«Մանվել Գրիգորյանի գործի այս դրվագով հայտնի են դարձել աղաղակող խախտումներ հայաստանյան պատմության մեջ». Պաշտպան

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը նրա մահվանից հետո ընթանում են նույն ռեժիմով՝ շաբաթը մեկ դատական նիստ։

168.am հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել նաև, այսպես ասած՝ հարկերը չվճարելու համար, իսկ քննությունն ընթացել է աղաղակող խախտումներով։

«Բազմիցս արձանագրել եմ, որ այս դրվագով հայտնի են դարձել աղաղակող խախտումներ հայաստանյան պատմության մեջ։ Երբ ըստ էության տեսնում են հարկերից չարամտորեն խուսափելու հետ կապված գործառույթներ, պարտադիր պայման է, որ այդպիսի գիտելիքներ ունեցող մասնագետը, փորձագետը դրա վերաբերյալ տա համապատասխան եզրակացություն։ Խնդիրն այն է, որ ո՛չ  նախաքննության, ո՛չ դատաքննության փուլում դրա վերաբերյալ բացակայում է փորձագետի եզրակացությունը։ Այսինքն՝ առերևույթ հիմք են ընդունել լիազոր մարմնի գրած ակտը և դրանով որոշել են, որ մեղադրանքը պետք է առաջադրեն, այսօր էլ դատարանը փորձում է այն ամրագրել իր դատական ակտով։ Ինչո՞ւ եմ այդպես ենթադրում, որովհետև դատաքննության փուլում փորձեցինք օգնել, ինքներս դիմեցինք հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետի և ստացանք մասնագիտական կարծիք։ Դրանից հետո միջնորդեցինք, որպեսզի դատարանը դատակոչի, այսպես ասած, ակտը գրող լիազոր մարմնի աշխատակցին։ Այստեղ ամեն ինչ, այսպես ասած, բացահայտվեց, այսինքն՝ պարզվեց հետևյալը, որ անձինք նախ սկսել են հետ գնալ և ուսումնասիրել 7 տարվա վաղեմության պարտավորությունները տվյալ ընկերության, ինչն օրենքի ուժով արգելված է»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Պաշտպանի խոսքով՝ այս ամենից զատ, վերցրել են ելակետային այնպիսի տվյալներ, որ դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ թերի են։ Ավելին՝ դատակոչված վկան ևս ասել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս բոլոր հարցերի ճշգրիտ պատասխանը տրվի, լինի փորձագիտական եզրակացություն։

«Այսինքն՝ անձը, ով ակտը գրել է, դատական գործընթացում ընդունել է ելակետային տվյալների առերևույթ ոչ ճիշտ վեր հանելու հանգամանքը։ Ավելին՝ արձանագրեց, որ անհրաժեշտ է, որպեսզի լրիվ օբյեկտիվ պատասխանը ստանան, անհրաժեշտ է, որ լինի փորձագետի եզրակացությունը։ Չնայած սա դատարանի սուրբ պարտականությունն էր՝ փորձագիտական որոշում կայացնել, ներգրավել փորձագետների՝ որպեսզի եզրակացություն տա այդ դրվագով, պաշտպանական կողմն արեց, իսկ դատարանը մերժեց։ Եզրակացությունս հետևյալն է, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում միտում եմ տեսնում հնարավորինս արագացված ապահովել ցուցանիշ և հանրությանը ներկայացնել, որ այս քրեական գործով տեղի են ունեցել 100 միլիոնավոր դոլարների, այսպես ասած, չարաշահումներ հարկերի մասով»,- հավելեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը պնդեց, որ որպես Մանվել Գրիգորյանի ընտանիքի պաշտպան, բազմիցս ասել է՝ եթե անձինք կատարել են մի արարք, որը քրեորեն հետապնդելի է, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն նման աղաղակող խախտումներո՞վ՝  դնում են նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը (հարկերից չարամտորեն խուսափելը), բայց դրա տակ բացարձակ չկա հատուկ գիտելիք ունեցող մասնագետի եզրակացություն։

«Ակտը գրող անձը գալիս ու ասում է, որ՝ այո, անհրաժեշտություն ենք տեսնում, որպեսզի փորձագիտական եզրակացություն լինի, որովհետև միայն դրանից հետո կարելի է արդարադատություն իրականացնել, սակայն պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվում է։ Սա համարում եմ անթույլատրելի, դրանից բխող իրավական հետևանքների պատասխանատուն դատարանն է»,- շեշտեց պաշտպանը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի քրեական գործով ՄԻԵԴ-ում  ունեն 2-3 դիմում, հետևաբար՝ դատական գործընթացը լինելու է շարունակական, և դրա գնահատականը պետք է տա ՄԻԵԴ-ը։

«Վերջին հաշվով ինձ հետաքրքիր է՝ ուզում են արդարադատությո՞ւն, թե՞ ցուցանիշների ապահովագրում։ Որպես իրավապաշտպան՝ ինքս կողմ եմ արդարադատությանը, որը, ցավոք, ես չեմ տեսնում այս դատական գործընթացում։

Հիշեցման կարգով ասեմ, որ Մանվել Գրիգորյանի մահվանից հետո օրենքի ուժով գործը պետք է կարճվեր, սակայն ցանկանալով, որպեսզի տեղի ունենա արդարադատություն, թույլ չեն տվել, որ գործը կարճվի։ Ակնկալում ենք, որպեսզի լինի արդար դատաքննություն»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր հատկապես Արցախը հանձնելու մասին լուրը ստանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):

Տեսանյութեր

Լրահոս