Բաժիններ՝

«Մի՛ սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից»

Չարախոսությունը ծանր մեղք է, որը կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել: Մարդն իրեն դժվարությամբ է զերծ պահում այս մեղքից: Ի՞նչ պետք է անի նա, ում դիտավորյալ զրպատել են՝ չարախոսել, պայքարի՞ հանուն ճշմարտության, թե՞ պատասխանի նույն կերպ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24) սկզբունքով: Եվ ինչի՞ կարող է վերածվել ճշմարտության համար մղվող այս պատերազմը: Սուրբ Գիրքն ասում է. «Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն այն, ինչ որ պետք է, ինչ որ բարի է՝ ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն Աստծու շնորհով» (Եփես. 4:29):

Չարախոսողն իրեն զրկում է Աստծու օրհնությունից: Այդ մասին է վկայում հետևյալ պատմությունը. «Երանելի Հովհաննես վանականի մոտ հյուր է գալիս հարևան վանքից մի վանական: Երանելին իր հյուրից հետաքրքրվում է, թե ինչպես են մյուս հայրերը, հատկապես այն վանականը, ով հայտնի է որպես ծույլ ու մեղավոր մեկը: «Նա ընդհանրապես չի փոխվել, հա՛յր»,- պատասխանեց հյուրը: Այս խոսքերը լսելով՝ երանելի Հովհաննեսը դատապարտեց իր եղբորը: Հետո նա տեսիլքում տեսավ խաչված Փրկչին, շտապեց դեպի Նա, որ խոնարհվի Նրա առաջ, բայց հանկարծ լսեց Փրկչի ձայնը, որ դիմելով երկու հրեշտակներին՝ ասաց. «Դուրս հանեք այս մարդուն: Նա նեռ է, որովհետև դատապարտեց իր եղբորը Իմ դատաստանից առաջ»:

Նա վախից արթնացավ ու հասկացավ, որ սարսափելի մեղք է գործել: Հիշեց, որ տեսիլքում կորցրել էր իր թիկնոցը և կռահեց, որ թիկնոցը Աստծու օրհնությունն էր, որից նա զրկվել էր:

Այդ դեպքից հետո երանելի Հովհաննեսը յոթ տարի աղոթեց, խստորեն ծոմ պահեց, որպեսզի վերականգնի իր կորցրած շնորհը»: Անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել յուրարաքանչյուր ասված բառին: Մարդը զրպարտում է իր մերձավորին՝ նրա անցյալի մասին ոչինչ չիմանալով, նաև թե ինչ կա նրա հոգում, գուցե ապագայում նա զղջա և փոխվի: Միայն Աստված, իմանալով մարդու անցյալը, նրա արժանիքներն ու մեղքերը, կարող է դատողություն անել նրա մասին: Սուրբ Գրքում կարդում ենք. «Դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա» (Մատթ. 12:36), «Ով որ իր եղբորը հիմար կոչի, ատյան պիտի բերվի, և ով որ իր եղբորն անմիտ կոչի, պիտի դատապարտվի դժոխքի կրակին» (Մատթ. 5:22):

Սովորաբար զրպարտիչ անվանում են չարին, այդ պատճառով նա, ով զրպարտում է, գործակից է դառնում չարին: Խոսքը բխում է մարդու սրտից, չար խոսքը չար սրտից է բխում, և չի կարող երջանիկ լինել չարախոսը, քանի որ անհանգիստ է իր մերձավորի հաջողություններից, նրան վնասելու ուղիներ է փնտրում, զրպարտում է նրան, բայց ի վերջո ինքն է տուժում: Նա, ով սովոր է չարախոսելու, ընդունակ չէ բարին գործելու: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարիք հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթ. 12:35): Զրպատության մեղքը սարսափելի է առաջին հերթին զրպարտողի համար, նրա հոգին զրկվում է Աստծու ներկայությունից, նա հակադրվում է Աստծու Արքայությանը, ինչպես խավարը՝ լույսին:

Զրպարտողն ինքն իրեն զրկում է նաև Աստծու շնորհից: Չմոռանանք, որ Քրիստոս Սուրբ Երրորդության երկրորդ անձն է, Լոգոսն է՝ Խոսքը: Խոսքի շնորհը մարդու մեջ աստվածային պարգև է, որ անհրաժեշտ է գործածել ուշադրությամբ ու ակնածանքով: Ցավոք սրտի, մարդն իր դատարկախոսությամբ և առավել ևս զրպարտությամբ հակադրվում է Աստծուն: Հասկանալի է, որ դժվար է լեզուն ամբողջությամբ զերծ պահել դատապարտությունից ու զրպատությունից, բայց քրիստոնյայի համար մտքի և խոսքի մաքրությունը հոգևոր կյանքի պարտադիր պահանջներից է: Չարախոսությունը մարդու սրտում բնավորում է ատելությունը՝ հեռվացնելով սիրուց, իսկ ատելությունը հոգու հիվանդություն է: Այն ոչնչացնում է անհատին, ընտանիքներն ու ազգերը: Հոգին ատելությունից բուժելու և սեր ձեռք բերելու միակ ելքը ապաշխարությունն է՝ մեղքերի թողությունը, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելը:

Նա, ով Աստծու հանդեպ երկյուղ և մաքուր սիրտ ունի, ջանում է չչարախոսել և իր համար մխիթարություն չի փնտրում ուրիշների անկման մեջ: Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Ինչպես աջակողմյան ավազակը խոստովանության մեկ խոսքով կյանք ստացավ, այնպես էլ զրպարտիչն իր մեկ խոսքով կկորցնի կյանքը: Երբ մերձավորին դատելու չար միտք գա ձեզ մոտ, անմիջապես ինքդ քեզ ասա՝ չարն է այդ միտքն առաջ բերում, որպեսզի ինձ չարացնի նրա դեմ, ում ցանկանում եմ չարախոսել, որպեսզի այդ կերպ կործանի ինձ: Եթե այդպես մտածեք, չար միտքը կհեռանա ձեզանից և դուք ձեր լեզուն հեռու կպահեք չարախոսությունից»: Սուրբը եռակի երանի է տալիս նրան, ով իր լեզուն չի վնասում ուրիշներին զրպարտելով, ով իր սիրտը չի պղծում իր լեզվով: Այնուհետև նշում է, թե ինչ է ձեռք բերում, ինչից է խուսափում և ինչով է լցվում նա, ով հեռու է պահում իրեն զրպարտությունից. «Նա, ով չունի զրպարտիչ լեզու, անխորտակելի գանձ է ձեռք բերել: Նա, ով հակված չէ ուրիշներին զրպարտելու, կխուսափի եղբայրասպանությունից: Նա, ով իր ականջներն ու լեզուն չի թունավորել զրպարտությամբ, լցված է սիրո բալասանով: Իսկապես օրհնյալ և երանելի է նա, ով իրեն զերծ է պահում զրպարտությունից»:

Հին Կտակարանում կարդում ենք, որ երբ Ահարոնն ու Մարիամը վատաբանեցին Մովսեսին, Տերը բարկացավ նրանց վրա, և Մարիամը պատժվեց բորոտությամբ (Թվեր 12:2, 10): Իսկ առակագիրը չարախոսության մասին գրել է. «Մի՛ սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից» (Առակ. 20:13), «քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, և մարդ բռնվում է իր բերանի խոսքով» (Առակ. 6:2), «Իմաստուն սիրտն ընդունում է պատվիրանները, բայց զազրախոսը պիտի կործանվի իր գայթակղող շուրթերի պատճառով» (Առակ. 10:8): «Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից» (Առակ. 21:23), և «Տիրոջ ճանապարհից զգույշ գնացողը պահպանում է իր անձը, կյանքը սիրողը զսպում է իր լեզուն» (Առակ. 16:17): Հակոբոս և Պետրոս առաքյալներն իրենց կողմից գրված ընդհանրական նամակներում գրել են. «Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց:

Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը» (Հակոբ. 4:11), «հետևաբար, դե՛ն նետեք ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն» (Ա Պետրոս 2:1): Փարիսեցիները, չարախոսելով Քրիստոսին, ընկան Սուրբ Հոգու դեմ հայհոյության մեղքի մեջ, նրանք Աստծու զորությունը վերագրեցին չարին (Մատթ. 12:22-33): Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ զրպարտության տրվողը չի գիտակցում, որ իր շուրթերից հնչած զրպարտության խոսքերը դատաստանի օրը կանգնելու են իր առաջ, փակելու են իր ուղին և դառնալու են անհաղթահարելի մի պատնեշ:

Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ զրպարտողը պատճառ է դառնում, որ Աստծու անունն արատավորվի, քանի որ Աստծու անունը փառավորվում է, երբ մարդն առաքինի կյանքով է ապրում. «Ինչպես բարի խոսքն է ծառայում որպես բարեկամության սկիզբ, այնպես էլ զրպարտությունը թշնամության, ատելության ու հազարավոր կռվի սկիզբ ու պատճառ է դառնում: Ոչինչ այնպես չի տանջում հոգին ու սիրտը, որքան ծաղրն ու զրպարտությունը: Ով վրդովմունք է հայտնում, երբ իր մասին վատ են խոսում, այդ կերպ ապացուցում է իր մասին ասվածի ճշմարտացիությունը:

Հիշեք ձեր շուրթերի արժեքը, դուք Աստծուն Հայր եք անվանում, բայց միևնույն ժամանակ անվանարկում եք ձեր եղբորը: Երբ միմյանց առջև երկու հակադիր դռներ են և ուժեղ քամի է բարձրանում, դռներից մեկը փակելով՝ միջանցիկ քամին դադարում է և կորցնում իր ուժը: Ուրեմն այստեղ երկու դուռ կա՝ քո բերանը և քեզ զրպարտողի բերանը, եթե դու փակես քո բերանը, կկործանես քամու ողջ ուժը, բայց եթե բացես, այն կդառնա անզսպելի: Նրանք, ովքեր իրենց մասին վատ խոսքեր են լսում, թող անհոգ մնան, քանի որ ուրիշի կողմից ասված վատ խոսքի համար իրենք պատասխան չեն տալու»: Ուստի լավ է ոչ մեկին չզրպարտել և հաճույքով չլսել զրպարտողին: Հակառակ դեպքում զրպարտողի հետ մեղավոր կլինի նաև լսողը, ով հավատում է զրպարտությանը:

Ըստ հայրաբանության՝  ապաշխարության մի տեսակ է չարախոսությանը համբերելը, ուստի չպետք է չարանալ զրպարտողի դեմ: Քրիստոսին և Նրա հետևորդներին ևս զրպարտեցին, Քրիստոս չէր պատասխանում զրպարտանքին, չէր վիճաբանում և Նրա հոգին չէր խռովում: Երանելի Մաքսիմ Խոստովանողը զրպարտվածին հուսահատվելու փոխարեն խորհուրդ է տալիս աղոթել. «Շատ աղոթեք զրպարտողի համար, և Աստված կբացահայտի ձեր մասին ճշմարտությունը նրան, ով վիրավորել է ձեզ»: Այսինքն՝ վաղ թե ուշ զրպարտությունը բացահայտվում է, և զրպարտության զոհը հոգեպես ուժեղանում է ու Տիրոջ կողմից պսակի արժանանում:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս