադարձն անհույս և անիմաստ գործ է, քանզի սա ունի ոչ թե քաղաքագիտական, այլ հոգեբանական (շատերը կպնդեն՝ հոգեբուժական) բացատրություն: Հայկական դիվանագիտությունը «կոշիկ լիզելու» մակարդակի հասցրած Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը (հատկապես՝ արտաքին քաղաքական հատվածը) մի կողմից՝ «թուլացել և հաճույք» են ստանում թուրք-ադրբեջանական բռնաբարությունից, մյուս կողմից՝ գիտության մեջ հայտնի «ստոկհոլմյան սինդրոմին» համահունչ էմոցիոնալ կապ են զգում իրենց բռնաբարողների հետ՝ բռնաբարության փաստն իսկ ներկայացնելով՝ որպես ինքնակամ տրվելու գործողություն: Նիկոլ Փաշինյանն ու նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 1988-ի շարժումն ուրանալու, Արցախը հանձնելու և Հայաստանը թուրք-ադրբեջանական բուլվարի վերածելու հայրենադավ ծրագրի մեջ այնքան են խորացել, որ այդ ճանապարհից դույզն-ինչ շեղվելուց անգամ մահացու վտանգ են զգում:
Չէ՞ որ չբռնաբարվելու այլընտրանքը բռնաբարողին դիմադրելն ու պայքարել է, իսկ Փաշինյանն ու նրա թիմը վերջին 5 տարիներին հազար ու մի անգամ ապացուցել են, որ ունակ են պայքարելու միայն պադավատի ու պարգևավճարի համար՝ Հայաստանի ու Արցախի տարածքների հաշվին, հայ ժողովրդի որդիների կյանքերի ու արժանապատվության հաշվին: Ասվածի պարզ ապացույցը հայ համայնքի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտնի հայտարարությունն է, որը, եթե դիվանագիտական բառապաշարից վերծանենք, կստացվի այսպես՝ ինձանից ի՞նչ եք ուզում, Հայաստանի ու Արցախի անունից բանակցող վարչապետն ինչքան կարողացել է, այնքան կռացել է Ալիևի առջև ու դրանից հաճույք է ստանում, ես ի՞նչ կարող եմ անել:
Անշուշտ, հայ ժողովրդի «հավի հիշողության» վրա «ստավկա» արած կապիտուլյանտը հիմա ամեն ինչ անում է, որ մարդիկ մոռանան, թե 2018-ին իշխանությունը զավթելուց հետո մինչև 44-օրյա պատերազմն ինչպես էր որոճում այլոց, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանի կերտած հաղթանակը, ինչպես էր առիթ փնտրում, որ հայտարարի, թե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն է, ու թող ոչ մեկը չկասկածի «այդ հրամանատարական ունակությունների վրա», որ մարդիկ մոռանան, թե ինչպես էր Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրապարակավ կոչ անում «չշշկռել» «Նիկոլ Բոնապարտի» հրամանատար լինելու մասով:
Ավաղ (Փաշինյանի համար), այս ամենը հիշողներ ու արձանագրողներ կան, որոնք տեսել են կապիտուլյանտի հրամանատարական ունակությունների ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Տեսել, արձանագրել և շարունակում են արձանագրել, թե ինչպես իրեն առյուծ հորջորջողը վերածվեց սուլթանի ձեռնասուն փիսիկի: Միայն թե ափսոս, որ բռնաբարվելուց հաճույք ստացող կապիտուլյանտի «ստոկհոլմյան սինդրոմը» տարածվում է մի ամբողջ ազգի և պետության վրա, բայց դա էլ ժամանակի հարց է: Հուսանք՝ կարճ ժամանակի:
Ռուբեն Աբազյան