Բաժիններ՝

Նոր տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ չենք կարող արձանագրել. Զառա Ամատունի

Հունիսի 15-ից սկսած՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Արցախի Հանրապետությունից բուժառուներին Կարմիր Խաչը տեղափոխի Երևան՝ բուժվելու նպատակով։

Իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:

«Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումն Արցախ։

Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։

Կարդացեք նաև

Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որբովանդակային մանրամասներ, ինչպես միշտ, չեն կարող հաղորդել կողմերի հետ տարվող երկխոսությունից։

«Կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք և կապի մեջ ենք որոշումներ կայացնողների հետ, սակայն փաստացի չենք կարող արձանագրել նոր տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ»,-եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ադրբեջանական կողմը փակել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից՝ շրջափակման մեջ պահելով 120 հազար արցախահայերի, որոնք զրկված են ապրելու տարրական պայմաններից։ Ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը, կրկին ապօրինի, անցակետ է տեղադրել Հակարիի կամրջի վրա: Հունիսի 15-ին ադրբեջանական կողմնառաջխաղացման փորձ էր կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել էր, եղել էին կրակոցներ, որի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ էր վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս