«Արցախի ԱԺ տարածած հայտարարությունը պատահական չէ». Գրիգոր Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ուղիղ ազդեցություն էին ունենալու Արցախի իրավիճակի վրա։

«Պատահական չէր, որ ՌԴ-ում տեղի ունեցած այդ իրադարձություններից մի քանի օր առաջ տոտալ փակվել Լաչինի միջանցքը, արգելվեց Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը։ Եվ այն հանկարծակի ապաշրջափակումը բոլորի համար անսպասելի էր, այսինքն՝ հենց ՌԴ-ում իրավիճակը կարգավորվեց, սկսեցին թույլատրել Կարմիր խաչին՝ հիվանդներին տեղափոխի Հայաստան, անգամ Շուշիի շրջանի գյուղերը, որոնք գտնվում էին կրկնակի շրջափակման մեջ, անգամ այնտեղի բնակչությունը սկսեց ներս ու դուրս անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Ինչ վերաբերում է վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ իրականացրած սադրիչ գործողություններին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, և դրան զուգահեռ՝ Վաշինգտոնում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցություններին, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ադրբեջանական սադրանքն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Արցախին, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի իշխանություններին։

«Ցավոք, Հայաստանն ու Արցախն այս պահին կարծես թե տարբեր բևեռներում լինեն Արցախի հարցի կարգավորման գործընթացում։ Արցախի ԱԺ տարածած հայտարարությունը պատահական չէ, որով ՀՀ ԱԳ նախարարին կոչ էին անում դադարեցնել բանակցությունները և վերադառնալ Հայաստան։

Կարդացեք նաև

Ադրբեջանի սադրանքն ուղղված էր արցախահայությանը, եթե դրան էլ գումարենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, թե՝ «ադրբեջանական մեկ ստորաբաժանումը կարող է ոչնչացնել Արցախի ՊԲ-ն», ինչն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, որը հասկանում է նաև Հասանովը։ Ամեն դեպքում սա մեսիջ էր արցախահայությանը, որ այսպես, պատկերավոր ասած՝ «եթե չգաք Տիզբոն և չընդունեք Ադրբեջանի գերիշխանությունը և չհամաձայնվեք, չսկսեք Ադրբեջանի հետ ինտեգրվելու գործընթացը, այսպես է լինելու»։

Կարծում եմ՝ սա վատ մեսիջ էր, և սա էլ ավելի է ամրացնելու արցախահայության դիրքորոշումն ու կարծիքն առ այն, որ Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի կազմում ոչ մի ընդհանուր ապագա ուղղակի չի կարող լինել»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարը կհետևի Արցախի ԱԺ կոչին՝ հարցին, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց, որ ուրախ կլիներ, եթե արցախահայության կոչին Հայաստանի պատկան մարմիններն ականջալուր լինեին, սակայն վստահ է, որ այդպես չի լինելու։

«Բանակցությունները կամ բանակցությունների իմիտացիան շարունակվելու է, որովհետև իրենց հրահանգիչներն իրենց տանում ու նստեցնում են նույն սեղանի շուրջ՝ փորձելով բանակցությունների իմիտացիա տալ։ Իսկ եթե Հայաստանն ուզում է իր կշռադատված խոսքն ասել ու պայմաններ առաջ քաշել, ապա ոչ միայն պետք է դադարեցնեն այդ բանակցությունները և հետ վերադառնան, այլև պետք է հայտարարվի՝ մինչև Ադրբեջանն իր Զինված ուժերի ներկայացուցիչներին Արցախի սահմաններից 100 կմ հետ չքաշի, ապաշրջափակի Լաչինի միջանցքը, Հայաստանը չի վերադառնա բանակցությունների։ Սա պետք է ասեն և՛ Վաշինգտոնին, և՛ Մոսկվային, և՛ Բրյուսելին, բայց եթե ասող լինեին, ապա կասեին, բազմիցս առիթներ եղել են։ Սակայն ոչինչ էլ չեն ասելու, դրա համար եմ ես նշում, ցավոք, այսօր Արցախն ու Հայաստանը տարբեր բևեռներում են գտնվում և տարբեր պատկերացումներ ունեն՝ Արցախի հարցի կարգավորման հետ կապված»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս