«2018-ի իշխանափոխությունը ժողովուրդը չի արել և հերթական իշխանափոխությունն էլ ժողովուրդը չի անելու». Մետաքսե Հակոբյան

«Արցախում իրավիճակը և՛ բարոյահոգեբանական, և՛ ֆիզիկական առումով հասել է լարվածության պիկին, որովհետև իրականում այն միտքը, որ նույնիսկ հումանիտար բեռներ տեղափոխելու հնարավորությունից է զրկել Ադրբեջանն Արցախին, հոգեբանորեն ավելի ծանր ճնշում է: Խանութները գրեթե դատարկ են, առաջին անհրաժեշտության որևէ բան դժվարությամբ ես գտնում: Բայց դեռ պաշարները բավականացնում են, մարդիկ հիմնականում որոշակի սնունդ պահեստավորել են, դա կարճ ժամանակ կբավականացնի, բայց այս վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Իհարկե, դեռ չեմ խոսում այն մասին, որ երեխաներն ամբողջությամբ վիտամիններից զրկված են, ինչն այսօր շատ լուրջ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ դեսպանության դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցին՝ նա նշեց, որ միջազգային հանրությունը բավականին լավ տեղեկացված է՝ ինչ իրավիճակ է Արցախում. «Ես Արցախի ՄԻՊ-ին հարցրել եմ, թե մասնավորապես հավաքական Արևմուտքը, որը ժողովրդավարության, մարդասիրության ջատագովն է, ինչպե՞ս է ընկալում այս ամենը, արդյո՞ք իրենց հասնում է այն իրականությունը, որը կա, թե՞, ի վերջո, իրենք մեղավոր չեն, որովհետև խեղաթյուրված է հասնում իրենց, ինձ համար անսպասելի էր, բայց Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ իր անձնական շփումների արդյունքում արձանագրել է, որ ամբողջովին տեղյակ է միջազգային հանրությունն իրականությունից, գիտի, որ իրականում Ադրբեջանն ագրեսիվ պահվածք դրսևորելով՝ նպատակ չունի խաղաղության ճանապարհով գնալու, հակառակը՝ նպատակն էթնիկ զտումներ անելն է: Այսինքն՝ այդ ընկալումը կա միջազգային հանրության մեջ, և այստեղ ամբողջ խնդիրը քաղաքական շահերի բախման մեջ է, որ Արևմուտքն ունենալով մեկ խնդիր, որ այստեղ լուծում է, այն է՝ ՌԴ դուրսբերումը, դրանից բխող հետևանքներն իրեն հետաքրքիր չեն: Արևմուտքը կանգնած է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի թիկունքին: Ես միջազգային հանրությունից որևէ սպասելիք չունեմ, և այստեղ որևէ մեկը չունի»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի շրջափակման առաջին օրերին, երբ Արցախի ներկայացուցիչներն էլ Երևանում տարբեր գրասենյակների առաջ ակցիաներ էին անցկացնում, ինքը բազմիցս կոչ է արել դադարեցնել այդ ամենը. «Իրականում, Երևանի կենտրոնում է մեր բոլոր խնդիրների լուծումը: Պետք է ստիպել իրենց կատարել մեր բոլորի պահանջները, այսինքն՝ չկատարել հակահայկական քայլեր և չվարել հակաարցախյան և հակահայաստանյան քաղաքականություն, և, ի վերջո, ազատվել այս իշխանություններից, այլ տարբերակ չկա: Միջազգային հանրությունն անելու է այն, ինչ դրվում է միջազգային հարթակներում բանակցային սեղանին, իսկ բանակցային սեղանին Հայաստանի իշխանությունների ձեռամբ դրվել է Արցախը հանձնելու գործընթացը, ինչո՞ւ չէ՝ զիջումների գնալու և հանձնելու Հայաստանի սուվերեն տարածքներից հատվածներ ևս: Այսօր շատ ավելի կարևորում եմ պահանջը՝ Հայաստանի իշխանություններից, օրակարգում ամենագլխավոր հարցը պետք է լինի Հայաստանի իշխանություններից ազատվելը»:

Մետաքսե Հակոբյանը հետևել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի սկզբի հատվածին և իմաստ չի տեսել՝ շարունակությունը նայելու. «Նա ունի հստակ ծրագիր, որտեղ գլխավոր թեման՝ այս անգամ ավելի համոզիչ ներկայացնել, որ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր էին նախկինները: Ասեմ ձեզ՝ նա նույնիսկ փորձեց տրամաբանական կապ տալ, որպեսզի այլևս որևէ մեկը չմեղադրի, որ ինքն օդի մեջ է ասում: Կարևորում եմ հենց այն հանգամանքը, որ երբ նա քննադատվում է զրոյական կետից սկսելու համար, նա դա պատճառաբանեց նրանով, որ երբ 2016թ. պատերազմն սկսվել էր, դե յուրե չդադարեց: Ասեմ, որ ինքը պատճառ բերելով այդ ամենը՝ փորձեց արդարանալ, որ այս ամենից հետո 2019թ. չէր կարող սկսել այն կետից, որտեղից սկսվել էին 2007թ. բանակցությունները: Այսինքն՝ ըստ նրա՝ 2016թ. պատերազմը չէր դադարել, 2020-ինը շարունակությունն էր:

Կարդացեք նաև

Իհարկե, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք այնտեղ նստածների համար շահավետ չէին հնչեցնել. Եթե 2016թ. պատերազմը չէր ավարտվել, Ադրբեջանը շահեկան վիճակում էր, ապա 2016թ. պատերազմը չէր կարող 4 օր տևել, կունենար իր տրամաբանական շարունակությունը և Ադրբեջանի համար հաղթական ավարտը: Հակառակ դեպքում, հենց այդ նույն արևմտյան գործակալությունները, նույն Ադրբեջանն ու Թուրքիան չէին ներդնի այս իշխանություններին Հայաստանում, որպեսզի իրենք, ի վերջո, այո, պատերազմով ունենային հաղթական ավարտ: Այնպես որ, միևնույն է, իր բոլոր պնդումները պրիմիտիվ են, բայց ցավոք, իրեն հակառակվող չկա, և այդ ամենն ասում է ավելի ցածր կրթական մակարդակ ունեցող լսարանի համար, որոնց ինքը կարողանում է առ այսօր համոզել և պահել իր շուրջը»:

Պատգամավորը չի հավատում, որ համաժողովրդական հավաք կլինի, որի արդյունքը գործող իշխանությունների հեռացումը կլինի. «Ես լավ գիտակցում եմ, որ պետք է լուրջ քաղաքական գործընթացներ տեղի ունենան, որոնք չեն կարող սահմանափակված լինել միայն Հայաստանով ու Արցախով: Այդ բոլոր քաղաքական գործընթացները պետք է դուրս գան Հայաստանից և Արցախից և հնարավորություն ունենան իրենց շուրջ կենտրոնացնել Արևմուտքին և Ռուսաստանի Դաշնությանը և կոնսենսուսային որոշմամբ ազատվել այս իշխանություններից: 2018-ի իշխանափոխությունը ժողովուրդը չի արել և հերթական իշխանափոխությունն էլ ժողովուրդը չի անելու: Իհարկե, շատ կարևոր է ժողովրդի համախմբվածությունը, ուժը, բայց իշխանափոխությունները կատարվում են միայն քաղաքական որոշումներով: Երբ ասում եմ՝ իշխանափոխություն, ես նկատի ունեմ՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Պետք է ուղղակի երկուսն էլ չլինեն: Արցախի իշխանությունների մեղքի բաժինը պակաս չէ Հայաստանի իշխանությունների մեղքերից»:

Տեսանյութեր

Լրահոս