Առկա է միջուկային պատերազմի վտանգը. Գագիկ Հարությունյան
Մայիսի 29-ին Ուկրաինան հրթիռով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցրել ՌԴ հարավում գտնվող երկու շրջանի ուղղությամբ, այդ մասին անմիջապես հայտնել էին ՌԴ պաշտոնյաներն ու լրատվամիջոցները։ Հարվածների հետևանքով ՌԴ Կրասնոդար քաղաքում վնասվել էին շենքեր, գնդակոծվել էր նաև Բրյանսկի շրջանը։ Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
Հայտնի էր դարձել նաև, որ մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված էր հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել էին ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի էին ունեցել մասնակի փլուզումներ: Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ կողմերը մեղադրել էին մեկը մյուսին: Փլուզման հետևանքով ջուրը հեղեղել էր բազմաթիվ տներ, կային տուժածներ:
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով հնարավոր զարգացումների մասին, ասաց, որ, ցավոք, այս հակամարտությունն աստիճանաբար ընդլայնում է մասշտաբները։
«Կախովսկի ՀԷԿ-ի ջրի մակարդակի բարձրացումն ամենասարսափելին չէ, քանի որ կան մի քանի, այսպես ասած՝ ատոմային սցենարներ, մասնավորապես՝ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումն է, որը կլինի շատ մեծ կատաստրոֆա։ Ամենավատն այն է, որ Կախովսկի ՀԷԿ-ի գործողությունը կատարվեց այն ժամանակ, երբ ռուսները բավականին հաջողություններ ունեին, իսկ եթե նման գործողություններ կատարվեն Զապորոժեի ատոմակայանում, ապա հետևանքն ավելի սարսափելի կլինի, քան եղավ Չեռնոբիլում»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ Ուկրաինայի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Զելենսկու, ոչնչացնում է ուկրաինական էթնոսը՝ այս կամ այն չափով։ Պաշտպանական մարտերի ժամանակ ռուսական կողմն ավելի քիչ զոհեր է տալիս, քան Ուկրաինան։
«Ակնհայտ է, որ Զելենսկին իրագործում է՝ պայաքարում ենք մինչև վերջին ուկրաինացին սկզբունքը։ Ստեղծված իրավիճակը ձեռնտու չէ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին, այլ միայն անգլոսաքսերին, քանի որ ինչ-որ տեղ միմյանց դեմ կռվում են եղբայր երկու ժողովուրդներ։ Այսինքն՝ կատարվում են սարսափելի գործողություններ, որոնք կարող են բերել միջուկային զարգացումների։
Սովորաբար միշտ հարգանքով ենք մոտեցել արևմտյան քաղաքական գործիչներին, համարելով, որ նրանք պրագմատիկ են, խելացի են, և այլն։ Սակայն հիմա տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենի համեմատ Բրեժնևը բավականին խելամիտ էր, այսինքն՝ տեսնում ենք, որ առաջացել է նեոլիբերալ ֆաշիզմ, այս մասին ասում են նաև ամերիկացիները։ Այս ամենը հիշեցնում է այն, ինչ նախկինում տեղի է ունեցել Սոդոմ-Գոմորում։ Իմ ամբողջ հույսն այն է, որ 2024-ի աշնանը ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքում կհաղթեն հանրապետականները, որոնք կարող են կանխել պատերազմը, քանի որ մշտապես հայտարարում են, որ դեմ են ռուս-ուկրաինական պատերազմին»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։