Իրական «սևերի ու սպիտակների» ժամանակը

2018թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ այլ աղետների, հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, յուրայինների ու օտարների, ներկաների ու նախկինների։

Հանրության կաստայավորումը գործիք էր, որը նրան նախ օգնեց հասնել իշխանության, ապա՝ պահպանել այն՝ առանց որևէ գաղափարախոսության ու ծրագրի։ Հաջորդող տարիները, հատկապես 44-օրյա արյունալի պատերազմը ցույց տվեցին հանրությանն անդառնալիորեն տարանջատելու ողբերգականությունը, որը, տարբեր դրսևորումներով, շարունակվում է մինչև օրս։

Հասարակության շերտավորումը, խմբավորումը ու նրանց միջև հակադրությունների սերմանումը տեխնոլոգիական առումով օգնում է իշխանության պահպանմանը, քանի որ անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից, նվազեցնում է իշխանության դեմ հանդես գալու հարցում հանրային մոբիլիզացիայի հնարավորությունը։ Բայց որքան դա օգնում է իշխանության պահպանմանը, բազմապատիկ ավելի վնասում է պետությանը ու խարխլում է պետականությունը, քանի որ առանց հասարակական համախմբման, հատկապես գոյաբանական խնդիրներ ունեցող երկիրը չի կարող գոյատևել։ Նիկոլ Փաշինյանին, սակայն, դա քիչ է հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե պետությունը, այլ սեփական իշխանությունը պահպանելն է։ Եվ նա հաջողությամբ շարունակում է «ներքին թշնամիների», «5-րդ շարասյան» բացահայտումները, որոնք, իհարկե, ոչ նախկին ինտենսիվությամբ, սակայն ապահովում են սեփական ընտրազանգվածից մնացած հանրային շերտերի մոբիլիզացիան։

Անցած 5 տարիներին պետության ու հասարակության ճակատագրով իրապես մտահոգ բոլոր շերտերն ահազանգել են հանրությանը տարանջատելու անթույլատրելիության ու վտանգների մասին։ Բայց մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը այդ կեղծ ու հորինված բարիկադավորմամբ թերևս արդեն հասցրել է այն առավելագույն վնասը, որը կարող էր պատճառել։

Կարդացեք նաև

Հիմա, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, եկել է հանրության իրական տարանջատման, իրական բարիկադավորման ժամանակը, որով պետք է զբաղվեն բոլոր նրանք, ովքեր դեռևս պետականությունը փրկելու հնարավորություն են տեսնում։ Այդ բարիկադավորումն անխուսափելի է, քանի որ իրավիճակը  ջրբաժանային է և զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը։ Այդ պայմաններում, մեղմ ասած, լուրջ չէ քաղաքական կամ որևէ այլ պայքար մոդելավորել հանրության բազմաշերտության, հակադիր կարծիքների ներդաշնակեցման կանխավարկածով։ Որովհետև եթե հասարակության մեջ դեռևս մնացել են Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, իսկ այդպիսիք դեռ կան, նրանց հետ ոչ միայն հնարավոր չէ, այլև վտանգավոր է Հայաստանի կործանումը կանխելուն ուղղված պայքար իրականացնել Փաշինյանին աջակցելն արդեն իսկ հավասարազոր է հակապետականությանը, եթե անգամ աջակցողը դա անում է առանց գիտակցության։

Պետության ճակատագրով մտահոգ որևէ խումբ այդ շերտի հետ ուղղակի խոսելու նյութ չունի, քանի որ նրանք սատարում են Հայաստանը վերջնականապես կործանելու քաղաքականությանը։

Հետևաբար, այդ քաղաքականության դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն իրապես հանրությանը տարանջատելու դեպքում՝ մի կողմում դնելով Հայաստանի փրկությամբ մտահոգ քաղաքացիներին, մյուսում՝ բոլոր նրանց, ովքեր հաշտ են անպետություն լանչի հեռանկարի հետ։

Այս շերտին որևէ փաստարկով, որևէ հիմնավորմամբ կամ վերլուծությամբ որևէ բան ապացուցելն այլևս անիմաստ է ու գործնականում անհնարին, քանի որ, եթե նրանք կարող էին մոլորված լինել մինչև 2020 թվականի պատերազմը, անգամ մինչև 2021 թվականի ընտրությունները, ապա դրանից հետո այդ մոլորության մեջ գտնվելը գրեթե կլինիկական դեպք է։

Եթե ավելի պարզ, ապա նիկոլականությունը կարելի էր բուժելի համարել մինչև 44-օրյա պատերազմը, դրանից հետո այդ համախտանիշն այլևս վերագրելի է անբուժելի քաղաքական հիվանդությունների շարքին։ Հետևաբար՝ դիագնոստիկ շեղվածությամբ հանրային շերտերը Հայաստանի գոյաբանական խնդիրների լուծմանը ոչ միայն չեն կարող նպաստել, այլ մեծ հավանականությամբ՝ միայն խանգարելու են։ Իսկ դա նշանակում է, որ հիմա, հենց այսօր է իրական «սև ու սպիտակ»-ի ժամանակը, որում երկրի ճակատագրով բոլոր մտահոգ մարդիկ դասվում են «սև»-երի շարքին, քանի որ այս ողբերգական իրավիճակում այլ գույնի հետ նույնացումն անգամ պարկեշտ չէ, իսկ Նիկոլ Փաշինյանը, նրա սպասարկուներն ու աջակիցներն իրենց հանգիստ կարող են համարել սպիտակներ, որոնք խորհրդանշում են պատերազմում պարտվելու, անկռիվ հանձնելու ամոթալի երևույթը։

Հասարակության բազմաշերտությունն իրականում մեծագույն արժեք է և հարստություն, բայց նորմալ, սովորական ժամանակներում։ Բեկումնային, ճակատագրական պահերին բազմաշերտությունը դառնում է պատուհաս, քանի որ երկիրը կործանումից փրկելու դիրքորոշումը չի կարող ունենալ որևէ շերտ և պետք է լինի անվերապահ։ Ցանկացած վերապահում ծառայում է կործանմանն ու կործանողին։

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս