Բաժիններ՝

Ծխողների թվի նվազմանը նպաստող առաջին գործոնը հենց գնի կտրուկ բարձրացումն է. կառաջարկեի մտածել ոչ թե՝ 10, այլ՝ մի քանի անգամ 10 տոկոսը գերազանցող թվերի մասին. Հանրային առողջության մասնագետ

Առաջիկա երեք տարիների համար առաջարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։ Հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացված հարցերին՝ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին ծխախոտի ակցիզային հարկը բարձրացվել է 15 տոկոսով։

«Իսկ երբ գինն էականորեն բարձրանում է, շատ սպառողներ, բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին, սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը, ըստ հետազոտությունների, կարող է ավելի վնասակար լինել առողջության համար: Էլ չեմ ասում, որ տնայնագործական մակարդակում պատրաստված ծխախոտի արտադրանք կարող են սկսել օգտագործել»,- շեշտել է փոխնախարարը։

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ հակածխախոտային պայքարը համալիր գործողություններ է ենթադրում:

Կարդացեք նաև

«Կոմպոնենտներից մեկը գնի բարձրացումն է: Երբ ԱՄՆ-ում, Եվրոպայում ուսումնասիրել են, թե որոնք են եղել ծխողների թվի նվազման պատճառները, նպաստող առաջին գործոնը հենց գնի կտրուկ բարձրացումն է, ու այստեղ ես կառաջարկեի մտածել ոչ թե՝ 10 տոկոսի, այլ՝ մի քանի անգամ 10 տոկոսը գերազանցող թվերի մասին: Սա հատկապես օգնում է կանխարգելել դեռահասների ծխելը, որովհետև եթե ծխախոտը էժան է ու հասանելի, դեռահասների ֆինանսները թույլ են տալիս գնել, բայց, եթե անհասանելի թանկ է լինում, արդեն դա շատ օգնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում կլինեն ընտանիքներ, որտեղ հացի հաշվին գուցե ծխախոտ գնեն, Դավիթ Մելիք-Նուբարյանը նկատեց.

«Ցավոք, չենք կարող բացառել, բայց դա էլ արդեն արժեհամակարգային, մշակութային ողբերգություն է: Եթե ընտանիքն ընտրում է ծխախոտի և հիմնական ծախսերի միջև, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չենք արել, ինչ-որ միտք չենք կարողացել մարդկանց հասցնել»:

Հավելենք, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

ԱՀԿ հետազոտության համաձայն՝ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են: ԱՀԿ հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

«Բոլոր ծխող մարդիկ՝ անկախ ծխելու ոճից, ձևից, հաճախականությունից, ուզեն թե չուզեն, ծուխը ներշնչում են: Ներշնչած ծուխն ունի բարձր ջերմաստիճան և առաջին էտապում առաջացնում է թոքի, մասնավորապես՝ բրոնխի լորձաթաղանթի բորբոքում, քանի որ տաք է, օտար մարմին է: Լորձաթաղանթի բորբոքումը մի կողմից է գնում, իսկ հակառակ կողմից օրգանիզմի վերականգնումն է: Հակադարձ պրոցեսներ են, և այդ ամենը հասնում է մի էտապի, երբ վերականգնման պրոցեսի մեջ սխալ է տեղի ունենում, և դա բերում է ուռուցքածին բջիջների առաջացման, և այդտեղից սկսում է զարգանալ թոքի քաղցկեղ հասկացողությունը: Մինչ դա՝ դրսևորվում է թոքի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, այլ հիվանդությունների տեսքով, որոնք որ ծխախոտի դրսևորումն են»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս