ՄԱԿ-ը կանխատեսել է, որ դարի կեսերին սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվը կաճի 80 միլիոնով
Կլիմայի փոփոխության հետևանքով սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվն այս հարյուրամյակի կեսերին կարող է աճել 80 միլիոնով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը, որը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել «կանաչ տնտեսությանն» անցնելու համար, ներառյալ՝ աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։
Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում՝ մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ քննարկման ընթացքում, նա հիշեցրել է, որ 2000-ից մինչև 2023 թվականը «գլոբալ մասշտաբով կլիմայական գործոնների և հեղեղների հետ կապված տարերային աղետների թիվը աճել է 134 տոկոսով»։
«2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդու համար առաջացել է սովի խնդիր: Ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխությունը մինչև այս դարի կեսերը սովի վտանգի տակ կդնի ևս մինչև 80 միլիոն մարդու՝ ստեղծելով հուսահատության և կարիքի հիրավի սոսկալի մասշտաբներ», – ասել է Թյուրքը:
Ներկայումս էքստրեմալ եղանակային երևույթների ծանր հետևանքները պարենային անվտանգության համար առավել սաստիկ են զգացել իրենց վրա Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների, Ասիայի, փոքր կղզի պետությունների, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները:
«Գլոբալ տաքացման արագացման հետ մեկտեղ, այդ հետևանքները կդառնան ավելի ու ավելի լայնածավալ և ինտենսիվ», – զգուշացրել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը՝ նշելով, որ ոչ մի երկիր չի խուսափի դրանից:
Նրա կարծիքով՝ իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է «վերջ տալ հանածո վառելիքի ճյուղի անիմաստ սուբսիդավորմանը» և սկսել «աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից»։ Թյուրքը կարծում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ խորհրդաժողովը պետք է «վճռական շրջադարձային կետ» դառնա համաշխարհային հանրության գործողությունների համար: