Իվետա Մուկուչյանը երկրպագուներին նոր երգ է ներկայացրել
Իվետա Մուկուչյանն իր երկրպագուների դատին է հանձնել «Մի քիչ երկար համբուրիր» երգը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգի խոսքերի հեղինակն Իվետա Մուկուչյանն է, երաժշտությունը՝ Իվետա Մուկուչյանի և Նիկ Էգիբյանի:
Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:
Երաժշտասերների լայն շրջանակին հայտնի են Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան», «Ամենա», «Հայաստան ջան», «Անհասանելի» և մի շարք այլ ստեղծագործություններ: