Անվճար տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնվել է. ավելացել է նաև շահառուների թիվը
ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրում կատարվել են բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է։
«Կառավարության որոշմամբ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը։ Ասեմ, որ մինչ այս որոշումը, գործող ընթացակարգով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք անհրաժեշտ դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։ Այժմ ամբողջությամբ անվճար տրամադրվելու է»,-ասաց Մարինե Հարությունյանը։
Մասնագետը նշեց, որ մասնագիտական խմբով պարբերաբար ուսումնասիրություններ են անում և առկա պահանջարկից, խնդիրներից ելնելով էլ պարբերաբար ծրագրում կատարվում են փոփոխություններ։ Ընդհանուր ծրագրից օգտվում է շուրջ 220 հազար շահառու, իսկ նշված բարեփոխումների արդյունքում շահառուների թիվն ավելանում է 30 հազարով։ Շահառուների թվի ավելացմամբ պայմանավորված էլ պետությունը շուրջ 400 մլն դրամով ավելացրել է ծրագրի բյուջեն։
Ընդհանուր դեղերի ցանկը նույնպես վերջին շրջանում ընդլայնվում է։ Եթե տարիներ առաջ 310 ջեներիկ անունով (ազդող նյութերով) դեղեր կային, ապա այսօր այդ թիվը դարձել է 530։ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ցանկը համալրվել է ևս 5 անվանում դեղով։ Մասնագետը հիշեցրեց, որ պետական աջակցությամբ դեղերը ձեռք են բերվում ջեներիկ անվամբ, այսինքն՝ ազդեցիկ նյութերով։ Լինում են դեպքեր, երբ բժիշկը բուժառուին նշանակել է դեղ, իսկ պոլիկլինիկան տրամադրում է այլ անվամբ, շատերի մոտ թյուրըմբռնում է լինում։
«Հաշվի են առնվում նեղ մասնագետների կարծիքները, ուսումնասիրվում է պահանջարկը և այժմ կարող ենք ասել, որ դեղերի բավական լայն շրջանակ անվճար հասանելի է մեր շահառուներին»,-հավելեց մասնագետը։
Կատարվել է ևս մեկ կարևոր փոփոխություն, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։ Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։ Այդ հիվանդություններն են`պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ, ցրված սկլերոզ։ Շուրջ 486 շահառու, այդ թվում մեծամասնությունը երեխաներ`անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով։ Արդյունքում, կկանխարգելվի վերը նշված հիվանդությունների զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: Դեղ ապահովման ծրագրի բյուջեն 2024 թվականին կլինի 4 մլրդ դրամից ավելի։
Մարինե Հարությունյանը նշեց, որ ցանկացած հարցի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 83-03, ինչպես նաև դեղերի վարչության հեռախոսահամարով՝ 060 80-80-03 (ներքին համար՝ 14-21)։