Բացումը հետաձգվում է. Թուրքական ապրանքների ներմուծման պատմական ռեկորդ է գրանցվել  

Հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, որին անհամբեր սպասում են իշխանությունները, հետաձգվում է։ Նախատեսվում էր, որ այն կսկսի գործել տարվա կեսից։ Տարին արդեն կիսվել է, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ։

Դեռ պատրաստ չէ նաև սահմանային մաքսային անցակետը, որն այս փուլում պետք է սպասարկի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների տեղաշարժը՝ հայ-թուրքական սահմանով։

Սահմանային Մարգարայում անցակետի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ի սկզբանե ակնկալվում էր օգտագործել նախկին մաքսատան շենք-շինությունները։ Սակայն հետո հայտարարվեց, որ դրանք գտնվում են վթարային վիճակում և պիտանի չեն շահագործման։ Ուստի, որոշվեց նոր ենթակառուցվածքներ անցկացնել։

Ապրիլի կեսերից մեկնարկել են աշխատանքները։ Առայժմ հայտնի չէ, թե դրանք երբ կավարտվեն։

Մինչ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար սահմանի բացման անորոշությունները պահպանվում են, վերջին շրջանում հայ-թուրքական ստվերային շփումներում կարծես որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։

Թեև ապրիլի 29-ին, Երևանում «Նեմեսիսի» արձանի բացման պատրվակով՝ Թուրքիան փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց և հայտարարեց, որ  պատրաստվում է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, այնուհանդերձ հուլիսի սկզբին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիայի տարածքով Հայաստանից թռչող օդանավերի համար թռիչքները վերականգնվել են։

Թե ինչո՞վ էր պայմանավորված թուրքական իշխանությունների նման «գթասրտությունը», իրենց պահանջներից հրաժարումն ու հայկական օդանավերի թռիչքների համար սահմանի բացումը, պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տրվել։ Բայց դա որոշակի ենթադրությունների տեղիք տալիս է։

Ի՞նչ զիջումների հաշվին են Թուրքիայի իշխանությունները հրաժարվել իրենց նախկին պահանջներից ու վերաբացել օդային տարածքը, գաղտնի է պահվում։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ կողմերը նոր պայմանավորվածությունների են եկել Չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունները ներառում են նաև ապագայում «Նեմեսիսի» արձանի ապամոնտաժումը։

Սա շատ հավանական է՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի ու պետական մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ արձանի աննպատակահարմարության վերաբերյալ։

Փաստն այն, որ չնայած հնչեցված կոշտ սպառնալիքներին, փակումից երկու ամիս անց Հայաստանում գործող ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով վերականգնվեցին։ Մնում է սպասել, թե այս անգամ դա ինչքան կշարունակվի։

Ցանկացած պահի թուրքական իշխանությունները կարող են նոր պատճառաբանություններ բերել ու փակել սահմանը։ Նման «առիթներ» միշտ էլ կարելի է գտնել։ Հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ սահմանի բացումը, բխելու է հայ-ադրբեջանական հարաբերություններից։

Այս պահին հայ-թուրքական օդային սահմանը կրկին բաց է թռիչքների, նաև օդային բեռնափոխադրումների իրականացման համար, թեև դա կարծես ոչ մեկին պետք չէ։ Օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջև հիմնականում չի իրականացվում։ Դրա անհրաժեշտությունն էլ, ըստ էության, չկա։

Ցամաքային սահմանը ևս փակ է, նաև երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար։

Սակայն դա չի խանգարում, որ երրորդ երկրների միջոցով հայ-թուրքական առևտուրը «եռա», բայց միայն մի ուղղությամբ։ Նախկինում երբևէ այսպիսի ծավալ և այսպիսի ակտիվություն՝ թուրքական ապրանքների ներմուծման առումով, չէր արձանագրվել, ինչպես այս տարի։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին հինգ ամիսներին Թուրքիայից Հայաստան է բերվել գրեթե 132 մլն դոլարի ապրանք։ Պատկերացնելու համար, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում, թուրքական ապրանքների մուտքը 73 մլն դոլարի կարգի էր։ Այս տարի ներմուծումներն ավելացել են 59 մլն դոլարով կամ ավելի քան 80 տոկոսով։

Առանձին ամիսներին Թուրքիայից ապրանքների հոսքը հասնում է ընդհուպ 31-32 միլիոն դոլարի։

Հունվարին ներկրվել է՝ 18,9 միլիոնի, փետրվարին՝ 21,2 միլիոնի, մարտին՝ գրեթե 32 միլիոնի, ապրիլին՝ 28,2 միլիոնի, և մայիսին՝ 31,6 մլն դոլարի թուրքական ապրանք։

Հինգ ամսում ընդհանուր 132 մլն դոլարի ապրանք է բերվել Թուրքիայից։ Այն դեպքում, երբ Հայաստանից արտահանումները Թուրքիա չնչին են։

Անցած տարի մի պահ որոշակի շարժեր արձանագրվեցին։ Թվաց, թե վերջապես Թուրքիան իր շուկան բացել է հայկական ապրանքների համար։ Բայց հետո պարզվեց, որ այդպես չէ. արտահանումը Թուրքիա աճել էր բացառապես հայկական ոսկու հումքի հաշվին։

Դա էլ երկար չտևեց։ Տարեվերջին ոսկու հումքի արտահանումը ևս դադարեց։

Մյուս ապրանքների մասով այդպես էլ տեղաշարժեր չեղան։ Չկան նաև այս տարվա սկզբին։

Հինգ ամսում Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է ընդամենը 3 մլն 362 հազար դոլար։ Գրեթե 40 անգամ քիչ, քան թուրքական ներմուծումը։ Այդ մի քանի միլիոնն էլ հավանաբար էլի ոսկու հաշվին է եղել։

Հայկական այլ ապրանքները թուրքական շուկայում տեղ չունեն։ Չնայած Թուրքիայի ղեկավարությանը հաճոյանալու՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց ջանքերին, դա էլ չի օգնում։ Թուրքիան հակված չէ առանց իր պահանջների լիակատարար բավարարման՝  թեկուզ մասնակի բացել իր երկրի դռները հայկական ապրանքների համար։

Փոխարենը՝ թուրքական ապրանքների հոսքը Հայաստան մեծ ծավալներով ու տեմպերով ավելանում է։

Այս տարի, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, թուրքական ապրանքների ներմուծման պատմական ռեկորդ է գրանցվել։ Փակ սահմանների պայմաններում, հինգ ամսում այդ երկրից 132 միլիոնի ապրանք է մտել Հայաստան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս