Արցախի բուժհաստատություններում չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները
Արցախի Հանրապետության բոլոր բուժհաստատություններում հունիսի 19-ից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:
«Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։
Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս պահի դրությամբ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։