«Արցախից հրաժարվելով՝ պատերազմը չի՛ ավարտվելու, խաղաղություն չի՛ լինելու». Հարութ Արթին Առաքելյան
Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան Արցախի դեմ նոր հարձակման գնալու անոնսն է իրականացնում: Ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ ասվել է, որ «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրականացնել «Վրեժ–3» գործողությունը»: Ավելի ուշ էլ ալիքը հարցում էր իրականացրել, թե արդյո՞ք մարդիկ կողմ են, որ իրենք նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ. 83%-ը կողմ է քվեարկել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը նշեց, որ դա նորություն չէ, և գոնե փորձագիտական հանրույթը բազմիցս զգուշացրել է, որ Արցախի հարցն անտեսելով՝ իշխանություններն ագրեսիա են բերելու Արցախի ուղղությամբ:
«Երբ ասում են՝ Արցախը հանձնում ենք կամ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, այդտեղ պատերազմները չեն ավարտվելու և խաղաղություն չի լինելու տարածաշրջանում: Դրա փորձը 90-ականներին ունեցանք, երբ Հայաստանն անկախացավ՝ որոշելով Արցախը չընդգրկել իր տարածքում, որ պատերազմից խուսափի, բայց տեսանք, որ պատերազմ տեղի ունեցավ Արցախում, որովհետև Ադրբեջանը հայտարարեց, որ դա իր ներքին խնդիրն է, ունի ապստամբներ, որոնք խախտում են իր տարածքային ամբողջականությունը, և պատերազմ սկսեց: Նույն իրավիճակն է այսօր: Եթե ասում ենք՝ թող Ստեփանակերտն ինքը գնա՝ բանակցի Բաքվի հետ, կամ նշում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ թվերով, այդ հատարարությունները պատերազմաբեր հայտարարություններ են, ոչ թե խաղաղություն բերող: Ադրբեջանում ժողովրդի 83 տոկոսը կողմ է ագրեսիային, որովհետև համարում են, որ իրենք հաղթող կողմն են և ինչո՞ւ չանեն: Շատ բնական է, որ այդ հարցում Ադրբեջանին կլինեն նաև աջակցողներ, որովհետև այն երկրները, որոնք նպատակ ունեն իրենց ներկայությունն ապահովել Հարավային Կովկասում, շատ բնական է, որ կփորձեն աջակցել՝ ոմանք՝ տնտեսական շահից ելնելով, ոմանք՝ քաղաքական դրդապատճառներով: Մենք, չունենալով ճիշտ դիվանագիտություն, չենք ունենա դաշնակիցներ, որոնք կփորձեն նաև մեզ աջակցելով՝ իրենց շահերը Հարավային Կովկասում պաշտպանել»,- ասաց նա:
Առաքելյանի խոսքով՝ Իրանը շահեր ունի Հարավային Կովկասում և այս հարցում կարող է լինել Հայաստանի դաշնակիցը, բայց ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում Իրանի ձեռքսեղմումը:
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում ապաշրջափակել ճանապարհները, բայց Իրանը միշտ իր հայտարարություններում մեկ բան անփոփոխ է թողնում, որ դեմ է տարածաշրջանի գեոպոլիտիկ բալանսի փոփոխությանը»,- ասաց նա:
Նա շեշտեց՝ եթե կա դիվանագիտություն, կա նաև խնդիրը լուծելու հնարավորություն. «Հատկապես պատերազմից հետո ասել եմ, որ ներկա իշխանությունների հիմնական նպատակն է՝ գտնվել Արևելք-Արևմուտք տնտեսական ուղիների վրա, որտեղ ավելի շատ դերակատարություն ունեն Արևմուտքը և Թուրքիան: Դրա համար փորձում են մտերմանալ Թուրքիայի հետ և կատարել այն, ինչը Թուրքիայի պահանջն է: Բայց ո՞վ է երաշխավորելու, որ դրանից հետո լինելու է խաղաղություն, որ դրանից հետո մենք շահելու ենք: Դրա երաշխիքը ոչ մի պետություն դեռ չի տվել Հայաստանին, որ՝ երբ դուք հանձնեք Արցախը, անկլավները, Թուրքիայի հետ սահմանը բացեք, դրանից հետո ի՞նչ է լինելու: Այդտեղ Արևմուտքը լռում է, լռում է մեր բարեկամ Եվրոպան, որը անորոշ վիճակի մեջ է դնում մեր ժողովրդին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում