
«Հայաստանի սահմանին կան կրակոցներ, որոնք Հայաստանի ուղղությամբ չեն». Սուրեն Պապիկյան
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ակնկալելով պատասխան ստանալ Սյունիքում սահմանին տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը նաև ասաց, որ ստացել է տեսանյութեր, որոնք արձանագրել են սահմանին Ադրբեջանի կողմից կրակոցները։
Պատասխանելով հարցին՝ Սուրեն Պապիկյանն ասաց.
«Երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ և՛ գրառումներից, և՛ նաև տեսանյութերն եմ դիտել։ Դրանով պայմանավորված՝ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չէ, բնականաբար, դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում։
Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ուշիուշով հետևում է ամենին, և դրա լուծման տարբերակը, կարծում ենք, դիվանագիտական ճանապարհն է, և հարցի կարգավորումն այդ կերպ ենք պատկերացնում ու իրականացնում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում