Ամեն տեղ գրում են, թե ՀՀ օրհներգի երաժշտությունը Կանաչյանինն է․ դա սուտ է․ Կոնստանտին Պետրոսյան
Գործընկերները համարում են, որ նրան ճանաչում բերեց ձայնի և նվագախմբի համար գրված ջազային կոնցերտը, բայց նա իր այցեքարտը համարում է «Հայաստան» երգը։ Խոսքը կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանի մասին է, ում հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև․
– Մաեստրո, 1993 թվականից ԱՄՆ-ում եք աշխատում, հրավերով մեկնել եք այնտեղ՝ հայկական երգարվեստն այնտեղ զարգացնելու համար։ Ստացվե՞ց։
– Այո, ստացվեց։ Ինձ առաջարկ եղավ հայկական երաժշտության համերգ կազմակերպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր շենքում։ Այդ ժամանակ դեռ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ չէր։ Հիշարժան օր էր, հրավիրված էին դիվանագետներ, հոգևորականներ, որոնք ունկնդրեցին հայկական երաժշտությունը։ Հետո հրավիրեցին ինձ Փրովիդենս՝ Սուրբ Սահակ Մեսրոպ հայկական եկեղեցի, որպես մշակութային և երաժշտական ղեկավար։
Ես այն ժամանակ այդքան մոտ չէի կանգնած հոգևոր երաժշտությանը, բայց եկեղեցում կային գանձեր՝ շարականների հին ձեռագրեր, որոնք ինձ շատ հետաքրքրեցին որպես կոմպոզիտոր։ Ասեմ, որ ձեռագրերի մի մասն իրենց թույլտվությամբ տեղափոխեցի Հայաստան, և գիտեմ, որ իմ կոլեգաներն օգտվում են դրանից։
Քանի որ Սփյուռքում զարգացած է երգչախմբային արվեստը, հանձն առա ղեկավարելու «Երևան» երգչախումբը, որի միջոցով ներկայացվում է հայ կոմպոզիտորների և հայկական երաժշտությունը։
– Շատերին կհետաքրքրի, թե Ձեր ասած գանձերն ինչպե՞ս են հայտնվել ԱՄՆ-ում։
– Դարերի պատմություն է։ Հավանաբար մարդիկ բերել են իրենց հետ տարբեր երկրներից և այդ նյութերը տվել են եկեղեցիներին։
– Վերջին տասնամյակում շատ երաժիշտներ մեկնում են արտերկիր՝ հատկապես ԱՄՆ, այնտեղ հաստատվելու և իրենց ոլորտում կայանալու համար, բայց ոչ ոք այդպես էլ երաժշտական ասպարեզ դուրս չի գալիս։ Շարունակում են հիմա էլ տեղի հայ հանդիսատեսի համար երգել։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում դուրս գալ, օրինակ, ամերիկյան բեմեր։
– Այնքան էլ համոզված չեմ, որ ամերիկյան բեմեր դուրս չենք գալիս։ Գիտեմ մարդիկ, որ, ճիշտ է, այստեղից գնացել են, բայց կարողացել են իրենց այնպես դրսևորել, որ Քարնեգի հոլում համերգներ են ունենում։ Օրինակ՝ Վաղարշակ Օհանյան, Անահիտ Զաքարյան, Նարինե Օջախյան, Լիլիթ Արտեմյան։ Սա՝ հարցի մի կողմը, իսկ թե ինչու չեն կարողանում մուտք գործել տեղի երգարվեստ, ապա շատերը գնում են հայկական փոփ երգեր երգելով։ Այդպես ինչպե՞ս կարող են մտնել ամերիկյան շրջանակների մեջ։ Կան երաժիշտներ, որոնք շատ բարձր դիրք են գրավում։ Օրինակ, աշխարհահռչակ թավջութակահար Սուրեն Բագրատունին ղեկավարում է Միչիգանի համալսարանի լարային ֆակուլտետը, ինչը մեծ պատիվ է մեզ համար։
– Վերջերս Հայաստան էր ժամանել հայտնի թավջութակահար, ում մասնագետները թրերով և սրերով ընդունեցին, համարեցին ցածրաճաշակ երաժիշտ, ում հայերը գնում և լսում են։ Գուցե կա ներկայանալու խնդիր։ Մենք չունենք այն։
– Սա ցավոտ հարց է արվեստագետների համար։ 1991թ․ Անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ասացին, որ ամեն մարդ ազատ է, կարող է, ինչպես ասում են՝ իր գլուխը քորել, հաշվի չառնվեց այն, որ շատերը նախ՝ լեզու չգիտեն, ծանոթություն չունեն, անձնագիր չունեն, որ գնան իրենց ուզած երկիր և գործերը ներկայացնեն։ Մեր արվեստն առաջ չգնաց, որովհետև կարծում եմ՝ մենք չունենք մենեջերական դպրոց։
– Գրում եք նաև մանկական եգեր, հայտնիներից մեկը «Տիեզերքն» է, որի խոսքերի հեղինակն Արամայիս Սահակյանն է։ Տողերում ասվում է՝ Տիեզերք, քո գաղտնիքները պետք է իմանամ մեկ-մեկ։ Կա՞ն գաղտնիքներ, որոնք բացահայտված չեն Ձեզ համար։
– Ամեն մարդու մոտ էլ բաներ կան, որոնք բացահայտված չեն։ Եթե թույլ տաք, կխոսեմ մի թեմայի մասին, որը մեր օրհներգի հետ է կապված։ Պետական սիմվոլ է, ու ըստ իս՝ այն պետք է արտացոլի հայկական երաժշտությունը։ Իմ կարծիքով՝ ինչ-որ բան է տեղի ունեցել, որը կարելի է շտկել։
Գործը, որը կոչվում է «Իտալացի աղջկա երգ», շատերը գիտեն, որ 19-րդ դարի սկզբին մոդայիկ էր հանրածանոթ մեղեդիների վրա ուղղակի դնել ուզած խոսքը և երգել։ Այդպիսի բան եղել է հանրածանոթ «Սանտա Լուչիա», «Բեսամե մուչո» երգերի հետ։ Այդ ձևով եղել է նաև «Մեր Հայրենիք»-ի պատմությունը, որը 1884թ․ երգել են թուրք-պարսկական և քրդական խմբերի դեմ մեր ֆիդայիների պայքարի ժամանակ։ Դրանից հետո զեյթունցիներն են երգել՝ կարծես հիմք ստեղծելով, որ սա հիմն դառնա, բայց եկեք խոսենք այն մասին, որ սա ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ։ Սա իտալական կամ այլ երկրի երաժշտություն է. դեռևս 1885թ․ փետրվար-մարտ ամիսներին Կարա-Մուրզան առաջին անգամ այս երգը գործիքավորել է քառաձայն երգչախմբի համար, կատարել Թիֆլիսում։ Կա դրա փաստագիրը, որը զետեղված է երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի գրքում։ Հիմա սա վերագրում են Բարսեղ Կանաչյանին։ Մեծ հարգանք ունենալով նրա երգչախմբային արվեստի հանդեպ, պետք է ասեմ, որ սա ոչ մի կապ չունի Կանաչյանի հետ։ Նա ծնվել է 1985թ․ ապրիլին, իսկ սա հնչել է մարտ ամսին, ի՞նչ կապ ունի իր հետ։ Երգը հնչել է, նա երկու ամիս հետո նոր ծնվել է։ Կամ 1887թ․ Կանաչյանը երեք տարեկան էր, երբ ռուս կոմպոզիտոր Գլազունովն իր «Ռայմոնդա» բալետի երկրորդ մասում, առանց բառերի, օգտագործել է այդ երաժշտությունը։ Հասկանում եմ, գուցե Կանաչյանը 1920-ական թվականներին դա գործիքավորել է, բայց դա իրենը չէ, առաջին գործիքավորումը Կարա-Մուրզայինն է։ Չգիտեմ, ո՞ւմ է դա ձեռնտու եղել, որ ամեն տեղ գրում են, թե երաժշտությունը Կանաչյանինն է։ Դա սուտ է։
Բառերն էլ Միքայել Նալբանդյանինը չեն, թարգմանված են, և մենք վերցրել ենք դրա առաջին, երրորդ, չորրորդ և վեցերորդ տուները, միացրել ու դարձրել հիմն։ Եղբայր, դա օտար երաժշտություն է։ Բառերը վերաբերում են իտալացիների կռվին՝ ավստրիացիների դեմ։ Քաշել ականջներից, բերել ասել, որ սա հայկական է, տգիտություն է, և, ցավոք, իմանալով կամ չիմանալով, Առաջին Հանրապետության ժամանակ դա դարձրեցին ՀՀ հիմնը։ Հիշում եմ, կային այլ երաժշտություններ, որոնք կարող էին դրվել սեղանին, բայց միակողմանի, ճնշման տակ սա ընդունվեց։
Հիմնը պետք է վերելք ունենա, արտացոլի ազգի վերելքը, այլ ոչ թե անկումը, որ պետք է մեռնի։ Ինչո՞ւ։ Եկեք խոսենք ապրելու մասին։ Իմ կարծիքով՝ «Մեր Հայրենիք»-ը պետք է փոխել։ Երաժշտությունը մերը չէ, խայտառակ բառեր են։
Մանրամասները՝ տեսանյութում