Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակից ելնելով՝ արտերկիր մեկնողներին ԱՀ-ն հորդորում է նախապես պատվաստվել

Ամբողջ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին ակտիվ է, այդ իսկ պատճառով առողջապահության նախարարությունը հանգստի կամ արտերկիր մեկնողներին հորդորում է նախապես՝ առնվազն 10-ից 14 օր առաջ պատվաստվել, որպեսզի օրգանիզմի իմունհամակարգը կարողանա հակամարմիններ ստեղծել և պատրաստ լինել դիմակայել կարմրուկի վիրուսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանում առկա դեպքերի գերակշռող մասը բերովի են:

Ըստ նրա՝ մարտի սկզբից մինչև այսօր գրանցվել է 270 լաբորատոր հաստատված դեպք, գերակշիռ մասը երեխաներ են, մոտ՝ 70 տոկոսը, և մեծամասնությունն ընդհանրապես պատվաստված չէ:

«Այս պահին մեր երկրում կարմրուկի գերակշռող դեպքերը բերովի են և կապված են զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ, ուստի Հայաստանի առողջապահության նախարարության հորդորն է, որպեսզի հանգստի մեկնելուց առաջ բոլոր քաղաքացիները ևս մեկ անգամ ստուգեն և համոզվեն, որ իրենք կարմրուկի դեմ պատվաստում ունեն: Եթե չունեն, ապա պլանավորեն պատվաստումները, քանի որ այս պահին առողջապահության նախարարության թույլտվությամբ՝ համաճարակաբանական ցուցումով ոչ մի բուժհաստատություն չի մերժի:

Սա կարևոր է, որ մարդիկ կարողանան վայելել իրենց հանգիստը և հետ վերադառնալիս ևս առողջական խնդիրներ և բարդացումներ չունենան»,- նշեց մասնագետը:

Նա ասաց, որ 2007 թվականից Հայաստանը համարվում էր որպես կարմրուկից ազատ, էլիմինացված երկիր, քանի որ Հայաստանում մինչև օրս տեղական փոխանցում չի գրանցվել: Այս կարգավիճակը կհամարվի չգործող, երբ երկրում 12 ամիս շարունակ հաճախակի կարմրուկի տեղային փոխանցման դեպքեր գրանցվեն:

«2023 թվականի մարտից սկսած բերովի դեպքի հետ կապված մենք ունենք ընթացիկ բռնկում և մինչև հունիսի սկզբները համարվում էր, որ համաճարակաբանական օրինաչափությունը քիչ-քիչ մարման միտում ուներ և դեպքերը կամ եզակի էին գրանցվում, կամ ընդհանրապես չէին գրանցվում:

Ցավոք, պետք է նշեմ, որ մայիսի կեսերից սկսած մեծ թվով զբոսաշրջիկներ արտերկրում հանգստանալու են մեկնում և հետ վերադարձին արդեն նրանց մոտ գրանցվում են կարմրուկի դեպքեր:

Ընդհանուր առմամբ սա նորություն չէ, մենք պարբերաբար ունեցել ենք բերովի դեպքեր և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեպքերը տեղայնացվում էին և շարունակություն այլևս չէին ստանում և մենք պահպանում էինք կարմրուկից և կարմրախտից էլիմինացված կարգավիճակը»,-նշեց նա:

Գայանե Սահակյանն ընդգծեց, որ կարմրուկի հիմնական նախանշանը ցանավորումն է, սակայն վարակվելուց հետո ցանավորումը դրսևորվում է առնվազն 10 օր հետո, այդ իսկ պատճառով քաղաքացին, երբ վերադառնում է այլ երկիր այցելությունից և իր մոտ առաջանում է կատարալ նշաններ, սուր-շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, աչքերի լորձաթաղանթի բորբոքում և հետագայում հնարավոր է նաև ցանավորում, պետք է չզբաղվեն ինքնաբուժությամբ և անմիջապես դիմեն բուժհաստատություն:

«Կարմրուկից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցառումը պատվաստումն է, մնացած բոլոր միջոցառումները՝ ձեռքերի հիգիենան, դիմակների կրումը ևս կարող են նպաստել վարակի կանխարգելմանը, սակայն ասեմ, որ կարմրուկը համարվում է ամենավարակիչ հիվանդություններից մեկը և նույնիսկ, երբ վարակակիրը գտնվել է տվյալ տարածքում և դուրս է եկել, չպատվաստված քաղաքացին տվյալ տարածքում գտնվելով, կարող է շատ արագ վարակվել»,- ասաց նա:

Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր պատվաստված են, բայց ունեն թույլ իմունային համակարգ և հաճախ են հիվանդանում, ապա կարմրուկով վարակվելու պարագայում էլ հիվանդությունը կտանեն շատ թեթև:

«Հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ մեր ունեցած օրինակներով կարող ենք փաստել, որ կարմրուկի վիրուսը շատ հեշտությամբ գտնում է չպատվաստված անձանց, և հուսալ, որ շրջապատում բոլորը պատվաստված են՝ ես չպատվաստված կարող եմ պաշտպանվել, դա ինքնախաբեություն է»,- եզրափակեց Գայանե Սահակյանը:

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, մեծահասակաների մոտ այն բավական ծանր է ընթանում: Մեկ վարակված անձը կարող է վարակել 18-20 մարդու: Սա է պատճառը, որ բավական արագ գտնում է այն անձանց, որոնք պատվաստված չեն: Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Եթե մարդը ամեն դեպքում վարակվել է բնական ճանապարհով, ապա ապաքինվելուց հետո միևնույն է, վիրուսը մնում է օգրանիզմում, այն չի հեռանում: Տարիներ անց բավական նպաստավոր գործոնի պարագայում կարող է նորից գլուխ բարձրացնել: Յոթ տարի հետ մարդու մոտ կարող է առաջանալ բարդություն:

Տեսանյութեր

Լրահոս