Լեւոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը
Ինչպես ցույց էի տվել իմ նախորդ հոդվածներից մեկում («Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների հորձանուտում». aliqmedia.am, newsline.am, iLur.am, 19.05.2023), XI–XIV դարերում Մերձավոր Արեւելքը դարձել էր աշխարհակալական չորս ուժերի՝ Արեւմտյան Եւրոպայի, Բյուզանդական կայսրության, Մոնղոլական խանության եւ Իսլամական հասարակապետության բախման գլխավոր թատերաբեմը։ Տվյալ հանգամանքով պայմանավորված, այդ տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ քրիստոնյա թե մահմեդական փոքր պետություններին մնում էր խուսանավել կայսրությունների իրարամերժ ներհակությունների հորձանուտում եւ գոյատեւել մերթ հանդուրժված բուֆերային գոտու, մերթ ըմբոստ հպատակի, մերթ նվաճողի, մերթ էլ վասալի կարգավիճակով։ Երկրամասն այդ ժամանակաշրջանում մանր ու մեծ թագավորությունների, իշխանությունների, սուլթանությունների ու էմիրությունների մի այնպիսի խառնարան էր, որը ոչ իսկ խճանկար (մոզաիկա), այլ գեղադիտակ (կալեյդոսկոպ) էր հիշեցնում՝ ծնվող եւ վերացող պետությունների անընդհատ հերթագայությամբ։ Բավական է թեկուզ նշել, որ իր գոյության շուրջ 300 տարիների ընթացքում Կիլիկիո Հայոց պետությունն ունեցել է միմյանց հաջորդած տասներեք սահմանակից-հարեւան՝ Բյուզանդական կայսրությունը (1080–1176 թթ.), Սելջուկյան սուլթանությունը (1077–1092 թթ.), Փիլարտոսի իշխանությունը (1072–1090 թթ.), Գող Վասիլի իշխանությունը (1082–1117 թթ.), Դանիշմենդյան էմիրությունը (1071–1174 թթ.), Ռումի սուլթանությունը (1077–1277 թթ.), Եդեսիայի կոմսությունը (1098–1150 թթ.), Անտիոքի իշխանապետությունը (1099–1268 թթ.), Հալեպի Զանգիդյան աթաբեկությունը (1150–1181 թթ.), Սիրիայի եւ Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը (1181–1268 թթ.), Եգիպտոսի Մամլյուքյան սուլթանությունը (1268–1375 թթ.), Իրանի Հուլավյան իլ-խանությունը (1277–1335 թթ.) եւ Կարամանյան էմիրությունը (1277–1375 թթ.)։
Հասկանալի է, որ իրավիճակների այսպիսի փոփոխականությունը փոքր պետությունների համար անհնար էր դարձնում քաղաքական հաշվարկների վրա կառուցված երկարատեւ ռազմավարության գործադրումը։ Ռազմավարության բացակայությունն, ըստ այդմ, Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում Կիլիկյան Հայաստանի եւ խաչակրաց պետությունների ամենաբնորոշ հատկանիշն էր, եթե, իհարկե, ռազմավարություն չհամարենք ինքնապահպանության նախածին բնազդը եւ ուժերի նպաստավոր դասավորության դեպքում հարեւանների հաշվին սեփական տարածքներն ընդարձակելու ձգտումը։ Տվյալ պարագայում, հետեւաբար, առաջնային էին դառնում զուտ մարտավարական նշանակություն ունեցող գործնական (պրագմատիկ) նկատառումները։ Հակամարտող կողմերի երկարատեւ շահերը կարճատեսորեն ստորադասվում էին պահի թելադրանքով ակնկալված ձեռքբերումներին։ Գոյություն չուներ պետությունների քաղաքական վարքը կարգավորող որեւէ չափանիշ։ Ճարպկությունը, նենգությունը, երդմնազանցությունը, դավադրությունը, հակառակորդին խաբելու եւ ծուղակը գցելու ունակությունը ոչ միայն պախարակելի չէին, այլեւ առաքինություն էին համարվում[1]։ Հաճախակի էին անգամ հյուրընկալության կանոնների եւ դեսպանների անձեռնմխելիության իրավունքի խախտումները։ Իսկ մարդկանց առեւանգման եւ փրկագնի դիմաց ազատ արձակելու երեւույթը հասել էր ահռելի չափերի։ Մի խոսքով, միջպետական հարաբերություններում տիրապետողը ջունգլիների օրենքն էր. ով ինչ կարողանում՝ գրավում էր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին, որոնք կարող էին կործանարար լինել հենց գրավողի համար։
Փոքր պետությունների քաղաքական վարքագծի տարերայնությունը խորանում էր այն հանգամանքով, որ նրանք հաճախ նաեւ դառնում էին աշխարհակալ տերությունների կույր գործիքը՝ օգտագործվելով իրենց վիճակակիցների դեմ ուղղված ծրագրերում։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, որի էությունը փոքր պետություններին միմյանց դեմ լարելու եւ այդու նրանց հնարավոր համագործակցությունը վիժեցնելու ձգտումն էր, հատուկ էր բոլոր գերտերություններին։ Այս առումով ամենաբնորոշը, թերեւս, Մանուել I Կոմնենոս կայսեր վարած քաղաքականությունն էր Կիլիկիայի հանդեպ։ Ձգտելով կանխել Ռուբինյանների հզորացումը, Բյուզանդական կայսրը 1150-ական թվականներին նրանց դեմ դրդեց նախ՝ Ռումի սելջուկյան սուլթանությանը[2], ապա՝ Անտիոքի իշխանապետությանը[3]։ Նույն կերպ, 1180-ական թվականներին, գերտերության հավակնություններ դրսեւորող նորաստեղծ Այուբյան սուլթանությունը փորձեց սեպ խրել Կիլիկիո հայկական իշխանության եւ Անտիոքի իշխանապետության միջեւ[4]։ Ռազմավարական մտածողության բացակայությունը եւ անմիջական շահ ձեռքբերելու գայթակղությունն, այսպիսով, փոքր պետություններին թույլ չէր տալիս ընկալել գերտերությունների եսասիրական հաշիվների մեջ ներքաշվելու իրողության կործանարարությունը, եւ նրանք զարմանալի հետեւողականությամբ շարունակ ընկնում էին վերջիններիս լարած միեւնույն ծուղակը։
Սա նշելով հանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ նույնիսկ աշխարհակալ պետությունների պարագայում ռազմավարական մտածողության ունակությունն ինքնին դեռեւս հաջողության գրավական չէր, քանի որ էականը ոչ թե սոսկ ռազմավարության առկայությունն էր, այլ ճիշտ ռազմավարության ընտրությունը։ Երեւույթի լուսաբանման տեսակետից կրկին ամենաբնութագրականը, թերեւս, կարելի է համարել Բյուզանդիայի օրինակը, նկատի առնելով նրա որդեգրած առճակատման քաղաքականությունը Կիլիկիայի եւ խաչակրաց պետությունների նկատմամբ։ Ըստ տարածված տեսակետի՝ այդ քաղաքականությունը բխում էր Բյուզանդիայի ազգային շահերից եւ ավանդական ռազմավարությունից[5], որի էությունը կայսրության հեղինակության եւ տարածքային ամբողջականության վերականգնումն էր։ Թվում է, թե Հովհաննես II եւ Մանուել I Կոմնենոս կայսրերի 1136–1138, 1142–1143 եւ 1158–1159 թթ. արեւելյան արշավանքների շնորհիվ Բյուզանդիան փայլուն հաջողությամբ լուծեց այդ խնդիրները[6]։ Սակայն նկատի ունենալով հետագա զարգացումները, հարց է առաջանում, թե արդյոք արդարացվա՞ծ էին Բյուզանդիայի վատնած ահռելի ջանքերն ու հսկայական ծախսերը, եւ արդյոք այդ թվացյալ հաջողությունները չէի՞ն նրա գալիք դժբախտությունների պատճառը։ Կարծում ենք՝ կասկածից վեր է, որ կայսրությունը շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե հայերին ու ֆրանկներին հակադրվելու փոխարեն, նրանց հետ միասնական ճակատ կազմած, փորձեր պայքարել փոքրասիական սելջուկների դեմ։ Բացառված չէ, որ նման քաղաքականության կիրառման պարագայում Մերձավոր Արեւելքի պատմությունը բոլորովին այլ ընթացք կարող էր ստանալ։ Ռազմավարական տեսակետից՝ հայերի եւ ֆրանկների դեմ Բյուզանդիայի մղած պայքարն, ըստ այդմ, շատ ավելի աններելի կարճատեսություն էր[7], քան նույնիսկ XI դ. առաջին կեսում Մեծ Հայքի թագավորությունների բռնակցումը կայսրությանը, քանի որ այդ ժամանակ դեռեւս ոչ ոք ի վիճակի չէր պատկերացնել սելջուկ-թուրքերի առաջխաղացման վտանգի իրական չափը։ Մինչդեռ հետագայում Բյուզանդիայի կողմից այդ վտանգի համառ անտեսումն ու քրիստոնեական ուժերի ջլատումն արդեն ոչ այլ ինչ էր, եթե ոչ նրա արեւելյան քաղաքականության լիակատար սնանկության նշանավորումը։ Դառնալով իր աշխարհակալական գաղափարախոսության եւ կայսերական քաղաքականության գերին, Բյուզանդիան, փաստորեն, տարածաշրջանի միակ երկիրն էր, որն ինքնակամ կերպով իրեն զրկել էր Realpolitik-ի զինանոցից օգտվելու հնարավորությունից։
Որքան էլ տարօրինակ թվա, հակառակ միջնադարյան ռիտորիկային, եւ հակառակ արդի պատմագիտության մեջ տարածված տեսակետին, մերձավորարեւելյան քաղաքականության դերակատարների մոտ գործնականում բացակայում էր նաեւ կրոնական համերաշխության գիտակցությունը, ինչն արդյունք էր մի կողմից՝ արդեն նշված իրավիճակային գործելակերպի, մյուս կողմից՝ հակամարտ ճամբարների դավանաբանական պառակտվածության (քրիստոնյաների պարագայում՝ կաթոլիկություն, ուղղափառություն, միաբնակություն, իսկ մահմեդականների պարագայում՝ սուննիզմ, շիիզմ եւ իսմայելիզմ)։ Թեեւ քրիստոնյաները մերթ ընդ մերթ կարողացան հակաիսլամական ճակատ ստեղծել (եւրոպական տարբեր երկրների կամավոր մասնակցությունը խաչակրաց արշավանքներին), սակայն նույն բանը մահմեդականներին երբեք չհաջողվեց։ Իսլամական երկրներն ի վիճակի եղան քրիստոնեության դեմ պայքարել միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկը, նվաճելով մյուսներին, կարողացավ ուժեղ կենտրոնացած պետություն ստեղծել (Զանգիդներ, Այուբյաններ, Մամլյուքներ)։ Շատ ավելի սովորական էր, երբ պատերազմների ժամանակ, զուտ հատվածական նկատառումներով, ձեւավորվում էին խայտաբղետ ռազմա-քաղաքական դաշինքներ՝ անկախ դրանց մասնակիցների կրոնական պատկանելության հանգամանքից։ Քրիստոնյա եւ մահմեդական պետությունների մի խումբ հաճախ մաքառում էր նույնպիսի կազմ ունեցող մի այլ խմբի դեմ։ Ո՛չ մահմեդական, ո՛չ էլ քրիստոնյա պետությունները չէին խորշում հարկ եղած դեպքում օգնության կանչել իրենց այլադավան հարեւաններին՝ նրանց մասնակից դարձնելով իրենց հավատակիցների դեմ մղվող պայքարում։ Նույնքան սովորական էին, սակայն, նաեւ հապճեպ ձեւավորված դաշինքների հանկարծակի փլուզումները, կնքված զինադադարների խախտումները, փոխադարձ դավաճանությունները, գերեվարումներն ու ավարառությունները։
Փոքր պետությունները զրկված էին նաեւ կայուն եւ կանխատեսելի քաղաքական գործոններից օգտվելու հնարավորությունից, քանի որ երեկվա բարեկամը մյուս օրը կարող էր դառնալ թշնամի, կամ հակառակը։ Քաղաքական գործոններն, ըստ այդմ, բազմանշանակ էին՝ միաժամանակ պարունակելով թե՛ դրական, թե՛ բացասական տարրեր։ Այսպես, օրինակ, իտալական առեւտրային հանրապետությունները մի կողմից՝ մեծապես նպաստեցին խաչակրաց պետությունների ստեղծմանը, տնտեսական զարգացմանն ու Եւրոպայի հետ մշտական հաղորդակցության ապահովմանը, մյուս կողմից, սակայն, իրենց ձեռքբերած հսկայական արտոնություններով, հարատեւ մրցակցությամբ, վեճերով ու կռիվներով, ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմների հրահրումով, թուլացրին այդ պետությունները[8]։ Նույնը վերաբերում է ռազմա-կրոնական միաբանություններին, որոնք լինելով լատին Արեւելքի պաշտպանության հիմնական ապավենը, միաժամանակ իրենց ինքնավար վիճակից բխող անկառավարելի գործողություններով, կենտրոնական իշխանություններին չենթարկվելու տրամադրությամբ եւ արկածախնդրական քայլերով նույնպես նպաստեցին խաչակրաց պետությունների տկարացմանը[9]։ Այս առումով բնութագրական են նաեւ հայերի եւ խաչակիրների ամենեւին ոչ միանշանակ հարաբերությունները։ Սկզբնական շրջանում վերջիններս ակամա մեծ ծառայություն մատուցեցին Ռուբինյան իշխանությանը՝ վերացնելով Դաշտային Կիլիկիայի քաղաքներում տեղակայված թուրքական կայազորները։ Բացի այդ, հիմնադրելով Եդեսիայի կոմսությունը եւ Անտիոքի իշխանապետությունը, խաչակիրները Կիլիկիայի արեւելյան եւ հարավային սահմաններից հեռացրին մահմեդական երկրներից սպառնացող անմիջական վտանգը[10]։ Սակայն մյուս կողմից՝ ոչնչացնելով Մերձեփրատյան երկրամասի հայկական իշխանությունները, հետագայում նրանք այդ սահմաններն ավելի խոցելի դարձրին։ Տվյալ երեւույթն, ի դեպ, հատուկ էր ոչ միայն քրիստոնյա, այլեւ մահմեդական պետություններին։ Այսպես, Հալեպի Զանգիդյան աթաբեկությունը մեծապես օգտվեց Այուբյան քրդերի ծառայությունից, բայց վերջիններս ժամանակի ընթացքում այնքան հզորացան, որ կործանեցին իրենց նախկին տերերին։ Իսկ հետագայում Այուբյաններն, իրենց հերթին, ապավինելով մամլյուքյան բանակներին, վերջիվերջո դարձան նրանց զոհը։ Գործոնների բազմանշանակության ամենացայտուն արտահայտությունը, սակայն, Կիպրոսի թագավորության օրինակն է, որի մասին ես մանրամասն խոսել եմ իմ «Խաչակիրները եւ հայերը» գրքի առաջին հատորում[11]։
XI–XIV դդ. Մերձավոր Արեւելքի քաոսային թվացող այս վիճակի նկարագրությունը, բնականաբար, հարց կարող է առաջացնել, թե որն էր, այնուամենայնիվ, տարածաշրջանի փոքր պետությունների կենսունակության եւ երկարակեցության պատճառը։ Այդ պատճառը, մեր կարծիքով, պետք է որոնել նախ՝ գերտերությունների հակասությունների եւ ապա՝ փոքր պետությունների ուժերի հավասարակշռության ոլորտում։ Որքան էլ խայտաբղետ՝ փոքր պետությունների մարդկային, նյութական, զինական եւ պաշտպանական կարողություններն, այնուամենայնիվ, քիչ թե շատ համադրելի էին։ Մոտավորապես համադրելի էր նաեւ նրանց բանակների թվաքանակը։ Դրանք իրենց բնույթով ֆեոդալական բանակներ էին, կազմված պատերազմների ժամանակ վասալների տրամադրած զորքերից, որոնց թիվը, հակառակ միջնադարյան ժամանակագիրների չափազանցված տվյալներին, երբեք չէր անցնում քսան հազարից, ինչի վկայությունն են կոնկրետ ճակատամարտերի ու արշավանքների մասնակիցների թվաքանակի վերաբերյալ նույն ժամանակագիրների հաղորդած ավելի իրատեսական տեղեկությունները[12]։ Ֆեոդալական բանակներն ընդունակ էին հավասարը հավասարի պես պատերազմել միմյանց դեմ, սակայն անզոր էին չափվելու կայսերական (Բյուզանդիա), քոչվորական (սելջուկներ եւ մոնղոլներ) ու մամլյուքյան մշտական բանակների հետ։ Ուստի փոքր պետություններից ոչ մեկն, ըստ էության, ի վիճակի չէր միայնակ վերջ տալու մի այլ պետության գոյությանը։ Իսկ եթե նման մտադրություն ունեցող մի պետության, այնուամենայնիվ, հաջողվում էր դաշնակիցներ ձեռքբերել, ապա նրա ախոյանի շուրջ անմիջապես ձեւավորվում էր մի այլ դաշինք, ինչը վերականգնում էր հակամարտող կողմերի հավասարակշռությունը։ Փոքր երկրներին հատուկ էր նաեւ մյուսների հաշվին հզորացման ձգտող որեւէ պետության դեմ միավորվելու բնազդը։
Փոքր պետությունների կենսունակության գաղտնիքը հասկանալու համար չպետք է մոռանալ, որ որքան էլ պատերազմներն ու հրոսակային հարձակումները հաճախադեպ լինեին, այնուամենայնիվ, խաղաղության շրջանները շատ ավելի տեւական էին, քան ռազմի տարիները։ Այդ կարեւոր հանգամանքը տարածաշրջանի ժողովուրդներին հնարավորություն էր տալիս վերականգնել իրենց ուժերը, զարգացնել սեփական երկրների տնտեսությունը եւ օգտվել միջազգային առեւտրի ընձեռած բարիքներից։ Խաղաղության առավելությունների գիտակցությունն ու բարգավաճման ձգտումը ժողովուրդների մոտ, համենայն դեպս, շատ ավելի ընդգծված էին, քան պատերազմելու ցանկությունը։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին գնահատվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների ու նույնիսկ ոչ այնքան ձեռնտու պայմանագրերի գնով։ Այսպես, օրինակ, Հովհաննես Երզնկացին այդ առթիվ գրում է. «Իշխանին պիտոյ (է)… զժամանակն ճանաչել պատերազմի եւ խաղաղութեան։ Զի թէ գիտէ թէ ոչ կարէ մարտնչել,… ապա… հրեշտակութիւն առաքեալ աղաչեսցէ ի խաղաղութիւն, է՛ զի եւ գանձս տացէ, զի վասն այնորիկ են գանձք, եւ ամենայնիւ հնարեսցի զփրկութիւն երկրի»[13]։ Իսկ հիշատակագիրներից մեկը, նկատի ունենալով Հայոց Հեթում Ա թագավորի կողմից մոնղոլների գերիշխանությունը ճանաչելու եւ դրա շնորհիվ իր երկրի անվտանգությունն ապահովելու փաստը, գոհունակությամբ արձանագրում է. «Արդ ի սոյն այս բազմավրդով ժամանակի, ի ձեռն վերոյ նշանակեալ թագաւորին Հեթմոյ խորագէտ իմաստութեան եւ նախահոգակ հանճարեղութեան, մեք մնամք ի խաղաղութեան՝ որպէս կղզի ինչ ի յալեաց մնացեալ յանդորր»[14]։ Այս առումով ավելի միանշանակ է Արիստակես Լաստիվերտցու հետեւյալ միտքը. «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»[15]։
Սակայն արտաքին գործոններից առավել, փոքր պետությունների կենսունակության հիմնական ակունքը պետք է համարել նրանց ներքին կայունությունը, ժողովրդագրական եւ դավանական միատարրությունը, պետական համակարգի ամրությունը, բարձր մշակույթ ստեղծելու կարողությունը, ինչպես նաեւ միջնադարին անհարիր թվացող այնպիսի վերացական գաղափարի առկայությունը, որպիսին ազգային գիտակցությունն էր։ Ըստ այդմ, առ ի չգոյե այլ միջոցների, հետազոտողների համար միեւնույն պայմաններում գոյակցած պետությունների կենսունակության չափանիշ է ծառայում նրանց երկարակեցությունը[16]։ Այս չափանիշով գնահատելիս, ստացվում է, որ XI–XV դարերում Մերձավոր Արեւելքի քաղաքական համակարգը կազմող քրիստոնյա թե մահմեդական պետությունների շարքում ամենակենսունակներից մեկը Կիլիկյան Հայաստանն էր, որի կյանքը տեւեց շուրջ 300 տարի՝ ավելի, քան նույնիսկ Մամլյուքյան Եգիպտոսի, Ռումի սուլթանության կամ Կիպրոսի թագավորության տեւողությունը[17]։
Կիլիկիո Հայոց պետության երկարակեցությունը բացատրող գործոններից ամենավճռորոշն, իհարկե, դեմոգրաֆիան էր։ Չնայած որոշակի թվով հույն, ասորի եւ ֆրանկ քաղաքացիների գոյությանը, հայերը կազմում էին երկրի բնակչության ճնշող, եթե չասենք միատարրության հասնող, մեծամասնությունը։ Հայոց պետությունը համարյա նույնքան միատարր էր նաեւ կրոնական առումով, եթե նկատի ունենանք, որ առնվազն մինչեւ XIV դ. սկիզբը հայերի մեջ, ինչ-ինչ տարաձայնությունների առկայությամբ հանդերձ, դավանաբանական պառակտումներ գոյություն չունեին։ Նշված հանգամանքները Կիլիկիան շեշտակիորեն առանձնացնում էին Մերձավոր Արեւելքի մնացյալ պետություններից, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բազմազգ եւ բազմադավան էին, իսկ նրանցից շատերում իշխանությունը գտնվում էր փոքրամասնություն կազմող ազգերի ձեռքում։ Այս առումով ամենաբնութագրականը խաչակրաց պետությունների օրինակն է, որոնցից յուրաքանչյուրում ֆրանկները, տիրապետող ազգ լինելով հանդերձ, կազմում էին բնակչության չնչին փոքրամասնությունը, ինչը վերջիվերջո պիտի դառնար նրանց կործանման գլխավոր պատճառը[18]։ Բավական է թեկուզ նշել, որ 1180‑ական թվականների սկզբում Երուսաղեմի թագավորության 400–500 հազար բնակիչներից լատին էին միայն 120 հազարը[19]։
Ժողովրդագրական եւ դավանական միատարրությունն, անշուշտ, պարարտ հող էր ազգային մշակույթի զարգացման եւ, ինչու չէ, նաեւ ազգային գիտակցության ու արժանապատվության ձեւավորման համար։ Չծանրանալով կիլիկյան բարձրակարգ մշակույթի վրա, ինչը հանրածանոթ իրողություն է, հարկ ենք համարում, թեկուզ հարցադրման կարգով, համառոտակի անդրադառնալ երկրորդ խնդրին։ Թեեւ միջնադարում ազգ հասկացությունը, սովորաբար, նույնացվում էր դավանական պատկանելությանը, ինչի պատճառով, օրինակ, վրացադավան կամ հունադավան հայերը կոչվում էին վրացի կամ հույն[20], սակայն կիլիկյան շրջանում, կարծես թե, արդեն սկսում էր տարբերություն դրվել ազգության եւ դավանանքի միջեւ։ Դրա ամենացայտուն վկայությունը Ներսես Շնորհալու՝ Լեւոն Ա‑ին վերաբերող «որ էր հայ ըստ ազգի եւ հաւատոյ» արտահայտությունն է[21]։ Սրան հավասարազոր են Սյունյաց իշխան Սմբատ Օրբելյանի՝ Մանգու խանի առջեւ արտասանած հետեւյալ խոսքերը. «Հաւատով քրիստոնեայ եմ եւ ազգաւ հայ»[22]։ Նույն մտայնության դրսեւորումն է նաեւ այն, որ հայ հեղինակները, տեղյակ լինելով բյուզանդական որոշ պաշտոնյաների, ինչպես, օրինակ, Փիլարտոսի եւ Թաթուլի հունադավան լինելու իրողությանը, նրանց, այնուամենայնիվ, «ազգաւ հայ» են կոչում[23]։ Այս առումով ամենաբնութագրականը Մատթեոս Ուռհայեցու՝ Փիլարտոսին վերաբերող հետեւյալ վկայությունն է. «Վարքն եւ կրօնքն զՀոռոմոցն ունէր, եւ հայրենեօքն եւ մայրենեօքն Հայ էր»[24]։ Դավանանքի եւ ազգության տարբերությունն զգացվում է նաեւ Սմբատ Սպարապետի ու Վարդան Արեւելցու այն տեղեկություններում, որոնց համաձայն՝ Փիլիպոս Անտիոքացուն թագադրելուց առաջ նրա առջեւ պայման էր դրվել՝ «որ հայենակ կենայր» կամ «հայադաւան եւ հայասէր լինել»[25]։ Ինչ վերաբերում է ազգային արժանապատվության դրսեւորումներին, ապա դրանց մասին տեղեկությունները նույնպես հազվագյուտ չեն հայկական աղբյուրներում։ Այդ առումով հատկապես ուշագրավ է Գագիկ Բ թագավորի հույն դահիճների՝ Մանդալեի որդիների հետ Թորոս Ա իշխանի տեսած հաշվեհարդարի դրվագը։ Երբ նրանցից մեկը հանդիմանում է վերջինիս, ասելով՝ «Դու հայ մարդ ես, եւ մեք Հոռոմի իշխանք, զի՞նչ կամիս պատասխանի տալ Հոռոմոց թագաւորին», Թորոսը հակադարձում է. «Ո՞վ էիք դուք, որ զայր հզօր եւ զօծեալ թագաւոր Հայոց սպանանէիք, եւ կամ զի՞նչ պատասխանի ետուք ազգին Հայոց»[26]։ Նման մի փաստ կապված է նաեւ Թորոս Բ‑ի անվան հետ։ Երբ Պաղեստինը տասնյակ հազարավոր հայ ընտանիքներով բնակեցնելու նրա առաջարկի դիմաց լատին կղերականները պայման են դնում նրանցից գլխահարկ գանձել, Հայոց իշխանը վրդովված հայտարարում է. «Ստրուկ դառնալու համար չէ, որ հայերը ուրիշ երկիր պիտի գնան»[27]։
Կիլիկիայում ազգային գիտակցության ձեւավորման խթաններից մեկը պետք է համարել Բագրատունյաց թագավորության հիշատակի թարմությունն ու կորուսյալ պետականության վերականգնման երազանքը։ Անիի անկումից (1045 թ.) մինչեւ Կիլիկիո հայկական իշխանության սկզբնավորումն (1080 թ.) ընկած երեսունհինգամյա ժամանակաշրջանում, քանի դեռ ողջ էր ազգային պետության խորհրդանիշը հանդիսացող Գագիկ Բ գահազուրկ թագավորը, հայությունը դեռեւս չէր կորցրել սեփական հայրենիք ունենալու հույսերը, որոնք ամրապնդվում էին կապադովկյան աքսորում վերջինիս ծավալած բուռն գործունեությամբ[28]։ Այս առումով ուշագրավ է մանավանդ Մատթեոս Ուռհայեցու այն տեղեկությունը, որ Հայոց թագավորությունը վերականգնելու նպատակով Գագիկը նույնիսկ մտադրվել էր դիմել Սելջուկյան սուլթան Ալփ‑Արսլանի օգնությանը[29]։ Նույնքան ուշագրավ պետք է համարել այն, որ Գագիկի ողբերգական վախճանը ոչ թե հուսալքող, այլ համախմբող նշանակություն ունեցավ Հայոց իշխանների եւ Բագրատունյաց բանակի մնացորդների համար[30], որոնք ապաստանելով Կիլիկիայում եւ Կոմագենեում[31], նոր եռանդով լծվեցին օտար եզերքներում ազգային պետականության վերականգնման գործին։ Ռուբինյաններն ու Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխաններն, այսպիսով, ոչ թե ինքնակոչ բախտախնդիրներ էին, ինչպես երբեմն նրանք ներկայացվում են արդի պատմագիտության մեջ[32], այլ հայրենիքի անկախությունը ճաշակած վերջին սերնդի ներկայացուցիչներ՝ օժտված ակնբախ պետական մտածողությամբ, ինչը պիտի արտահայտվեր նրանց հետագա գործունեության ամեն քայլափոխում։ Բագրատունյաց թագավորության եւ Կիլիկիո Հայոց պետության կապն, ըստ այդմ, խորհրդանշականից ավելին էր՝ միանգամայն առարկայական ու շոշափելի։
Եւ վերջապես, միջնադարյան միապետությունների կայունության եւ կենսունակության կարեւորագույն գործոններից մեկն էլ հստակ կանոնակարգված գահաժառանգության իրավունքի առկայությունն ու իշխանության օրինական փոխանցման ապահովումն էր[33], որը թույլ էր տալիս երկիրը զերծ պահել ներքին գահակալական ցնցումներից եւ մանավանդ արտաքին միջամտություններից։ Կիլիկյան Հայաստանի պատմության մեջ հայտնի չէ որեւէ դեպք, երբ գահակալության խնդիրը դառնար արտաքին ուժերի լուրջ միջամտության առարկան։ Ընդհակառակը, առնվազն երկու անգամ Հայոց պետությունն ինքն է խառնվել հարեւան երկրներից մեկի՝ Անտիոքի իշխանապետության գահակալական վեճերին։ 1160 թվականին, երբ Անտիոքի դքսուհի Կոնստանսը, ոտնահարելով իր տասնվեցամյա որդու՝ Բոհեմունդ III‑ի իրավունքը, փորձեց բյուզանդացիների աջակցությամբ զավթել իշխանությունը, վերջինիս կողմնակիցներն, իրենց հերթին, դիմեցին Հայոց Թորոս Բ իշխանի օգնությանը, որը փութալով Անտիոք, լուծեց այդ վեճը՝ օրինական գահաժառանգի օգտին[34]։ Իսկ 1216 թվականին, երկարատեւ պայքարից ու բազմաթիվ ձախողված փորձերից հետո, Հայոց Լեւոն Բ (I) թագավորն Անտիոքի իշխանապետության գահին բազմեցրեց իր զարմիկ Ռայմոնդ‑Ռուբենին[35]։
Սակայն Կիլիկիայի պարագայում իշխանության «լեգիտիմության» խնդիրը չի սահմանափակվել միայն գահաժառանգության կանոնակարգված իրավունքի գործադրմամբ, որն ընդամենը ապահովել է իշխանության փոխանցման օրինական ընթացքը իշխող արքայատոհմի ներսում։ Դրանից բացի, Ռուբինյանները բախվել են իրենց «լեգիտիմության» հետ կապված եւս երկու լուրջ խնդիրների, առաջին՝ հույներից զավթված երկրին տիրելու իրավունքի ճանաչումը, որն ի վերջո իրականություն պիտի դառնար Կիլիկիայի եւ Բյուզանդիայի միջեւ ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում, եւ երկրորդ՝ Կիլիկիայում հաստատված մյուս հայ իշխանների վրա իրենց գերակայությունը տարածելու օրինականության հիմնավորումը, որին մասնավորապես ծառայել են Գագիկ թագավորի հետ Ռուբինյանների նախնու ունեցած մերձավորության իրողությունը եւ նրա արքայական ծագման մասին հետագայում հորինված լեգենդը[36]։
[1] Հմմտ. Ղեւոնդ Ալիշան, Սիսուան. Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ, Վենետիկ, 1885 (այսուհետեւ՝ Ալիշան, Սիսուան), էջ 455։
[2] Տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, աշխատասիրութեամբ Մամբրէ վարդապետ Մէլիք-Ադամեանի եւ Ներսէս սարկաւագ Տէր-Միքայէլեանի, Վաղարշապատ, 1898 (այսուհետեւ՝ Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն), էջ 402–407; Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, աշխատասիրութեամբ Կարապետ Վարդապետ Շահնազարեանցի, Փարիզ, 1859 (այսուհետեւ՝ Սմբատ, Տարեգիրք, Փարիզ), էջ 97–98; Վենետիկ, էջ 171-173; Վահրամ Րաբունի, Ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց, աշխատասիրութեամբ Կարապետ Վարդապետ Շահնազարեանցի, Փարիզ, 1859 (կցված է Սմբատ Սպարապետի Տարեգրքի տպագրությանը), էջ 207–208; Հեթում արքայորդու 1286թ. Ճաշոցի հիշատակարանը. Ա. Մաթեւոսյան, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (ԺԳ դար), Երեւան, 1984, էջ 585; Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, աշխատասիրութեամբ Արշակ Տէր-Միքելեանի, Վաղարշապատ, 1893, էջ 133։
[3] Տե՛ս Guillaume de Tyr et ses continuateurs, texte français du XIIIe siècle, revu et annoté par M. Paulin Paris, t. 1–2, Paris, 1879–1880, t. 2, p. 209.
[4] Տե՛ս Անանուն, «Պատմութիւն սրբոց հարցն մերոց որք առ Քրիստոս փոխեցան». Լ. Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 2, Երեւան, 2007 (այսուհետեւ՝ Լ. Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 2), էջ 525։
[5] Հմմտ. Ferdinand Chalandon, Les Comnène: Études sur l’empire Byzantin aux XIe et XIIe siècles, Paris, t. I, 1900, t. II (1–2), 1912 (այսուհետեւ՝ Chalandon, Les Comnène), II, p. 446 (հայերեն թարգմանությունը՝ Լեւոն Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. Ա. Ուսումնասիրություն եւ թարգմանություններ, Երեւան, 2005 (այսուհետեւ՝ Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1), էջ 184)։
[6] Ֆ. Շալանդոնն, օրինակ, Հովհաննես կայսեր արշավանքը համարում է «կատարյալ հաջողություն», իսկ Մանուելինը՝ «նրա ամենամեծ քաղաքական հաջողություններից մեկը». Chalandon, Les Comnène, II, p. 117, 418 (հայերեն թարգմանությունը՝ Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1, էջ 163–164)։
[7] Մասնավորապես ֆրանկների հանդեպ Բյուզանդիայի որդեգրած այս ձախորդ ու վերջին հաշվով իր համար կործանարար ռազմավարության քննությանն է նվիրված հետեւյալ արժեքավոր մենագրությունը. Jonathan Harris, Byzantium and the Crusades, London-New York, 2003.
[8] Հմմտ. René Grousset, Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem, Paris, v. I, 1934; v. II, 1935, v. III, 1936 (այսուհետեւ՝ Grousset, Histoire), III, p. 197, 534–535; René Grousset, L’Empire du Levant: Histoire de la question d’Orient, Nouvelle édition revue, Paris, 1949 (այսուհետեւ՝ Grousset, L’Empire), p. 319–323.
[9] Հմմտ. Grousset, L’Empire, p. 294–295; Hans Eberhard Mayer, Geschichte der Kreuzzüge, Neunte, verbesserte und erweiterte Auflage, Stuttgart, 2000, p. 77–78.
[10] Եղիա Ներսէսեան, Կիլիկեան Հայաստանի արաբէրենով կրկնադրոշմուած դրամները, «Հայկազեան հայագիտական հանդէս», հտ. 20, Բեյրութ, 2000, էջ 155։
[11] Տե՛ս Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1, էջ 130–131։
[12] Հմմտ. Steven Runciman, A History of the Crusades, London, v. I, 1951; v. II, 1952; v. III, 1954 (այսուհետեւ՝ Runciman, A History, I, II, III), I, p. 339. Խաչակրաց բանակների կազմի, թվաքանակի եւ մարտավարության մասին մանրամասն տե՛ս Raymond C. Smail, Crusading Warfare (1097–1193), Cambridge, 1987; Christopher Marshall, Warfare in the Latin East (1192–1291), Cambridge, 1996; Anneliese Lüders, Die Kreuzzüge im Urteil Syrischer und Armenischer Quellen, Berlin, 1964, S. 31–49. Կիլիկիո եւ Խաչակրաց բանակների թվաքանակի համեմատությունը տե՛ս Բակուրան (Վահան Քյուրքճյան), Մի տեսութիւն Կիլիկիոյ հայկական իշխանութեան վրայ, Նիկոսիա, 1904 (այսուհետեւ՝ Բակուրան, Մի տեսութիւն), էջ 81։ Ըստ Է. Բաղդասարյանի՝ Կիլիկիայում, Խաչակրաց Արեւելքի օրինակով, նաեւ ասպետական միաբանություն է ստեղծվել. Էդվարդ Բաղդասարյան, Հովհաննես Երզնկացին Կիլիկիայի զինվորական կազմակերպությունների մասին, «Բանբեր Մատենադարանի», 16, Երեւան, 1994, էջ 44–55։
[13] Յովհաննէս Երզնկացի, Ի բանն Առաքելոյ, Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. Թ. 2173 (ԺԴ դ.), էջ 96ա։
[14] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (ԺԳ դար), կազմեց Ա. Ս. Մաթեւոսյան, Երեւան, 1984, էջ 233։
[15] Արիստակէս Լաստիվերտցի, Պատմութիւն, աշխատասիրությամբ Կ. Ն. Յուզբաշյանի, Երեւան, 1963, էջ 95։
[16] Հմմտ. Grousset, Histoire, III, p. XII.
[17] Հմմտ. Բակուրան, Մի տեսութիւն, էջ 157, 161։
[18] Հմմտ. Grousset, L’Empire, p. 202, 213, 314; Runciman, A History, II, p. 291, 294; J. Prawer, Histoire du royaume latin de Jérusalem, t. 1–2, Seconde édition, Paris, 1975, I, p. 505; Joshua Prawer, The Crusaders’ Kingdom: European colonialism in the Middle Ages, London, 2001, p. 356–358; Hans Eberhard Mayer, The Crusades, translated by John Gillingham, second edition, Oxford, 1990, p. 186; Jonathan Riley-Smith, The Crusades: A short history, New Haven and London, 1987, p. 50, 63.
[19] Տե՛ս Hellen Nicholson, David Nicolle, God’s Warriors: Crusaders, Saracens and the Battle for Jerusalem, Oxford-New York, 2005, p. 9.
[20] Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հտ. 1–2, Երեւան, 1957–1959, հտ. 1, էջ 112–116։ Հմմտ. նաեւ Ժ. Լորանի եւ Ժ.‑Պ. Մահեի՝ այդ խնդրին նվիրված ուշագրավ աշխատությունները. J. Laurent, L’Arménie entre Byzance et l’Islam depuis la conquête Arabe jusqu’en 886, nouvelle édition revue et mise à jour par M. Canard, Lisbonne, 1980, p. 175–191; Nina G. Garsoïan et Jean-Pierre Mahé, Des Parthes au Califat: Quatre leçons sur la formation de L’identité arménienne, Paris, 1997, p. 59–78.
[21] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Ե–ԺԲ դդ.), աշխատասիրությամբ Ա. Ս. Մաթեւոսյանի, Երեւան, 1988, էջ 162։
[22] Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, ի լոյս ընծայեաց Կ. Շահնազարեանց, հտ. 1–2, Փարիզ, 1859, հտ. 2, էջ 154։
[23] Հաւաքումն պատմութեան Վարդանայ Վարդապետի լուսաբանեալ, աշխատասիրութեամբ Հ. Ղեւոնդ Ալիշանի, Վենետիկ, 1862 (այսուհետեւ՝ Վարդան Վարդապետ, Հաւաքումն), էջ 104; Սմբատ, Տարեգիրք, Վենետիկ, էջ 114։ Տե՛ս նաեւ՝ Աւետիք Տիգրանակերտցի, Գիրք պատմութեանց որ կոչի Գաւազանագիրք, հրատ. Լ. Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 2, էջ 564։
[24] Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 206։
[25] Սմբատ, Տարեգիրք, Փարիզ, էջ 121; Վարդան Վարդապետ, Հաւաքումն, էջ 176։
[26] Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 320։ Այս առումով ուշագրավ է նաեւ Մանդալեի որդիների դեմ Փիլարտոսի ընդվզման փաստը, որի մասին տեղեկացնում է նույն ժամանակագիրը. «Եւ յայնժամ յղարկեալ առ նոսա անօրէն Փիլառտոսն եւ ասէր, եթէ՝ Զիա՞րդ համարձակեցայք զայդ գործել ընդ առն թագաւորի. եթէ թողոյք եւ եթէ ոչ, ձեզ կորուստ գործեցիք զայդ» (Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 220. նույնը՝ Սմբատ, Տարեգիրք, Փարիզ էջ 86–87)։ Սա ցույց է տալիս, որ թեեւ Փիլարտոսը հունադավան էր եւ գոնե առերես Բյուզանդական կայսեր հպատակը, բայց էությամբ լիարժեք հայ էր եւ հայոց իրավունքների ու արժանապատվության կրողն ու պաշտպանը։ Ավելի մանրամասն տե՛ս Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1, էջ 430, ծանոթ. 39։
[27] Սուրբ Երկրում հայերի վերաբնակեցման այդ ծրագրի մասին մանրամասն տե՛ս Grousset, Histoire, II, p. 602–604; Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1, էջ 279–281; Gérard Dédéyan, Un projet de colonisation arménienne dans le royaume latin de Jérusalem sous Amaury Ier (1162–1174), “Le partage du monde. Echanges et colonisation dans la Méditerranée médiévale”, Paris, 1998, p. 101–140.
[28] Այդ մասին մանրամասն տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 95, 161–163, 180–183։ Հմմտ. նաեւ՝ René Grousset, Histoire de l’Arménie des origines à 1071, Paris, 1947 (այսուհետեւ՝ Grousset, L’Arménie), p. 618–622, 630–631; Gérard Dédéyan, L’immigration arménienne en Cappadoce au XIe siècle, “Byzantion”, t. XLV, Bruxelles, 1975, p. 67–68, 91–92.
[29] «Խորհեցաւ գնալ առ Աբասլան սուլտանն Պարսից եւ տիրանալ աթոռոյ թագաւորութեան տանն Հայոց, զի բազում անգամ կոչէր զԳագիկ սուլտանն, եւ նա յաղագս քրիստոնէական հաւատոյ արգելեալ լինէր». Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 180։ Հմմտ. Dédéyan, L’immigration, p. 110–111.
[30] Տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, էջ 220։
[31] Անդ, էջ 323։
[32] Հմմտ. Grousset, Histoire, I, p. XLII, XLIII, 50, 59 (հայերեն թարգմանությունը՝ Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 1, էջ 197, 198, 202, 216)։
[33] Ի դեպ, տվյալ իրողության կարեւորությունը լիովին գիտակցվել է նաեւ միջնադարում, մասնավորապես Վահրամ Րաբունու աշխատություններից մեկում, որում գահաժառանգության օրինականությունը դիտվում է որպես պետության կայունության երեք գլխավոր գործոններից մեկը՝ թագավորի բարեպաշտության եւ իմաստուն ղեկավարության կողքին. տե՛ս Վահրամայ վարդապետի, ատենադպրի Լեւոնի արքայի՝ Բան ի Յայտնութիւն Տեառն եւ յօծումն Լեւոնի Գ. արքայի, Երուսաղէմ, 1875, էջ 53–54։
[34] «Իսկ պարոն Թորոս յետ գերութեան Ռնաղտին եկն յԱնտաք, եւ կացոյց բրինձ Անտաքու զորդի նորա զՊամուդն՝ ո՛չ կամելով մօրն». Տեառն Միխայէլի պատրիարքի ասորւոց ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1870, էջ 450։ Տե՛ս նաեւ՝ Gregorii Barhebraei Chronicon Ecclesiasticum, ed. J.-B. Abbeloos et Th. J. Lamy, t. I–III, Lovanii, 1872–1877, p. 329; Ernest A. Wallis Budge, The Chronography of Gregory Abu’l-Faraj (1225–1286), the son of Aaron, the hebrew physician, commonly known as Bar Hebraeus, v. I: English translation; v. II: Syriac texts; first published London 1932, reprinted Amsterdam 1976, p. 288.
[35] Այդ մասին մանրամասն տե՛ս Լ. Տեր‑Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. 2 «Ռայմոնդ-Ռուբեն՝ գահակից-թագավոր Հայոց (1211–1216 թթ.) եւ Անտիոքի պրինց (1216–1219 թթ.)» ենթագլխում, էջ 210–235։
[36] Հմմտ. Grousset, L’Arménie, p. 633–634.
Աղբյուրը՝ ilur.am