Սկզբնապես շատ ծնողների մեջ վրեժն էր խոսում, այսօր մեր գերխնդիրն Արցախը փրկելն է․ Արա Ռոստոմյան և Գարիկ Գալեյան
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կոչվածը կարծես մեկ դերասանի թատրոն լինի, բոլոր հարցերը նախօրոք պատրաստված են, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ մեկ օր առաջ հավաքվում, փորձ էլ են անում, թե ով ինչ տոնայնությամբ ու դեմքի արտահայտությամբ պիտի հարց տա։ ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն իր ասածից այնպես էր ոգևորվել, իբր այնպիսի հարց է տալիս, որի պատասխանը հենց այդ պահին պիտի ճշտի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի պատասխաններին, պետք է նրան հիշեցնել իր նախորդ ասածները, երբ տրամագծորեն հակառակ ինֆորմացիա էր տալիս։ Եթե նախկինում ասում էր, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, հիմա ասում է, թե իբր ամեն ինչ արել է՝ Շուշին պահելու համար։ Էլ ինչո՞ւ էիր պահում Շուշին, եթե այն դժգույն քաղաք էր։ Իրենք իրենցով հավաքվել են, որ մեղքը դարձյալ բարդեն ուրիշների վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը:
«Մեր պայքարը չի դադարել, այն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև տեսնենք այս դավաճան իշխանության փլուզումը։ Մենք պայքարում ենք, բայց միայնակ չենք կարող պայքարել։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ներգրավված կամ այդտեղ ելույթ ունեցող պաշտոնյաները կապիկություն ու դերասանություն են անում։ Հեռուստատեսությամբ այլևս հնարավոր չէ լսել որևէ ՔՊ-ականի ձայնը, կարծես թուրքական հեռուստաալիք դիտես։ Պայքարելու ենք, դուրս ենք գալու փողոց։ Միայն թե հանրությունը կաշկանդված է, բայց չէ՞ որ չպետք է վախենալ։ Պետք է գիտակցենք, որ այլևս որևէ մեկս երաշխավորված չէ, վաղը կարող է դուրս գանք մեր շենքի բակ, ու թուրքը մեզ գնդակահարի։ Պատերազմից անցել է շուրջ երեք տարի, բայց ոչ ոք չի պատժվել, Նիկոլը բոլորին մեղավոր է հանում՝ բացի իրենից»,- ասաց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Գարիկ Գալեյանը:
«2018-ից սկսած՝ ամեն առիթով Փաշինյանը մեղքը բարդել է ուրիշների վրա, միայն թե ինքը մեղավոր չլինի։ Դա հատուկ է պոպուլիստներին, նաև այն մարդկանց, որոնք երկիրն ուզում են տանել տոտալ բռնապետության։ Բոլոր երկրներում էլ այդպես է սկսվել, բռնապետներն իրենց մեղքը բարդել են մյուսների վրա։ Հիմա էլ արդեն զինվորականությունն է քավության նոխազ դարձել, բայց ով չի ուզում խոսել՝ կդառնա մեղավոր։ Նրանք պետք է խոսեն, ներկայացնեն իրական պատկերը, որ նա չկարողանա մեղքը բարդել մյուսների վրա։ Բոլոր ծնողները չէ, որ միանման են մտածում, ինչպես հասարակությունում։ Այդ հասարակության մի հատվածն էլ ծնողներն են, ծնողական համայնքում ևս տարբեր կարծիքներ ու մոտեցումներ կան։ Շատ ծնողներ ինքնուրույն են պայքարում, միգուցե ակտիվ պայքարի մեջ չեն, բայց մտածելակերպով նրանք մեզ պես են»,- նշեց Ռոստոմյանը:
Գարիկ Գալեյանի պնդմամբ՝ զարմանալի է մեր գեներալիտետի վարմունքը, օրեր առաջ ևս մի քանի զինվորական գեներալ դարձավ, բայց չէ՞ որ գեներալը պետությունն է պաշտպանում. «Եթե Նիկոլն իր ոտքերը մաքրում է մեր զինանշանով, ապա զինվորականին գեներալի կոչում շնորհում, նա էլ ընդունում է այն, ուրեմն գնում ենք կործանման։ Մենք հասկացել ենք, որ իրավական ճանապարհով խնդիրները չենք կարող լուծել, Գայանեի օրինակը դրա վառ վկայությունն է։ Ազգը կործանվում է, պետություն ենք կորցնում։ Գայանեն մայր է, որին ընդդիմությունը, քաղաքացիները, նստացույցի օրերին մեր կողքին կանգնածներն աջակցեցին։ Ծնողներին պետք է հանգիստ թողնել, այստեղ մեղավոր է համայն հայությունը։ Յուրաքանչյուրս էլ ծնող է։ Եթե զոհված տղաների ծնողները ոտքի չկանգնեն, ուրեմն մենք ազգովի վերջացա՞ծ ենք։ Այն ծնողները, որոնք ամբողջական ընտանիք ունեն, պիտի մտածեն իրենց զավակների մասին։ Բոլոր մայրերն ու հայրերը պիտի անհանգստանան, երկիր ենք կորցնում։ Դավաճանությունը պիտի բացահայտվի, պատասխան են տալու, անպատասխան ոչինչ չի մնալու»:
«Ծնողներ կան, որ հարցնում են՝ եթե դուրս գանք փողոց, ի՞նչ է փոխվելու, բայց ներքուստ հրաշալի գիտեն, թե իրենց տղաներին ով է սպանել, դավաճանել։ Շատերը դեռևս չեն կարողացել վիշտը հաղթահարել, որ փողոց դուրս գան, այլ հարցերով զբաղվեն։ Որևէ մեկն իրավունք չունի որևէ որդեկորույս ծնողի մեղադրելու։ Մենք անգամ չպետք է փողոց դուրս գայինք, նոյեմբերի 9-ից հետո այնքան մարդ պիտի հավաքված լիներ, որ օրվա իշխանություններին փոխեին, մենք էլ մտածեինք այլ հարցերի շուրջ։ Սկզբնապես շատ ծնողների մեջ վրեժն էր խոսում, բայց այսօր մեզ համար առաջնային խնդիրն Արցախի հողն է, որն ավելի սուրբ է, քան Երևանը, այնտեղ մեր որդիների արյունն է»,- ամփոփեց Արա Ռոստոմյանը: