Ադրբեջանը չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ սախնդիր է. Ռուբեն Ռուբինյան
Այսօր խորհրդարանում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներնասուլիսի ժամանակ ներկայացրեցին եվրոպական այդ կառույցի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացի որոշ մանրամասներ՝ ընդգծելով, որ այդպիսով արձանագրվեց, որ Լաչինի միջանցով ազատ տեղաշարժ այս պահին չկա։
Ասուլիսում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը երբևէ հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով։
«Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, այդ թվում՝ Հայաստանի՝ իր միջազգայնորեն ճանաչված 29.800 քկմ տարածքի սահմաններում։ Ադրբեջանական կողմից դրանից հետո հերքում ամեն դեպքում չի եղել, բայց այո, ճիշտ եք, Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս դրա մասին չեն հայտարարել, և դա խնդիր է։ Միանշանակ խնդիր է, և մեր միջազգային գործընկերների հետ մենք քննարկում ենք սա, բայց արդյո՞ք մենք շտապել ենք կամ շտապում ենք, թե՞ չենք շտապում, պետք է հասկանանք մեկ պարզ իրողություն։ Հայաստանին պետք է, որպեսզի մեր սահմանները լինեն չվիճարկվող, որովհետև եթե կան սահմաններ, որոնք վիճարկված են, դրանք տարբեր պատրվակներով կարելի է խախտել»,-շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ անդամ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօր ճիշտ հակառակի մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում, որ փակ հանդիպումներում Ալիևը ճանաչել է ՀՀ 29.800 քկմ տարածքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում