Ալիևը փակ հանդիպումների ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է, Հայաստանին չի վերաբերում։

«Երբ ռեալ բան լինի, կխոսենք, ես ասացի, որ լավ չի, բայց այս փուլում դա մեզ չի վերաբերում, խաղաղություն եմ մաղթում իրենց ժողովրդին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը և լրագրողի դիտարկմանը, որ դրա համար Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկու ճանապարհները չեն աշխատում՝ միջազգային մեխանիզմների ստեղծումը և միջազգային դատարանի որոշումը, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց՝ եկեք չշտապենք։

«Եկեք չշտապենք, որովհետև այդ առաջարկները, որոնք մատնանշեցիք, սեղանին են, եկեք չշտապեք, տեսնենք՝ ինչ կինի։ Ես նորից եմ ասում, եթե այդ հարցը չլուծվի Ադրբեջանի համար, Ադրբեջանի տեսանկյունից՝ ջայլամի քաղաքականության մեջ պահել երկիրը կամ էթնիկ զտում անելը՝ իրենց մոտ չի ստացվելու, առնվազն Հայաստանը դա թույլ չի տալու և բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է։ Զարմանում եմ, որ չեք հարցնում այն հաջողությունների մասին, որոնք այսօր ՀՀ իշխանությունը գրանցում է միջազգային հարթակներում։ Մեկ տարի առաջ արդեն կարող էինք ակտիվ պատերազմական վիճակում լինեինք, այդ միջազգային փաստաթղթերը, ճնշումներն են, կանխում են այն, ինչ կարող էր լինել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Ըստ ԱԺ նախագահի, միջազգային դատարանի որոշումները քայլերից մեկն է, և այնպես չէ, որ Արցախում ստեղծված իրավիճակի առումով այլընտրանքային քայլեր չեն իրականացնում։

Իսկ թե որո՞նք են այդ այլընտրանքային քայլերը, Ալեն Սիմոնյանը չասաց, միայն ընդգծեց՝ եթե այլընտրանքային քայլեր ասելով՝ հասկանում են, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ ծավալել, ապա այդպես չէ, Հայաստանը նման բան չի անի։ Փոխարենը՝ միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով պետք է հասնեն նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը կնքեն երկարատև, միջազգային հեղինակավոր կառույցի ֆորմատի ներքո պայմանագիր և ապահովեն հայ ժողովրդի, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում, իրավունքներն ու ազատությունը։

Դիտարկմանը, որ իր նշած քայլերը Բաքուն կտրականապես մերժում է, Ալեն Սիմոնյանը հակադարձեց, որ իրենք էլ կտրականապես աշխատում են այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը և հարցին, թե լսե՞լ են, որ երբևէ Ալիևն ասի՝ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունն այն տարածքով, որը Նիկոլ Փաշինյանն է հայտարարում՝ 29.800 քկմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ինքն իր ձևակերպումը քիչ այլ ձևով է ներկայացնում, ասում է՝ ես ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեմ։ Պետք է ասեմ, չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ, կարծում եմ՝ ունեմ, որ փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է և ընդունում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպումով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս