Ադրբեջանը պատրաստվում է Արցախում ռազմական օպերացիայի՞

Մինչ Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարության միջնորդությամբ ծավալվում են բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնում է արցահայությանը, այլև անցնում կոնկրետ ռազմական գործողությունների՝ ԶՈՒ ստորաբաժանումները, առանց նույնիսկ կաշկանդվելու, բարձրաստիճան բանակցություններին զուգահեռ՝ անցկացման փաստից սրել են իրավիճակն Արցախում։ Երեկ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արցախահայությանը սպառնում են հատուկ ռազմական օպերացիայով։ Մի քանի օր առաջ էր, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ Արցախի ՊԲ-ն «լուրջ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար»։
«Մենք բարձր չենք գնահատում այդ ապօրինի զինված կազմավորումների հնարավորությունները, որոնք մնացել են։ Գիտենք նրանց թիվը, զենքերը, գիտենք նրանց բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ։ Վստահեցնում եմ ձեզ, ինչպես նշել է պարոն նախագահը (Իլհամ Ալիևը)՝ նրանք բացարձակապես շանս չունեն ադրբեջանական բանակի դեմ որևէ գործողություն իրականացնելու»,- ադրբեջանական CBC-ին տված հարցազրույցում ասել էր Հասանովը։

Նա հավելել էր, որ Արցախի ՊԲ-ն ընդունակ է «փոքր սադրանքների, որոնք շատ վատ ավարտ կունենան»։

«Բայց եթե նրանք սադրանքների դիմեն, որոշեն ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի դեմ, ապա ադրբեջանական բանակի մեկ կորպուսը, այն էլ՝ ոչ լիարժեք, կարող է դիմակայել այդ խմբավորումներին։ Ուժերի և միջոցների հարաբերակցությունը նրանց օգտին չէ։ Մեկ ստորաբաժանումը կարող է զինաթափել նրանց»,- սպառնացել է Հասանովը։ Նա նաև նշել է, որ, իբր, հետախուզության մեծ հնարավորությունների շնորհիվ Ադրբեջանն ամբողջական տեղեկատվություն ունի Արցախի ՊԲ-ի մասին։ Հասանովը նաև սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված արցախահայությանը։

Կարդացեք նաև

«Ով ուզում է ճանաչել ադրբեջանական օրենքներն ու ապրել օրինական կերպով, կարող է ապրել, ով չի ուզում՝ ճանապարհը բաց է, կարող է գնալ ու ապրել այնտեղ, որտեղ ուզում է»,- նշել էր Հասանովը՝ վերահաստատելով Բաքվի նպատակը՝ էթնիկ զտման ենթարկել Արցախը։

Այս հայտարարությանը, իհարկե, չեղավ ոչ մի պատասխան ոչ պաշտոնական Երևանի, ոչ Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի կողմից, և սրան հաջորդեց արդեն սադրանքը, որը 4 արցախցիների մահվան պատճառ դարձավ։ Ադրբեջանը վերջին շրջանում էլ ավելի է սրել իր հռետորաբանությունն արցախահայության հասցեին, այս բանակցություններին ընդառաջ էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ընդունում Երևանի պայմանը՝ երաշխիքներ տրամադրել Արցախի բնակչությանը։

Այս ամենի հետ մեկտեղ՝ տագնապն Արցախում բնակչության շրջանում օրեցօր մեծանում է․ բնակչությունը, որն արդեն շուրջ 200 օր ապրում է՝ շրջափակման, իսկ վերջին մի քանի շաբաթների ընթացքում՝ տոտալ շրջափակման պայմաններում, չունի հասանելիություն դեղորայքի, սննդամթերքի և բնականոն կյանքի այլ անհրաժեշտությունների, այսօր հասկանում է, որ կանգնած է շատ ավելի մեծ արհավիրքի վտանգի՝ Ադրբեջանի ռազմական օպերացիայի վտանգի տակ, հատկապես, երբ Երևանն իրեն դրսևորում է և դիրքավորում՝ որպես «անկարող» խաղացող, իսկ միջնորդները շարունակում են լռություն պահպանել և իրավիճակը դիտարկողի դերում լինել։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ադրբեջանը մաքսիմալ մեծացնում է ճնշումը ԼՂ հայության նկատմամբ, որի գլխավոր նպատակը մարդկանց ստիպելն է՝ լքել իրենց տները։ Ըստ նրա, սա ամենահեշտ տարբերակը կլինի Ադրբեջանի համար։

«Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա խուսափել մեծ օպերացիայից, հետևաբար՝ դրա ծանր հետևանքներից, ուստի մեծացնում է ճնշումը և հռետորաբանության մակարդակում, և ռազմական ճնշումներ է բանեցնում։ Նկատելի է, որ ամեն անգամ Ադրբեջանն ավելի համարձակ է գործում, ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ փորձում է բոլոր կողմերի ու միջնորդների արձագանքները, հետո անցնում է պլանի հաջորդ փուլի իրականացմանը։ Ամեն ինչ փորձում է անել քայլ առ քայլ, և ներկայումս կարծես լավ հաշվարկել է բոլոր կողմերի դիրքորոշումները, հասկացել է, որ նույնիսկ զսպող կոչեր չեն հնչելու, թեև այդ կոչերն ըստ էության որևէ ազդեցության չեն հանգեցնում։

Լայնածավալ ինչ-որ օպերացիան, որով սպառնում են, կարծում եմ, ներկայիս պայմաններում քիչ հավանական է, երբ այնտեղ կան խաղաղապահներ, թեև Ադրբեջանը տեղակայման հենց սկզբից ամեն ինչ արեց, որպեսզի հեղինակազրկի խաղաղապահներին, ինչպես նաև օգտվեց Ռուսաստանի ներկայիս իրավիճակից, որը տեսնում եք, թե ինչքան բարդ է՝ թե ներքին, թե արտաքին առումով։ Շատ հեշտ է օգտվել Ռուսաստանի այս իրավիճակից, զուգահեռ՝ խաղալ Արևմուտքի թուլությունների վրա, որն էլ ամեն գնով ՌԴ-ին դուրս բերելն է, հանուն սրա Արևմուտքը շատ բանի վրա է պատրաստ աչք փակել, դա ևս Ադրբեջանը հստակ գիտակցում է»,- ասաց Եվսեևը։

Նրա կարծիքով, սակայն, Ադրբեջանը շարունակելու է ամեն կերպ մեծացնել ճնշումը գետնի վրա այն հատվածներում, որտեղ կարող է տագնապի զգացում հաղորդել բնակչության շրջանում՝ վախի մթնոլորտը խորացնելու և մարդկանց փախուստի մղելու նպատակով։

«Կարծում եմ՝ մոտակա ծրագիրը սա է, քանի դեռ արտաքին ներկայություն կա հակամարտության գոտում։ Եթե դա չլիներ, կարելի էր պատկերացնել, որ ամեն բան գնում է օպերացիայի ուղղությամբ, սակայն դա չափազանց վտանգավոր ծրագիր կարող է լինել Ադրբեջանի համար նույնիսկ այս իրավիճակում։ Բայց ասել, թե որ կողմը կկարողանա կանգնեցնել, զսպել Ադրբեջանին, այս պահին նման կողմ չի երևում, բոլորն իրենց շահերն են հետապնդում, որոնց շարքում ԼՂ բնակչության շահերը չկան, ցավալի իրողություն է։ Ռուսաստանը վստահաբար կցանկանար անել ավելին, սակայն դրա ռեսուրսը չունի՝ ոչ լայն, ոչ նեղ ռեգիոնալ իմաստով, այդ թվում՝ Երևանի հետ հարաբերությունների ու փոխըմբռնման տեսանկյունից։ Ռուսաստանն Ադրբեջանի դեմ առանց որևէ կտրուկ քայլի՝ փորձում է հասնել խաղաղապահների մանդատի ավարտին, որից հետո, ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի՝ կկայացվեն հետագա որոշումները։ Իսկ կտրուկ քայլերը ՌԴ-ի կողմից այս փուլում ՌԴ-ին կդնեն բարդ իրավիճակի առջև, ուստի նույնիսկ այն չնչին զսպումը, որն ունենում են խաղաղապահները, կարծում եմ՝ դրական է։ Եթե Արևմուտքը պատրաստ է այլ նախաձեռնությունների Ղարաբաղում, թող իրականացնի, կարծում եմ՝ ցանկության դեպքում դա հնարավոր է»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս