Կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դու լսիր. ՀՀ իշխանություններին ուղղված՝ Լուկաշենկոյի ակնարկները Մինսկում
Նախօրեին Մինսկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Սա, թերևս, վերջին շրջանում տեղի ունեցած ՀԱՊԿ այն միջոցառումներից է, որը ՀՀ իշխանությունները չմերժեցին ՀԱՊԿ-ը լքելու, ՀԱՊԿ-ից դժգոհությունների մասին իրենց հայտարարությունների ֆոնին։
Հանդիպման մասնակիցներն ամփոփել էին ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդյունքները՝ քննարկելով հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մտքերի խորացված փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ, որին հաջորդել է մի շարք համատեղ փաստաթղթերի հաստատում։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին։ Ըստ հաղորդագրության, նա անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ-ի հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը՝ այս համատեքստում շեշտելով ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։ Խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքների մասին, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգի շուրջ։
Մինսկում կայացած ՀԱՊԿ այս հերթական միջոցառման ուշագրավ դրվագը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթն էր, որում նա խոստովանում է, որ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, և դրանց պետք է արձագանքել, խնդիրները լուծել։ Դիմելով ռազմական դաշինքի անդամ երկրների արտգործնախարարներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները շատ հաճախ տեղին են, քանի որ կառույցը թերանում է կոնկրետ խնդիրների լուծման հարցում:
«Մենք բոլորս՝ այս սեղանի շուրջ հավաքվածներս, ինչ-որ ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից, հակառակ դեպքում չէինք անդամակցի այդ կազմակերպությանը։ Գուցե սխալ եմ, բայց Ղրղըզստանը մեզնից խնդրում, պահանջում է ինչ-որ կերպ օգնել Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կարգավորման հարցում։ Շատ հիմնավոր, և դա երբեմն շատ հստակ է, մեզնից դժգոհում է Հայաստանը։ Խնդիրներ կան, և շատ լուրջ խնդիրներ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, մենք կշարունակենք կշտամբել միմյանց ու դժգոհել կազմակերպության գործունեությունից։ Մինչդեռ խնդիրները գոյություն ունեն, որպեսզի դրանք լուծվեն»,- ասել է Բելառուսի նախագահը։
«Ուզենք թե չուզենք՝ պետք է խորանանք այն խնդիրներում, որոնք այսօր լուծում են թե՛ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, թե՛ մեր կազմակերպության անդամներ Ղրղըզստանն ու Տաջիկստանը։ Իհարկե, խնդիրներ կան նաև Բելառուսի ու Ռուսաստանի միջև։ Դրանք շատ են, և դրանք պետք է լուծել, որքան էլ բարդ ու դժվարին լինեն։ Սակայն մենք հաճախ այդ խնդիրներն անտեսում ենք, չենք ուզում լուծել, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ երբեմն էլ գուցե այդպես ենք վարվում խնդիրների բարդության պատճառով»,– նշել է Բելառուսի նախագահը:
Դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարներին՝ Լուկաշենկոն առաջարկել է օրակարգային հարց դարձնել այս խնդիրները․
«Եթե մենք կարողանանք լուծել Տաջիկստանի ու Ղրղըզստանի սահմանի հարցը, այնտեղ մարդկային զոհեր չեն լինի, երկու երկրներն էլ մեզ երախտապարտ կլինեն։ Նույնը՝ Հայաստանի դեպքում,- հայտարարել է նա՝ զգուշացնելով,- Եթե մենք չենք արձագանքում, մեր փոխարեն այդ հարցերով զբաղվում են արևմտյան բարեկամ-խորհրդատուները»։
Նա նշել է, թե ՀԱՊԿ անդամները պետք է «զերծ մնան հապշտապ որոշումներից և միմյանց դրությունը վատթարացնելու, իրարից հեռանալու փոխարեն՝ փորձեն լինել առավել միասնական»։
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել է, թե «աշխարհաքաղաքական դժվարին այս իրավիճակում պետք է միասնական մնալ և համաձայնեցված արձագանքել առկա մարտահրավերներին»։
Նիստից հետո կարճ ասուլիսով հանդես եկավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին Արևմուտքի հովանու ներքո և Արևմուտքի դերակատարությանը Հարավային Կովկասում, ասաց․
«Ցավոք սրտի, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, մենք տեսնում ենք ոչ թե ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն՝ ներխուժել տարածաշրջան, ցանկություն՝ նսեմացնել ՌԴ օրինական շահերը, և ցանկություն՝ հաստատել իրենց որպես ուժեր, որոնք այստեղ կարող են մինչև անգամ որոշիչ դերակատարություն ստանձնել։ Սա Արևմուտքի ընդլայնման ձգտումն է այն ռեգիոններում, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից էականորեն հեռու, և սա քիչ կապ ունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները Երևանում ու Բաքվում սա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն նրանց հետ քննարկում ենք տեղի ունեցողը»։
168․am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հատկապես Բելառուսի նախագահի ելույթը, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Լուկաշենկոյի ելույթի ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հատվածներն ուղղված էին ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։ Սակայն, ըստ փորձագետի, նա ասել է այն, ինչից տարիներ շարունակ խոսել են իրենք՝ փորձագետները, և այդ իրողությունները վաղուց էր հարկավոր արձանագրել, լուծել, որի շնորհիվ կառույցը շատ ավելի վաղուց կլիներ գործունակ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, դրականն այն է, որ, այնուամենայնիվ, անկեղծ խոսակցություն այդ թեմաների շուրջ բարձր մակարդակով կա, քանի որ իրավիճակը կարող է ՀԱՊԿ-ի համար՝ որպես կառույց, անդառնալի լինել։
«Մյուս կարևոր հանգամանքն այն է, թե Լուկաշենկոյի երեկվա խոսքը որքանով կունենա ռազմավարական և ապագային միտված նշանակություն, այսինքն՝ իսկապես որքանով այդ խնդիրները կդիտարկվեն, որքանով ինտենսիվ աշխատանք կընթանա դրանք լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, այս կառույցն ավելի է թուլացել Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում, քանի որ ՀԱՊԿ-ի կենտրոնը մշտապես Ռուսաստանն է եղել, իսկ ներկայումս այդ գործոնը թուլացել է։ Սակայն մենք նաև գիտենք, որ որքան էլ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակ առ ժամանակ Ռուսաստանի համար տհաճ և անակնկալ հայտարարություններով է հանդես գալիս, այս պատերազմի ֆոնին կանգնած է ՌԴ նախագահի կողքին և նրա նաև ոչ պաշտոնական խոսափողն է։ Կարելի է ասել, որ այս մտքերը կիսում է նաև ռուսական կողմը, և պատահական չէ ամենևին, որ այս հարցերը բարձրացվում են այս մակարդակով, գոնե կա ռուս-բելառուսական կոնսենսուս այս թեմայի շուրջ, կա նաև ընկալում, որ Արևմուտքը շատ է առաջ անցել։ Բայց, իհարկե, միայն ժամանակը ցույց կտա, թե որքան վճռական ու հետևողական կլինեն ՀԱՊԿ-ում և ինչ արդյունավետությամբ կկարողանան առաջ տանել այս հարցերը։ Արձանագրելի է այս պահին այն, որ սեպտեմբերից հետո ՀԱՊԿ-ին չի հաջողվում դիտորդների հարց լուծել Հայաստանում, ավելին՝ Հայաստանն ավելի ու ավելի է հեռացել ՀԱՊԿ-ից, որը, ինչպես ես ավելի վաղ ևս նշել եմ, ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը սկսում են իրենց դիրքերը զիջել այնքան, որ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրագործել իրենց առջև դրված ամենափոքր խնդիրները»,- ասաց Խրամչիխինը։
Նա նաև այն կարծիքին է, որ այս մեղմացած հռետորաբանությունը պայմանավորված է ՀՀ իշխանությունների դիրքավորմամբ.
«ՀՀ իշխանություններն ամեն առիթով խոսում են ՀԱՊԿ-ը լքելու մասին, մերժում են ՀԱՊԿ բոլոր նախաձեռնությունները, քննադատում են, բնականաբար, ՀԱՊԿ-ում եթե ցանկանում են կառույցը չկորցնել, պետք է ինչ-որ կերպ արձագանքեն այս միտումներին՝ անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ կա այս ամենի ետևում։ Դիմադրությունը, քննադատությունն ավելի մեծ խնդիրների է հանգեցնելու, այսօր այդ դիմադրելու ռեսուրսը չկա, այլ գործիքներ են հարկավոր։ Ակնհայտ է, չէ՞, որ ՌԴ ԱԳ նախարարը հասկանում է՝ Երևանն ու Բաքուն իրենց կամքով են բանակցում Արևմուտքում, սակայն առավելապես թիրախավորում է Արևմուտքին և ոչ կողմերին, սա այս փուլում դիվանագիտություն է՝ եղած գործընկերներին էլ չկորցնելու և ժամանակ շահելու համար»,- ասաց վերլուծաբանը։