«Տասնյակ երկրներ տարիներով սպասում են ԵՄ մտնելուն ու այդպես էլ այնտեղ չեն հայտնվում. կոպեկներ են տալիս, որ ՀՀ-ում եվրոպական խոսքեր ասեն». Գագիկ Հարությունյան

Նախորդ շաբաթ Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճապազրույցում ասել էր, որ հնարավոր չէ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում։

«Երբ գա պահը, որ պետք է ընտրությունն անխուսափելի լինի` ԵՄ կամ ԵԱՏՄ, այդ ժամանակ կկայացվի համապատասխան որոշում։ Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցումը հնարավոր չէ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական, տնտեսական և բոլոր առումներով Հայաստանի համար շահավետ է մնալ ԵԱՏՄ-ում, քանի որ տասնյակ պետություններ տարիներով սպասում են ԵՄ մտնելու համար և այնպես էլ չեն հասնում, և այնպես չէ, որ Եվրոպայում նստած՝ սպասում են Հայաստանին։

«Դժվար է Փաշինյանի ու իր խմբակի կողմից կատարվող որևէ գործողության վերաբերյալ մեկնաբանություն տալը, որովհետև նրանց գործողություններում չկա տրամաբանություն։ Ակնհայտ է, որ առանց ԵԱՏՄ-ի մենք զրկվելու ենք բազմաթիվ հնարավորություններից, որովհետև Հայաստան եկող գումարների մեծ մասը գալիս է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։

Կարդացեք նաև

Ակնհայտ չէ՞, որ եվրոպական ուղղությամբ Հայաստանը որևէ հեռանկար չունի, կրկնում եմ՝ տասնյակ երկրներ տարիներով սպասում են ԵՄ մտնելուն ու այդպես էլ այնտեղ չեն հայտնվում, մենք մեր հույսն ինչի՞ վրա ենք դրել։ Կարող եմ ասել, որ ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններն անում է՝ ելնելով ինչ-որ հանգամանքներից, կամ դրսից ասում են՝ նա էլ կրկնում է։ Փաշինյանի ասածներն իրողությանը մոտ չեմ ընդունում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետը հիշեցրեց՝ ժամանակին, երբ ՀՀ իշխանությունը ԵԱՏՄ-ի վերաբերյալ կայացրել է որոշում՝ հաշվի է առել ՀՀ-ի շահը, հիմա այս իշխանությունների որոշումները չեն ելնում ՀՀ շահերից, որովհետև Հայաստանի տնտեսությանը ԵՄ-ն կարող է տալ ընդամենը կոպեկներ, փոխարենը՝ երկիրը կկորցնի շատ մեծ շուկա։

«Վերջերս անընդհատ այս միտքն եմ կրկնում, որ նույնիսկ լուրջ չեմ կարողանում քննադատել Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները, որովհետև դրանք որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Նրա մանիպուլացնող հայտարարությունները ներկայացվում են տարբեր առիթներով։

Տնտեսության զարգացումը ես նաև ԵԱՏՄ-ում եմ տեսնում, իսկ մնացածն ուղղակի խոսքեր են՝ կոպեկներ են տալիս, որ ՀՀ-ում եվրոպական խոսքեր ասեն։ Սա է իմ մոտեցումը»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս